«ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՀԵՏ

0
2234

Յեղափոխականութեան Էջը Պէտք Է Փակել Եւ Գնալ Երկրի Զարգացման

ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային (վարկանշ-ային-Խմբ.) ընտրակարգով առաջադրուելու է կա՛մ Երեւանում կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման», tert.am-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

Ընտրութիւններում յաջողութեան հասնելու դէպքում ՀՅԴ անդամը չի բացառում համագործակցութիւնը ՔՊի, ՀՀԿի կամ այլ ուժերի հետ. «Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթէ ՔՊն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է եւ ճիշդ է, մենք համագործակցելու ենք ՔՊի հետ, եթէ խնդիր է դնում ՀՀԿն, ԲՀԿն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում»:

 

«ԹԵՐԹ».- Դեկտեմբերի 9ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին դուք ռէյտինգային ընտրակարգով առաջադրուելո՞ւ էք, եթէ այո, ապա որ ընտրատարածքում:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ամենայն հաւանականութեամբ կ՛առաջադրուեմ, իսկ ընտրատարածքի մասով դեռ կամուկացի մէջ եմ:

 

«ԹԵՐԹ».- Դուք մօտ մէկ տարի Շիրակի մարզպետի պաշտօնում էք եղել, Շիրակի մարզն ընդգրկող, թէ՞ այլ ընտրատարածքում կարող է առաջադրուէք:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ես գրանցւած եմ եւ ապրում եմ Երեւանում: Շիրակում եղել եմ մէկ տարի, բայց բաւականին դրական հետք եմ թողել: Այնպէս որ, երկու այլընտրանքն էլ կայ՝ կամ Շիրակում կամ Երեւանում: Կուսակցութեան հետ պէտք է քննարկենք հարցը եւ վերջնական որոշում կայացնենք:

 

«ԹԵՐԹ».- Շիրակի մարզում պայքարը բաւականին թէժ է. այդ պատճառո՞վ է, որ հնարաւոր է Շիրակում չառաջադրուէք:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ոչ, կուսակցութեան նպատակայարմարութեան խնդիրն է: Կարծում եմ՝ Երեւանում շատ աւելի թէժ է լինելու: Ես գրանցուած եմ Արաբկիրում, այսինքն, եթէ Երեւանում առաջադրւեմ, ապա Արաբկիր-Դաւթաշէն-Աջափնեակ ընտրատարածքում:

 

«ԹԵՐԹ».- Ընդհանրապէս, ընտրութիւններում Ձեր անհատական եւ կուսակցութեան շանսերն ինչպէ՞ս էք գնահատում:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Դրական: Մենք ունենք մեր յստակ դիրքորոշումը, մեր սկզբունքները եւ կարող ենք լինել իրական այլընտրանք՝ հանդէս գալով ազգային արժէքների պահպանման եւ սոցիալական արդարութեան միջեւ:

 

«ԹԵՐԹ».- Կարծո՞ւմ էք, որ ՀՅԴն խորհրդարանում նւազագոյնը ներկայացուած 3 ուժերից մէկն է լինելու:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ընտրութիւններից առաջ կանխատեսում անելը ճիշդ չէ, բայց, իհարկէ, այդպէս եմ կարծում: Ես լիայոյս եմ, վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք, մենք աջակցել ենք յեղափոխութեանը, մեր խնդիրն ուղղակի յետյեղափոխական զարգացումն է: Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման: Մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր (վտանգներ-Խմբ.) թէ երկրի զարգացման ուղղութեամբ թէ սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնում, մասնաւորապէս, այդ 100 հազար հոգուն դուրս թողնելը հանրային հատուածից, 800 հազար հոգուն «բեռ» կոչելը: Վտանգներ ենք տեսնում նաեւ արտաքին քաղաքականութիւնում եւ այստեղ մենք ունենք մեր մօտեցումները ու պատկերացումները:

 

«ԹԵՐԹ».- Վարչապետի խորհրդականի՝ 100 աշխատակիցներին պետական ապարատից (մեքենայէն-Խմբ.) կրճատելու եւ Նիկոլ Փաշինեանի՝ «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու» յայտարարութիւնների մասի՞ն է խօսքը:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Այո, պետութիւնը չի կարող այդպէս անել: Այսինքն՝ պետութիւնը պէտք է պատասխանատու լինի բոլորի նկատմամբ:

 

«ԹԵՐԹ».- Ներկայիս իշխանութեան ներկայացուցիչները յայտարարում են, որ պետական ապարատն ուռճացուած է, պէտք է օպտիմալացում  լինի (առաւել բարենպաստ դարձնել-Խմբ.) եւ պետական ծառայողները մասնաւոր սեկտորում տեղաւորուեն:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Նախ պէտք է այլընտրանք ստեղծել այդ մարդու համար: Եթէ դու իր համար այլընտրանք չես ստեղծում, նրան ուղղակի շպրտում ես դուրս: Իսկ հաշուի առնելով մեր ազգի մոբիլութիւնը, այդ մարդն իր տունը կը վաճառի, ճամպրուկը կը հաւաքի եւ երկրից կը գնայ: Առանց այդ էլ դեմոգրաֆիական աղէտի առաջ ենք կանգնած, հիմա էլ թողենք, որ եւս 50-100 հազար հոգի գնա՞ն:

 

«ԹԵՐԹ».- Դաշնակցութիւնը 2016 թ.ին ՀՀԿի հետ էր կոալիցիայի մէջ, այնուհետեւ դուրս եկաւ, հետագայում «Քաղաքացիական պայմանագրի» հետ ազգային համաձայնութեան կառավարութիւն ձեւաւորեցիք եւ մի քանի ամիս անց դուրս եկաք, նաեւ ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի տապալման համար շատերը ՀՅԴին էին մեղադրում: Այդ վերջին տարիների իրադարձութիւնները չե՞ն ազդի ՀՅԴ ձայների վրայ:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Երկու պատգամաւոր չեն եկել, բայց քանի՞ հոգի չեն եկել, ովքեր իրենց հաւատարմութիւնն էին յայտնել վարչապետին եւ իշխող քաղաքական թիմին: Նրանք, ովքեր քննադատում էին ՀՅԴին անձրեւ գալու կամ շոգ լինելու համար, միեւնոյն է, մեր ընտրազանգուածը չեն: Տեսէ՛ք, մենք ՀՀԿի հետ 1998 թ.ից ենք եղել, այն ժամանակ, երբ Լեւոն Տէր Պետրոսեանը գնաց, երկրին սպառնաց սոդոմ-գոմորով, պատերազմով, մերժում էր Ցեղասպանութեան միջազգային ճանաչման անհրաժեշտութիւնը, «Պատերազմ, թէ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդուածն էր գրել եւ այստեղ արդէն պէտք էր պետութիւնն ուժեղացնել եւ թէ՛ Ղարաբաղի թէ Ցեղասպանութեան ճանաչման ու պահանջատիրութեան հարցում հզօր դիրքորոշում էր պէտք որդեգրել: Բայց վերջին մի քանի տարիների փորձը մեզ ցոյց տւեց, որ երկրում, քանի դեռ չի ձեւաւորուել իրական կոալիցիոն կառավարում, որտեղ կառավարութեան մասնակցութիւնը պայմանաւորուած է ԱԺում մասնակցութեամբ, կառավարութիւնում մասնակցելն այդքան էլ ճիշդ մօտեցում չէ: Մենք կառավարութեան մաս էինք, որոշակի յաջողութիւնների հասանք, բայց յաջողութիւնների հետ մէկտեղ նաեւ, փաստօրէն, կրել ենք ձախողումների պատասխանատւութիւնը:

 

«ԹԵՐԹ».- Առաջիկայ ԱԺ ընտրութիւններին ՀՅԴն առանձի՞ն է մասնակցելու:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Այո:

 

«ԹԵՐԹ».- Ընտրութիւններում յաջողութեան հասնելու դէպքում ՀՀԿի կամ ՔՊի եւ կամ այլ ուժի հետ համագործակցութիւնը հնարաւոր համարո՞ւմ էք:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Համագործակցում ենք խնդիրների իրականացման շուրջ: Եթէ ՔՊն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է եւ ճիշդ է, մենք համագործակցելու ենք ՔՊի հետ, եթէ խնդիր է դնում ՀՀԿն, ԲՀԿն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում։

Այսինքն, համագործակցում ենք ոչ թէ կուսակցութիւնների հետ, այլ համագործակցութեան բազիսը խնդիրն է, որը պէտք է լուծել, եւ նաեւ ընդդիմութեան բազիսն է խնդիրը, որը պէտք է լուծել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here