Դաշնակցութեան Շնորհիւ Է, Որ Այսօր Արցախն Ունի Ձեւաւորուած Եւ Զինուած Պաշտպանութիւն

0
3004

«Ապառաժ»ի հարցերին պատասխանում է ԼՂՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան աշխատակազմի ազգային փոքրամասնութիւնների եւ կրօնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսեանը: (Կը հրատարակենք յապաւումներով):

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Պարոն Սարգսեան, ՀՀ Ազգային ժողովում եւ հասարակութեան մէջ բուռն բանավէճի թեմա է դարձել օրէնքի նախագիծը, որով առաջարկւում է կաթողիկոսին օրէնքով տրամադրել պետական պաշտպանութիւն, ինչպէս, օրինակ, վարչապետի պարագայում է: Ի՞նչ էք կարծում, արդեօ՞ք Ամենայն Հայոց կաթողիկոսն այդպիսի պաշտպանութեան կարիք ունի:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ յստակ ընդգծուած էր, որ պէտք է ընդունուի պետութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւնը կարգաւորող համապատասխան օրէնք: Ընդգծուած էր, որ եկեղեցին պէտք է ներկայացուցչութիւն ունենայ կառավարութիւնում եւ կառավարութեան ներկայացուցիչը պէտք է լինի եկեղեցում: Բացի դրանից, այն ժամանակ նախատեսուած էր, որ հանրապետութեան բարձրագոյն պաշտօնեան եւ վեհափառը պէտք է ունենան նոյն կարգավիճակը, որովհետեւ այն ժամանակուայ կառավարութիւնը քաջ գիտակցում էր, որ ազգին պէտք է առաջնորդեն աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները: Եթէ աշխարհիկ իշխանաւորների ղեկավարը վարչապետն է, ապա հոգեւոր իշխանաւորների ղեկավարը վեհափառն է: Երկուսն էլ պէտք է ունենան նոյն պաշտպանուածութիւնը:

Յունաստանի Սահմանադրութեամբ թէ՛ օրէնսդրական, թէ՛ ֆիզիկական պաշտպանուածութեան տեսանկիւնից նոյն հարթութեան վրայ են հանրապետութեան ղեկավարն ու հոգեւոր առաջնորդը: Նրանց Սահմանադրութեամբ յստակ ընդգծուած է, որ երկիրն առաջնորդում են աշխարհիկ եւ հոգեւոր իշխանաւորները: Բայց, ցաւօք սրտի, նոյնիսկ 1995թ. ՀՀ առաջին Սահմանադրութեամբ Հայ առաքելական եկեղեցու մասին մի նշում անգամ չկար: Սահմանադրական բարեփոխումներից յետոյ յստակ նշուեց, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային եկեղեցին է եւ պետութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւնը կարգաւորւում է օրէնքով: Այնինչ, նման օրէնքները պէտք է ամրագրուած լինեն Սահմանադրութեան մէջ: Հայաստանի Առաջին Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի մէջ 19 կէտից բաղկացած բաժին կար Հայ Առաքելական եկեղեցու մասին, իսկ այսօր 2-3 նախադասութեամբ փորձ է արւում նշել Հայ առաքելական եկեղեցու տեղը եւ դերը հայկական պետականութեան մէջ: Հանրապետութեան նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը պէտք է ունենան նոյն կարգավիճակը եւ նոյն պաշտպանուածութիւնը:

Երեսպաշտութեան նման է հնչում, երբ որոշները պնդում են, որ ժողովրդի կողմից յարգուած, սիրուած անձնաւորութեանը չի կարող վտանգ սպառնալ: Ասում են, որ եթէ քահանան, առաւել եւս վեհափառն Աստծոյ կողմից պաշտպանուած է, ապա նրան պաշտպանուածութիւն պէտք չէ: Եթէ այդպէս է, քահանաներն ընդհանրապէս չպէտք է մահանան, որովհետեւ նրանք Աստծոյ հովանաւորութեան տակ են: Անհեթեթութիւն է ասելը, որ նրանք Աստծոյ խնամքի տակ են եւ ոչ մի բանի կարիք չունեն. վերջին հաշուով նրանք սրբեր չեն, որ չար ուժերը չմօտենան, այլ սովորական մահկանացու մարդիկ են: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում չկան չար ուժերի կողմից ուղղորդուող մարդիկ կամ խելագարներ: 1981թ. Հռոմի պապ Յովհաննէս-Պօղոս Երկրորդի դէմ թուրք Աղջանը մահափորձ կատարեց: Բայց չէ որ Հռոմի պապն, ըստ Հռոմի ընդունուած օրէնքի, Աստծոյ փոխանորդն է երկրի վրայ: Ո՞վ կարող է երաշխաւորել, որ մեր վեհափառի վրայ էլ չեն յարձակուի:

 

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Ինչպէս էք պատկերացնում կուսակցութիւնների եւ, որպէս աւանդական, ազգային կուսակցութիւն՝ յատկապէս Դաշնակցութեան դերը ազգային դիմագիծը պահպանելու գործում:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ.- Չեմ ուզում առանձնացնել Արցախեան Դաշնակցութիւնը միւսներից: Բայց, ցաւօք սրտի, մինչ այս պահը չի շեշտւում ՀՅ Դաշնակցութեան Արցախեան կազմակերպութեան տեղը եւ դերը Արցախեան ազատագրական շարժման մէջ: Եթէ դա լինէր, ապա որոշ, մանաւանդ Արցախեան լրագրողներ, այդքան անպատասխանատու չէին վերաբերուի Դաշնակցութեան նկատմամբ եւ իրենց անհեթեթ տեղեկութիւններով մոլորութեան մէջ չէին գցի մարդկանց: Դաշնակցութեան շնորհիւ է, որ այսօր Արցախի Հանրապետութիւնն ունի ձեւաւորուած եւ զինուած պաշտպանութիւն: Բոլորը մոռանում են, որ դաշնակցական կազմակերպութիւնն է եղել դրանց կազմակերպիչը:

Մինչ մարդիկ մոլորուած «միացում» էին գոչում, Դաշնակցութիւնը զբաղուած էր զէնքի հայթայթմամբ եւ ջոկատների ստեղծմամբ:

Այսօր ՀՅԴն, անկասկած, ազգային արժէքների կրողն է, որը շատ կարեւոր փաստ է: Ո՞ւմ է անյայտ, որ ՀՅԴն ամէն օր աշխատում է ազգային արժէքների խրախուսման ուղղութեամբ, երիտասարդներին ազգային երգ-պար սովորեցնելով, համապատասխան ֆիլմեր նկարահանելով մեր ազգային արժէքներն է տարածում:

Իսկ Հայ առաքելական եկեղեցուն ՀՅԴի աջակցութիւնը նոր չէ, Դաշնակցութեան ստեղծման օրուանից է: Արցախի կազմակերպութիւնում ժամանակին եղել է կրօնի հարցով յատուկ պատասխանատու: ՀՅԴն Արցախում եզակի կուսակցութիւն է, որ հոգեւորին մեծ ուշադրութիւն է դարձնում: Չմոռանանք, որ հիմնականում բոլոր կուսակցութիւնների ծրագրում կան «օժանդակել Հայ առաքելական եկեղեցուն», «պայքարել աղանդների դէմ» կէտերը: Արդեօ՞ք որեւէ այլ կուսակցութիւն երբեւէ նման բան քննարկել է:

 

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Փաստ է, որ վերջին շրջանում ՀՅ Դաշնակցութիւնը մշտապէս հակադաշնակցական ալիքի տակ է: Չէ՞ք կարծում, որ հէնց ազգային դիմագծի պահպանման ջանքերի համար այդպիսի բան չպիտի լինէր:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ.- Աշխարհում միաբեւեռ հասարակարգ ստեղծելու նպատակ հետապնդող միջազգային ուժերի համար առաջին հերթին թշնամին է ազգայնականութիւնը, այնուհետեւ եկեղեցին, դպրոցը եւ հասարակական յարաբերութիւնները: ՀՅԴն, որպէս ազգային կուսակցութիւն, բնականաբար, թիրախաւորուած է նրանց կողմից: Ազգային կուսակցութեան նպատակը ազգային արժանապատուութեան պահպանումն է, իսկ ինչպէ՞ս կարող ես ազգային արժանապատուութիւնը պահպանել առանց մշակոյթի, ծովից ծով Հայաստանի, առանց քո իղձի, երազանքի: Դրա համար սլաքը հէնց ուղղուած է ազգային կուսակցութիւնների եւ, առաջին հերթին, Դաշնակցութեան դէմ: Դա պատահական չէ ու նոր չէ սկիզբ առել: Դեռ Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան ժամանակներից է սկսուել: Իներցիայով, ներքին կարգով Դաշնակցութեանը միշտ հալածում էին:

Դա չի նշանակում, թէ Դաշնակցութիւնը սխալներ չի գործել: Բնական է, որ ցանկացած ակտիւ գործող սխալներ է ունենում եւ այդ սխալները աւելի հեշտ են երեւում: Չաշխատողը չի կարող սխալ գործել: Պէտք է նշել թերութիւնները, շտկել դրանք եւ շարժուել առաջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here