ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում է 2019թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը

0
569

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը:

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. փետրվարի 15–ն է:

Հաղթող դիմորդը հայտնի կդառնա 2019 թ. մարտի 1-ին:

Ծրագրի ավարտին դիմորդը պարտավոր է հանդես գալ զեկույցով և ներկայացնել մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումը:

Ծրագրի շրջանավարտը պարտավորվում է նաև ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գիտական հոդվածի տեսքով ներկայացնել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը: Հոդվածը կարող է հրատարակվել ՀՑԹԻ կողմից լույս տեսնող International Journal of Armenian Genocide Studies գիտական ամսագրում:

Հաղթող դիմորդի հետ ծրագրի ընթացքում կազմակերպվելու է կլոր-սեղան քննարկում ոլորտի հայաստանյան մասնագետների և ՀՑԹԻ գիտաշխատողների հետ:

Ծրագրի մեկնարկը 2019 թ. ապրիլի 1:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

– ինքնակենսագրություն,
– ուսումնասիրության համառոտ նկարագիր,
– հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում),
– համալսարանական երկու դասախոսների հանձնարարական,
– դիմումաձև:

Հաղթողին որոշելու է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհուրդը:

Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը հիմնադրվել է 2010 թ., մինչ օրս ունեցել է 12 հաղթող: Մանրամասների համար այցելել՝

http://www.genocide-museum.am/arm/Lemkin-Alumni.php

Ռաֆայել Լեմկինի մասին

Իրավագետ Ռաֆայել Լեմկինը (1900-1959 թթ.) ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաև մասնակցել է 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը: 

Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը: 

Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Լվովի համալսարանում ուսանելիս նա տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ: Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնամուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին: 

http://armenpress.am/arm/news/959414/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here