Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հրայր Ճէպէճեանին

0
175

Հոկտեմբերի 26-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս Հրայր Ճէպէճեանին:

Ողջունելով հյուրին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհավորեց նրան նոր գրքի լույսընծայման առթիվ և բարձր գնահատեց այն գործունեությունը, որը Հրայր Ճէպէճեանը կատարում է սփյուռքում:

«Իմ աշխատանքային գործունեության բերումով ճամփորդելով աշխարհով, ուսումնասիրելով համայնքների խնդիրներն ու հայ մարդուն՝ անդրադարձել եմ հայկական իրողություններին, տեսել եմ սփյուռքի կյանքը և իմ երկրորդ գիրքը այդպես էլ վերնագրել եմ՝ «Սփյուռքահայ կյանքեր, ինչպես որ տեսա»: Այն ընդգրկում է 2011-2017 թվականներին գրած հոդվածներս»,-նշեց հյուրն ու նախարարին նվիրեց իր հեղինակած գիրքը:

Խոսելով սփյուռքում հայապահպանության մասին՝ հրապարակախոսն ընդգծեց, որ նահանջ կա հայկականությունից, սակայն վիճակը վատթարագույնը չէ, և համառ աշխատանքով հնարավոր է հայկական սփյուռքի ապագան ավելի լավը դարձնել: «Ես հաճախ եմ խոսում սփյուռքի երիտասարդների քաղաքական ինքնության մասին, երբ նրանք իրենց հարց են տալիս՝ ով են իրենք, ինչ է նշանակում հայ լինել, որն է իրենց Հայաստան երկիրը: Եվ նրանք ցանկանում են իրենց պատկերացումները կամրջել իրականության հետ և տեսնել Հայաստանը»,-շեշտեց Հրայր Ճէպէճեանը:

Համաձայնելով հյուրի հնչեցրած կարծիքներին՝ Մխիթար Հայրապետյանը խոսեց  սփյուռքի կյանքում Հայաստանի դերակատարության մասին՝ որպես կենտրոնական պետություն և անկախ պետականություն: «Սփյուռքում հայապահպանության գործընթացն առավել արդյունավետ կլինի, եթե հայրենիքը լինի ուժեղ, Հայաստան պետությունը դառնա հպարտություն սփյուռքի նույնիսկ մեր այն հայրենակիցների համար, ովքեր այստեղ չեն էլ եղել: Այսօր սփյուռքում ամենուր է նահանջը, և նաև նման գաղափարներով մենք պետք է առաջ շարժվենք»,-ամփոփեց նախարարի պաշտոնակատարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here