Վայոց ձորում տեղի կունենա բացառիկ հարսանիք՝ ծիսական ավանդույթներով

0
441

Վայոց ձորի մարզի պատմամշակութային վայրերում հոկտեմբերի 27-ին տեղի կունենա բացառիկ մի իրադարձություն, որը աննախադեպ է ոչ միայն մտահղացմամբ և իրականացման ձևով, այլև հայրենաճանաչման նպատակներով:

Խոսքը Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունու հարսանյաց արարողության մասին է, որը անցկացվելու է Վայոց ձորի ամֆիթատրոնում՝  բացօթյա պայմաններում՝ հայրենակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ: Նախաձեռնությունը երիտասարդ զույգինն է: Նանե Բագրատունու և Վարազդատ Իգիթյանի միության դաշինքը հաստատող միջոցառումների ծիսական մասը տեղի կունենա Արատես բնակավայրում: Այնտեղ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրական կենտրոնն է գործում, որտեղ 1988 թվականին, երբ Դպրոց բնության գրկում-ը նոր էր հիմնադրվում, տնօրեն է նշանակվել  Նանեի հայրը: Նախկին  ադրբեջանաբնակ, իսկ 1988 թվականից արդեն խաղաղ ճանապարհով ադրբեջանցիներից ազատված գյուղի հետ կապված Նանեն իր խորը հույզերն ու հուշերն ունի.

«Ես դեռ շատ փոքր էի: Մի օր մեր տանը ադրբեջանցի փոքրիկ աղջկա կոշիկ գտա: Մեկն էր միայն: Այդ տարիքում ինձ սկսեցին հուզել մտքերը, թե արդյոք ո՞վ է եղել տիրուհին, արդյոք նա գիտի՞, որ կոշիկն այստեղ է մնացել ու էլի շատ բաներ: Սրանք իմ համերաշխության խոհերն էին, աշխարհընկալման առաջին դասերը: Արատեսն ինձ համար հայրենաճանաչության ձևավորման համար լուրջ դարբնոց է եղել և մնում մինչ օրս»:

Հարսանիքի մշակութային հիմքերն ավելի են խորանում, երբ բացահայտվում են նախապատրաստման ընթացքն ու մասնակիցները: Հարսանեկան արարողակարգին անհրաժեշտ բոլոր իրերն ու հարակից պարագաները ձևավորվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տեխնոլոգիայի, ձեռքի աշխատանքի մասնագետ ուսուցիչների և սովորողների կողմից, ովքեր օրերով Արատեսյան դպրանոցում աշխատում են ու ստեղծում հետաքրքիր, բնության հետ ներդաշնակ նմուշներ՝ օգտագործելով բնակավայրի շռայլ բնության բարիքները:

Հարսանեկան արարողության մասին խոսելիս Նանե Բագրատունին նշում է. «Սա իրական կրթամշակութային նախաձեռնություն է, որ մասնավոր հարսանիքը կարող է դարձնել հայրենագիտական ձեռքբերում: Ես ցանկանում եմ մասնավոր այս միջոցառումը ծառայեցնել Վայոց ձորի ռեսուրսների, պատմության ու իրական արժեքի տարածմանը, որ դրսում ևս մարդիկ լսելով Վայոց ձորի մասին, իմանան իրական արժեքը, որ գան հնէաբանների, պատմաբանների ու արվեստագետների խմբեր: Մեր հարսանիքի վայրը՝ ամֆիթատրոնը, Մոմիկի անվան պուրակում է: Սա ևս արվեստի, մշակույթի հետ կապվելու, մարզի մշակույթը հանրայնացնելու լավ տարբերակ է»:

Հարսանիքի բացառիկությունը նաև այն է, որ այն տեղի է ունենալու ծիսական բոլոր կանոններին համապատասխան: Նորապսակներն ինչպես ամիսներ առաջ տեղի ունեցած նշանադրության, այնպես էլ հարսանիքի համար նախընտրել են ժամանակակից ու ավանդական, ազգային ոճերի համադրությամբ հագուստ: Այն զարդարված է լինելու Մոմիկ ճարտարապետի ստեղծած նախշի մի դրվագով, որը բարօրության ու պտղաբերության խորհուրդն ունի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here