«Միջին Արեւելքի Դատարկուող Հայ Գաղութն Ու Դրա Դէմ Պայքարող Լիբանանահայ Գործիչների Առաջնահերթութիւնը` Հայաստան» Յակոբ Բագրատունի

0
2000

Ստորեւ կը ներկայացնենք Քանատայի մեր պաշտօնակից «Նորանոր» թերթին հարցազրոյցը ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի հետ:

Քանատա տեղափոխուող հայերի թիւն օրէցօր աճում է, ու ոչ միայն Հայաստանից գաղթածների, այլեւ` սիրիահայերի, ինչո՞ւ ոչ, նաեւ Միջին Արեւելքի այլ գաղութներից եկածների հաշուին: Իրավիճակը մտահոգող է այնպիսի գաղութի համար, ինչպիսին է Միջին Արեւելքի համայնքը` իր աշխարհագրական դիրքի ազդեցութեամբ, հարիւրամեակի ընթացքում ձեւաւորուած աւանդոյթներով ու ստեղծած հարուստ ժառանգութեամբ: Այս ամէնն այսօր գոյութեան լուրջ խնդրի առջեւ է գտնւում:

Լիբանանահայ պատգամաւոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի քաղաքական կեանքում ազդեցիկ դեր ունեցող գործիչ Յակոբ Բագրատունին «Նորանոր»-ին հետ զրոյցում անդրադարձել է Միջին Արեւելքի հայ համայնքի խնդիրներին:

ՆՈՐԱՆՈՐ.- Պարո՛ն Բագրատունի, ի՞նչ մարտահրաւէրների առջեւ է գտնւում Միջին Արեւելքի հայ գաղութը: Ինչպիսի՞ ռիսքեր էք տեսնում այսօր, երբ Թուրքիան փորձում է թուրքական արհեստական գաղութներ հիմնել տարբեր երկրներում, իսկ Միջին Արեւելքը կորցնում է իր հարիւրամեայ համայնքը:

ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ.- Բնականաբար կարելի չէ ըսել, որ Միջին Արեւելքի հայութիւնը չի ազդւում Միջին Արեւելքը տագնապեցնող զանազան խնդիրներից, աւելի վաղ Իրանի դէպքերը, Սիրիայում, Իրաքում կատարուած իրադարձութիւնները, շատ աւելի հին ժամանակներում Եգիպտոսում եղած դէպքերը, հիմա էլ Սիրիայի տագնապը բնական պատճառներ էին, որոնց հետեւանքով տուեալ վայրերում բնակող հայերը արտագաղթեցին այս երկրներից: Դժբախտաբար, անցնող ժամանակներում, երբ տակաւին մեր հայրենիքն անկախ չէր, ներգաղթի հսկայ հոսքն ուղղուած էր դէպի Արեւմուտք: Հիմա որ մենք ունինք մեր Հայաստանը, մեր առաջնահերթութիւնն է, որ եթէ ամէն պարագայի հայ մարդը պիտի ձգէ իր միջինարեւելեան գաղութը, անպայման պէտք է ուղղուի դէպի Հայաստան, բայց դժբախտաբար դա էլ չիրականացաւ ըստ արժանւոյն: Սիրիահայերի որոշ մասը միայն Հայաստան ուղղուեց, դժբախտաբար նաեւ ոմանք Հայաստանից էլ արտագաղթեցին դէպի Արեւմուտք` օգտուելով հայաստանեան քաղաքացիութիւն ստացած լինելու ընձեռած կարելիութիւնից:

Ինձ համար Միջին Արեւելքը մնում է հիմնական տարածաշրջան` իբրեւ Թուրքիայի սահմանամերձ շրջան, եւ ամէն ջանք պէտք է թափել, որ հայութիւնը Թուրքիայի սահմանամերձ շրջաններից չհեռանայ: Թուրքիան Օսմանեան կայսրութեան օրերին եւ այնուհետեւ տարբեր բանակցութիւնների կամ դաշինքների ընթացքում փորձեց հայութիւնը դուրս բերել իր սահմանամերձ շրջաններից, լինի դա Սիրիայի կամ այլ շրջանի մէջ. այդ մէկը այսօր բնական ընթացքով միջինարեւելեան տագնապի ընթացքում իրականանում է: Անհրաժեշտ է, որ իւրաքանչիւր շրջանի պատասխանատու` ազգային վարչութիւններ, կուսակցութիւններ, ինչո՞ւ չէ, նաեւ Հայաստանում աշխատանք տանեն, որ այս գաղութները շարունակեն մնալ, վնասազերծել առաւելագոյն չափով այդ գաղութները` օժանդակութիւն տրամադրելով, հայը այդ շրջանում պահելով:

Այս դէպքերը կարող են հանդարտուել եւ անպայման հանդարտուելու են, որեւէ հայութեան զանգուած մնալու է այս երկրներում, հետեւաբար անհրաժեշտ է, որ ճիգ չխնայեն, որպէսզի մնան կազմակերպուած, մնան բարօր, որովհետեւ այդ համայնքների գոյութիւնը նպաստելու է սփիւռքահայութեան հզօրացման, նպաստելու է Հայաստանի հայութեան հզօրացման:

Ն.-  Դա նաեւ յօգուտ Հայկական հարցի, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ այլ գործընթացների՞ է միջազգային ասպարէզում: Այդ իմաստով, ինչպէ՞ս էք գնահատում մեր դիրքերը, եւ դրանց թուլացումը ինչի՞ կը յանգեցնի:

Յ. Բ.- Միջինարեւելեան գաղութներն այն գաղութներն են, ուր հայապահպանումը մեծ տոկոս է կազմում, հայապահպանման մարտահրաւէրները եթէ համեմատենք, Միջին Արեւելքի գաղութներում հայը հայ մնալու հնարաւորութիւնները շատ աւելի մեծ են, քան` արեւմտեան գաղութներում: Ես չեմ խօսում հայերէնով արտայայտուելու կամ լաւ հայոց պատմութիւն իմանալու մասին, այլ` համախումբ հայութիւն ապրելու, աշխարհագրական տարածքի փոքր լինելը, գաղութային կեանքի աշխուժ լինելը: Սրանք նախադրեալներ են, որոնք օգտակար են հայապահպանման իմաստով, երբ որ հայապահպան այդ գաղութները շարունակում են գոյատեւել, սա նշանակում է, որ Հայ դատի ըմբռնողութիւնը, Հայաստանի հետ կապուածութիւնը շատ աւելի զօրաւոր է մնում` անկախ նրանից, որ արեւմտեան գաղութներում` Ամերիկա կամ Քանատա, շարունակւում է ազգային, հասարակական, մշակութային գործունէութիւնը, բայց, միջին հաշուով, միջինարեւելեան գաղութները սահմանամերձ են Թուրքիային եւ Հայաստանին մօտ են, այս նախադրեալը շատ անհրաժեշտ է, որ նկատի ունենանք: Երկրորդը համախումբ ապրելու իրողութիւնն է, այսինքն երբ խօսում ենք, օրինակ, Լիբանանի մասին, որ 10452 քառակուսի քմ է, հոն 120.000 հայութիւն է ապրում, տարբեր համեմատութիւններ կան, երբ խօսում ենք Միացեալ Նահանգների հսկայական տարածքի մասին, ուր հայութեան թիւը կարող է 1 կամ 1,5 միլիոն լինել, սակայն, խտութեան իմաստով, այնքան հեռու են միմեանցից, որ հաւաքական կեանքը հնարաւոր չէ ապրեցնել:

Բնական է, որ արեւմտեան միջավայրի մէջ Հայ դատի դիւանագիտական գործունէութիւնը առաւել տեղ ունի, մեր գործընկերները արեւմտեան աշխարհի մէջ շատ աւելի լայն կարելիութիւններ ունեն, ինչ վերաբերում է Հայ դատի, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման: Միջին Արեւելքի երկրներում` արաբական, իսլամական  աշխարհում, հայութեան գոյութիւնը Հայ դատի օգտակարութեան իմաստով տարբեր բնոյթ ունի, խիտ շարքերը, կազմակերպուած լինելը, մարդուժ ունենալը, հայապահպանման ուժը, հայը հայ պահելու պայքարը, ինչպէս նաեւ անմիջական կերպով Թուրքիային սահմանամերձ լինելը առաւելութիւններ են: Այդ մարդկային դրամագլուխներին, առանց որին, թէկուզ եւ հակաքարոզչութիւն կարողանայ անել Արեւմուտքին, թէկուզ եթէ Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքն անենք, առանց Միջին Արեւելքի հայ գաղութների` արգասաւոր չի լինի: Ես կարծում եմ, թէ հսկայական զօրաւոր երկար շղթայի տարբեր օղակներն ենք Արեւմուտքը, Միջին Արեւելքը, եւ դրան ամենամեծ զօրաւոր ագուցող օղակն էլ Հայաստանն ու Արցախն են:

Ն.-  Այդ ուղղութեամբ ի՞նչ անելիքներ էք տեսնում: Որպէս հայ պատգամաւոր` ունէ՞ք կամ տեսնո՞ւմ էք առաջիկայ տարիների համար այն ծրագրերը, որոնք կը նպաստեն գաղութի ամրապնդման:

Յ. Բ.- Անկախ ամէնօրեայ աշխատանքներից, որ կատարւում է, որը մեզ համար այլեւս ամէնօրեայ կեանք է` դպրոց, ակումբ, եկեղեցի եւ այլն, մենք եւ մեր կուսակցութիւնն օրինակի համար, երկու տարի արդէն հիմնադրամներ հաստատած ենք, հայ երիտասարդը երբ հայ աղջկայ հետ է ամուսնանում, եկեղեցական պսակի ծախսերը, երեխայի մկրտութեան ծախսերն ենք վճարում, երբ երրորդ զաւակն է ունենում, 2000 տոլար ենք նուիրում, կրթական ֆոնտ հաստատեցինք, որ հայկական վարժարաններից իւրաքանչիւր շրջանաւարտ, որ Լիբանանում համալսարան է գնում, կրթական գումար է ստանում: Կայ նաեւ այն, ինչ որ կատարում ենք ընկերային իմաստով. գիտէք, Լիբանանում պետական միջոցները այնքան լայն չեն, եւ մենք պարտաւորուած ենք զգում ընկերային ծառայութիւն կատարել, հիւանդանոցային ծախսերին մասնակցենք, տան վարձերը վճարենք, անապահով ընտանիքներին օգտակար լինենք, որպէսզի հայը մնայ Լիբանանում, բայց այն պարագայում, երբ հայը որոշում է գաղթել, մեզ համար կարմիր գիծ է, որ նա ներգաղթի Հայաստան:

Ն.- Ինչպիսի՞ հեռանկար էք տեսնում` եղածը պահպանելու ջանքե՞ր, թէ՞ զարգացման ծրագրեր:

Յ. Բ.-  Բնական է, որ գործն սկսւում է եղածը պահելով, եւ եղածի վրայ աւելացնելով: Ինչքան կարող ենք, նոր ներդրումներ կատարենք, նիւթական իմաստով յաւելեալ ներդրումներ յատկացնենք: Լիբանանում համայնքը պետականօրէն ճանաչուած համայնք է, Լիբանանի քաղաքական վիճակն այնպիսին է, Սահմանադրութիւնն այնպիսին է, որ համայնքային իրաւունքներ գոյութիւն ունեն, լինի պետութեան առաջին կարգի պաշտօնեաների մօտ, լինի բանակի մէջ, լինի դիւանագիտական մարմինների մէջ, լինի կառավարութեան կազմի, խորհրդարանի մէջ: Լիբանանում ՀՅԴ-ն, անկախ գաղութ լինելուց, նաեւ քաղաքական ներկայութիւն է: Շատ կարեւոր է թէ՛ Միջին Արեւելքի համար, թէ՛ նաեւ Հայաստանի եւ Արցախի  համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here