Շուտով Վանաձորում Կ՛արտադրուեն Հայ-Իրանական Ինքնաշարժներ

0
398

ՎԱՆԱՁՈՐ, «Առաւօտ».- Վանաձորում պաշտօնապէս բացուեց կոմպոզիտային բալոնների արտադրութեան առաջին հոսքագիծը: Արտադրութիւնը հիմնել է «Ռադ Սանէ Վաշմիր գրուպ» ընկերութիւնը:

Արտադրամասն աշխարհում 4-րդն է, միւս 3-ը գործում են՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Իրանում. «Օրական մէկ հերթափոխ աշխատելով կարող ենք արտադրել 100 բալոն: Հոսքագծերն աւելացնելու դէպքում մենք նախատեսում ենք օրական հասցնել մօտ 800 հատ: Վաճառելու ենք Հայաստանում, բայց դա հազիւ կազմի մեր ամբողջ արտադրանքի 5 տոկոսը», ասում է ընկերութեան բաժնետեր Արայիկ Ասրեանն ու յաւելում, որ մի օր ամբողջ Հայաստանն օգտագործելու է հէնց իրենց արտադրած գազաբալոնները, քանի որ բալոններն՝ առաջին հերթին անվտանգ են, թեթեւ նաեւ մատչելի:

Վանաձորում բալոնների արտադրութեան բացմանը ներկայ էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը: Նա հետեւեց արտադրութեան ընթացքին, ապա տեղեկացրեց, որ եթէ ընկերութեան հետ քննարկած ծրագրերն իսկապէս կեանքի կոչուեն, Վանաձորը կրկին կը դառնայ արդիւնաբերական քաղաք. «Այն սենեակում ինչ խօսեցինք մեր գործընկերների հետ, եթէ այդ ամէն ինչն իրականութիւն դառնայ, շատ շուտով Վանաձորը նորից կը լինի արդիւնաբերական խոշոր կենտրոն… իրենք իրենց ծրագրերը կը ներկայացնեն, իսկ մեր հաւաստիացումն այն է, որ կառավարութիւնն իր լիազօրութիւնների եւ հնարաւորութիւնների սահմաններում ամէն ինչով կ՛աջակցի»:

Կոմպոզիտային բալոնները կարելի է կիրառել ոչ միայն աւտոմեքենաներում, այլ նաեւ այլ ոլորտներում. «Օգտագործւում է մեքենաների, գնացքների, նաւերի, ինքնաթիռների, ջրասուզակների համար: Բժշկութեան մէջ օգտագործւում է որպէս թթուածնային բալոն: Բալոններն ամբողջութեամբ պլաստիկ են, միայն գլխի մասը դիւրալիւմին է եւ ինքը միանգամից մտնում է ներս, դա մեր տեխնոլոգիան է», ասում է ընկերութեան բաժնետերը:

Ներկայում արտադրամասում գործող մէկ հոսքագծի վրայ աշխատում են 15 մարդ: Առաջիկայում պատրաստւում են գործարկել մի քանի հոսքագիծ եւս: Իսկ աշխատակիցները կը ստանան միջինը 150 հազար դրամ աշխատավարձ: Աշխատանքը՝ գործարքային է: Սակայն այս պահին ընկերութիւնը մասնագէտների խնդիր ունի. «Մասնագիտութիւնը պէտք է լինի ինժեներ-էլեկտրոնիկ, որ ինքը հասկանայ սարքաւորումներից եւ ծրագրերից: Որովհետեւ ամէն մի սարքը հարիւրաւոր ծրագրերով է աշխատում: Մենք ինչ հրաման տանք, ինքը՝ ըստ բալոնի կառուցւածքի, ըստ մեր ուզած փաթոյթի կարողանայ փաթեթաւորի: Հիմա մենք խնդիր ունենք մասնագէտի, դրա համար էլ ուղարկում ենք Պարսկաստան վերապատրաստման», տեղեկացրեց Արայիկ Ասրեանը:

Բացի այդ, նախատեսւում է առաջիկայում Վանաձորում արտադրել նաեւ հայ-իրանական «Sayna Armenina» մեքենայ. «Ոչ մէկն այդ մասին չգիտէր, դա անակնկալ է: Մենք ունենք պայմանաւորուածութիւն, Հայաստանում մեքենայի արտադրութիւնը կազմակերպելու համար: Եթէ հասցնենք, մարտ ամսից մեր հայկական մեքենաները կը մտնեն գոնէ հայկական շուկայ: Մեքենան միանգամից լինելու է նաեւ գազաբալոնով, որպէսզի աշխատի գազ, բենզին համակցութեամբ: Գինը հիմա դեռ չեմ կարող ասել, որովհետեւ պայմանաւորուեցինք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպենք քննարկենք, թէ ո՞նց պէտք է անենք, որպէսզի դառնայ մատչելի, որպէսզի Հայաստան հին մեքենաների ներկրումը դադարեցուի եւ ունենանք նմանատիպ մեքենաներ»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here