«ՄԵԴԻԱՄԱՔՍԻ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ՝ IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
2032

«Պէտք Են Խորքային, Ոչ Մակերեսային Փոփոխութիւններ»

Նախորդ շաբաթ սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը UWC Dilijan քոլեջում հանդիպել էր «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ: Նրանցից մէկը Վարդանեանին խնդրել էր մեկնաբանել վերջերս արուած յայտարարութիւնն այն մասին, որ «բոլորս պէտք է օգնենք Փաշինեանին, որովհետեւ եթէ նա տապալուի, դա աղէտ կը լինի հայ ազգի համար»: Ներկայացնում ենք ՌուբԷն Վարդանեանի պատասխանը:

ՊԼԱՆԱՒՈՐՄԱՆ ՀՈՐԻԶՈՆԸ

Մեր բոլոր նախագծերը պլանաւորւում են (կը ծրագրուին-Խմբ.) 20-25 տարուայ հորիզոնով: Խորին յարգանք ունենալով երկիրը ղեկավարող մարդկանց հանդէպ՝ մեր նախագծերի տեսլականն աւելի երկար ժամանակահատուած է ենթադրում:

Ինձ եւ Սփիւռքի այլ ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում նախագծեր են իրականացնում, այստեղ ընկալում որպէս օտարերկրացիներ: Մենք տեղացիներ չենք եւ յարգում ենք կառավարութիւնը եւ քաղաքացիների կողմից ընտրուած առաջնորդներին: Էթիկապէս ճիշդ չէր լինի երկրում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք չեն լեգիտիմացուել:

Նուբար Աֆէյեանի եւ միւս գործընկերների հետ մենք Հայաստանում գրեթէ 20 տարի իրականացնում ենք «խարսխային» ծրագրեր: 2008 թուականին մենք անկեղծ զրոյց ունեցանք Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսեանի հետ: Մենք նրան ասացինք, որ շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը, որ մեր շահառուները մարդիկ են, այլ ոչ թէ պետութիւնը, իսկ մեր ծրագրերի պլանաւորման հորիզոնը նուազագոյնը ներառում մեր երեխաներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կեանքի ճանապարհը:

Երբ Սփիւռքի հայերը գալիս են Հայաստան՝ ծրագրեր իրագործելու համար, նրանք յաճախ որոշակի խրախուսութիւն են ակնկալում: Մենք նման ակնկալիքներ չունենք, եւ ասացինք Սերժ Սարգսեանին. եթէ ցանկանում էք օգնել մեզ, մենք շնորհակալ կը լինենք: Եթէ չէզոք դիրք բռնէք, դա ձեր որոշումն է: Եթէ բացասական վերաբերմունք ունենաք, դէ ինչ, դա եւս ձեր որոշումը կը լինի:

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Ի դէպ, տեղեկացնեմ ձեզ, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են մեր բարեգործական գործունէութեան վերջին 11 տարիները: Վստահ չեմ՝ որքանով էր դա օրինական, այնուամենայնիւ, դա իրականացուեց, եւ մենք ուրախութեամբ տրամադրեցինք բոլոր տեղեկութիւնները Դիլիջանի UWC դպրոցի, Տաթեւի ծրագրի եւ Հայաստանում մեր հիմնադրամի կողմից իրականացուող բոլոր նախագծերի վերաբերեալ: Սակայն կարեւոր է գիտակցել, որ դա իմ անձնական նախաձեռնութիւնն էր եւ չեմ կարծում, որ սա դրական նշան է բարեգործական գործունէութիւն իրականացնողների համար:

ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ, ԷՒՈԼՈՒՑԻԱՅԻ ԵՒ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

2016-ին ես բաց արտայայտուեցի վարչապետի պաշտօնում Կարէն Կարապետեանի նշանակման մասին: Հարցազրոյցներից մէկում ես ասել էի, որ պէտք է սատարել վարչապետին եւ նրա թիմը, որովհետեւ մենք երկրորդ շանս չենք ունենալու:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here