Հայաստանը՝ Արշաւների Նոր Հանգրուան. «Էլ.Էյ. Թայմզ»

0
299

«Էլ.Էյ. Թայմզ»ի թղթակից, հայազգի Ռալֆ Վարդապետեանն իր յօդուածում անդրադարձել է Հայաստանի տուրիստական ներուժին արշաւների սիրահարների համար:

«Իմ որդու՝ Մարկի հետ արդէն մի քանի ժամ դժուարութեամբ քայլում էինք ձեան հաստ շերտի միջով, եւ երբ քամին յաղթահարելով՝ հասանք բլրի գագաթին, ապա 8մ.ից աւելին մառախուղի միջից չէր երեւում: Մեր առջեւում էլ այն հրաբխային գագաթն ու ժայռերն էին, որոնց ուզում էինք հասնել, սակայն, Հայաստանի կովկասեան լեռների բարձր գագաթներից մէկին կանգնած՝ հպարտ էինք, որ այդքան հեռու էինք հասել», գրում է Ռալֆ Վարդապետեանը:

Նրա խօսքով՝ նախկին ՀՍՍՀն, ոչ ոք չէր համարում լեռնագնացութեան վայր: Սակայն, անկախութեան մօտ տասնամեակում ուժեղացող ժողովրդավարական կառավարութեան շնորհիւ, Հայաստանը դարձել է լեռնագնացութեան հետաքրքրաշարժ եւ ապահով վայր: Հեղինակը պատմում է, որ լեռնագնացութեան ընթացքում մի քանի օրում հանդիպել է լեռնագնացների՝ Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից, Բելգիայից եւ Աւստրալիայից:

Վարդապետեանը Դիլիջանի ազգային պարկը համեմատում է ԱՄՆի «Գրէյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկի հետ, Արագածը՝ Սիեռա Նեվադայի բարձրադիր լեռների հետ՝ իր զառիվայրերով եւ ձիւնածածկ գագաթներով: Հեղինակը գրում է, որ Սեւանայ լիճը երկու անգամ աւելի մեծ եւ 300մ. աւելի բարձր է Թահօ լճից, եւ չնայած որ նոյնքան զուլալ չեն Սեւանի ջրերը, սակայն շրջակայքը զերծ է մեքենաների խիտ հոսքից եւ կողք կողքի կառուցուած բազմաթիւ առանձնատներից:

Վարդապետեանը նաեւ գրում է, որ լեռնագնացութեան ընթացքում հնարաւոր է այցելել բազմաթիւ հնամենի տաճարներ եւ աշխարհի հնագոյն քրիստոնէական եկեղեցիներ: Սակայն կը լինեն նաեւ մարտահրաւէրներ, ինչպէս օրինակ՝ անկանխատեսելի եղանակը, լեռնային չընդգծուած ճանապարհները, անծանօթ բնութիւնը, տոպոգրաֆիկ (տարածքի վերաբերող տեղեկագրութիւն-Խմբ.) քարտէզների հայերէն լեզուն եւ, ի հարկ է, Հայաստան հասնելու երկարատեւ թռիչքը:

«Բայց երկիրը փոխհատուցում է նրանց, ովքեր պատրաստակամ են յաղթահարել այդ բոլոր խոչընդոտները», գրում է Վարդապետեանը: «Ես վաղուց էի պատճառ փնտռում, որպէսզի այցելեմ Հայաստան: Դիթրոյիթում մանկութեանս տարիներին հայրս յաճախ էր պատմում, որ 20րդ դարի սկզբին մեծացել է Կովկասի լեռներում»:

Նա որդու հետ մէկ շաբաթ ունէր Հայաստանում անցկացնելու համար, որի ընթացքում քայլել են Երեւանով, այցելել են Սեւանավանք, Դիլիջանի ազգային պարկ, Գօշ լիճ, որը Տրանսկովկասեան արահետի (TCT) մաս է կազմում:

Նշւում է, որ TCT-ն, ի վերջոյ, կը ձգուի Վրաստանից մինչեւ Հայաստան եւ աւելի՝ միացնելով գոյութիւն ունեցող եւ յետագայ ազգային պարկերը: Վարդապետեանները այցելել են Ջուխտակ վանք, սակայն նրանց հիմնական թիրախն Արագած լեռն էր: Երկար ուսումնասիրութիւններից յետոյ Հայաստան գալով՝ ի վերջոյ ամէն ինչ տեղն է ընկել. Քարի լճի մօտ վրանում գիշերելով՝ նրանք հանդիպել են բելգիացի լեռնագնացների, ում ուղեկցում էր Նուէր Աւետիսեան անունով լեռնագնացութեան ուղեկցորդը: Եղանակային բարդ պայմանների եւ առատ ձեան պատճառով՝ նրանք որոշել են մագլցել Արագածի հարաւային կողմը եւ չեն փոշմանել:

«Մեր լեռնագնացութեան ընթացքում շատ փոքր մասն ենք հասցրել տեսնել այն ամէնից, ինչ Հայաստանի 4 ազգային պարկերը կարող էին մեր առջեւ բացայայտել Գուցէ մի օր կրկին կը փորձեմ բարձրանալ Արագածը հիւսիսից՝ իմանալով, որ դրա համար աւելի շատ ժամանակ կը պահանջուի», գրում է Ռալֆ Վարդապետեանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here