Տեղի ունեցավ Հրայր Ճէպէճեանի «Սփիւյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը

0
388

Հոկտեմբերի 26-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս Հրայր Ճէպէճեանի «Սփիւյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը:

 

Ներկաներին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը: «Հրայր Ճէպէճեան գործիչը ներկայանում է սփյուռքում և Հայաստանում որպես հայրենասեր հայ, Հայ դատի և պահանջատիրության համար պայքարող, քրիստոնեական սկզբունքերը որպես ճշմարտություն դավանող մարդ, լայնախոհ աստվածաբան, Աստվածաշնչի խորը գիտակ ու մարդասեր: Պարո՛ն Ճէպէճեան, Դուք պատվելի ներկայություն եք Հայաստանում՝ Ձեր հայրենիքում»,-ասվում էր նախարարի պաշտոնակատարի խոսքում:

 

Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը ընդգծեց գրքի հրապարակախոսական արժեքը և գիրքը համարեց 5 մայրցամաքներում ապրող հայ մարդկանց մտորումների ու ապրումների, մարդկային դիմանկարների ու կենսագրությունների հարուստ շտեմարան:  Սուրեն Դանիելյանը բարձր գնահատեց նաև գրքում հայապահպանությանն ուղղված պատգամների, ազգային, հոգևոր, համամարդկային մտորումների առկայությունը:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան  Էդիկ Մինասյանը «Սփիւյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գիրքը համարեց հայի գոյապայքարի աշխատություն, որտեղ բյուրեղանում են սփյուռքահայերի հոգեկերտվածքը, ապրումներն ու մտքերը, նշմարվում է նաև պատմական անցյալի պահանջատիրության գաղափարը: «Հեղինակը պարզ ու անմիջական լեզվով խոսում է հայի հետ, և մենք կարդում ենք երկու հայի անկեղծ երկխոսությունը»,-նշեց Էդիկ Մինասյանը:

 

Հայ Ավետարանչական Ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը գիրքը ներկայացրեց այնտեղ նկարագրված հայերից մի քանիսի պատմությունները վերլուծելով: «Գրքում այնպես են դիմանկարները ներկայացված, կարծես պատկերասրահի մի սրահից անցնում ես մյուսը»,-ընդգծեց բանախոսը:

 

Գրքի վերաբերյալ ելույթներ ունեցան նաև ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը,  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և այլք:

 

Շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարությանը՝ հեղինակ Հրայր Ճէպէճեանը նշեց, որ ցանկացել է իր այս երկրորդ գրքով ներկայացնել հային իր առօրյա կյանքի ու գոյապայքարի մեջ: «Լինելով բազմաթիվ երկրներում՝ ես տեսա, թե մեր սփյուռքն ինչքան բազմերանգ է: Հայ ենք, բայց տարբերություններ կան: Սփյուռքում այսօր հայապահպանումի պատերազմ է: Յուրաքանչյուր հայ համայնք մի «ճակատամարտի» մեջ է: Պիտի շարունակենք պատերազմն ու պիտի հաղթենք»,-նշեց հեղինակը:

 

Շնորհանդեսն իր օրհնության խոսքով ամփոփեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here