Մարդ կարող է ուժեղ լինել, միայն եթե ճանաչում եւ մեծարում է իր արմատները. Ազնավուրը՝ հաղթանակի ու պարտության, կյանքի ու մահվան մասին

0
132

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Արմենպրես»-ն առանձնացրել է հարցազրույցներում Հայաստանի ազգային հերոսի խոսուն մտքերը:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել:

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ կարող է ուժեղ լինել, միայն եթե ճանաչում եւ մեծարում է իր արմատները:

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին:

Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը:

Մահն ինձ չի վախեցնում: Ծնված օրվանից գիտեմ, որ դա տեղի է ունենալու: Չեմ վախենում, սակայն միաժամանակ չեմ ցանկանում մահանալ:

Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան:

Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ, երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ:

Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են հետևել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան:

Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

http://armenpress.am/arm/news/949253/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here