Իրականում Ովքե՞ր Են Սպաննել Ճեմալ Փաշային Եւ Նրա Մարդկանց…

0
318

ՌՈՒԲԻԿ ԹՈՎՄԱՍԵԱՆ

2016-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային» գիրքը, որուն խմբագիրն է պատմական գիտութիւններու դոկտոր Գէորգ Խուդինեանը, իսկ ներածութեան հեղինակն է պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆ. Արարատ Յակոբեանը:

Այդ գիրքին եւ ընդհանրապէս մեր վրիժառու բազուկներուն վերաբերող ստորեւ հրատարակուած յօդուածը լոյս տեսած է Երեւանի պետական համալսարանի «Պատմութիւն եւ մշակոյթ հայագիտական հանդէս»-ի 25 դեկտեմբեր 2018-ի թիւին մէջ: Զայն կը վերահրատարակենք անոր ունեցած կարեւորութենէն եւ մեր սուրբ յիշողութիւնը միշտ վառ պահելու հրամայականէն մեկնած:

«Ա.»

Վաղուց յայտնի ճշմարտութիւն է, եւ այն էլ` հաստատուած հազարաւոր փաստերով, որ պարտութիւնը ունի մէկ հեղինակ, իսկ յաղթանակը` բազմաթիւ: Պարտութեան հիմնական մեղաւորները ամէն կերպ մասնակից լինելու իրենց մեղքը բարդում են ուրիշների վրայ, իսկ յաղթանակի պարագայում, հերոսութեան դափնիները բաժանելու համար մտնում են թէժ պայքարի մէջ: Նոյնիսկ հերոսական դէպքերից եւ դրանց կազմակերպման ու իրականացման գործընթացներից անտեղեակ մարդիկ իրենց հռչակում են հիմնական դերակատարներ:

Նմանատիպ այս կարգի պատկեր է նաեւ Ճեմալ փաշայի սպանութեան պարագայում: Այս սկզբունքային հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է օգտուել ժամանակի թողած առարկայական եւ անաչառ տուեալների եւ փաստերի վերլուծութիւնից, որը եղել է անուանի լրագրող, Թիֆլիսի «Սովետական Վրաստան» թերթի գլխաւոր խմբագրի տեղակալ, այնուհետեւ Պետրոս Ադամեանի անուան տրամաթիքական թատրոնի տնօրէն, Ամենայն Հայոց մեծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի բնորոշմամբ «ծուռ լոռեցի» Միքայէլ Սողոմոնի Այվազեանը: Նա հայ ժողովրդի տաղանդաւոր գիտնականներ Հրաչեայ եւ Սուրէն Այվազեանների հայրն է:

Վառ հայրենասէր Միքայէլ Այվազեանը (1901-1979թթ.) 1923 թ. ձեռնամուխ է եղել եւ հաւաքել հսկայածաւալ նիւթեր, որոնք առնչութիւն են ունեցել հայոց մեծ ցեղասպանութեան կազմակերպիչներից մէկի` երիտթուրք եռեակի անդամ, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ճեմալ փաշայի սպանութեանը, որը տեղի է ունեցել 1922 թ. յուլիսի 21-ին, մօտաւորապէս երեկոյեան ժամը 10-ին, Վրաստանի մայրաքաղաքում, Չեկայի շէնքից ոչ հեռու գտնուող Պետրոս Մեծի փողոցում:

Սակայն նշուած նիւթերը յայտնի պատճառներով իր ապրած տարիներին չէր կարող հրապարակել եւ, ստիպուած, այն չկորչելու համար ամբողջ հաւաքած նիւթերը վստահել ու փոխանցել է իր ազգականին` Առաքել Աւետիսեանին, ով գրեթէ 40 տարի պահել է իր տան նկուղի թղթապանակներում: Երջանիկ պատահականութեամբ Մեծ եղեռնի 100-ամեայ տարելիցի նախաշեմին` 2015 թ. փետրուարին Առաքելի թոռները իրենց տան նկուղի տրցակներում գտնում են այդ ձեռագրերը եւ յանձնում Մ. Այվազեանի թոռներին: Նրանք գտնուած արխիւի մի բաժինն են 2016 թ. հրատարակել` «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային» գրաւիչ վերնագրով գիրքը` իրաւացիօրէն որպէս հեղինակ նշելով Միքայէլ Այվազեանին` մատուցելով իրենց յարգանքի տուրքը հայրենասէր պապի յիշատակին:

Ահա օրինակելի հայ մեծ մարդ, ով իր երեխաներին եւ թոռներին, իրեն ճանաչողներին դաստիարակել է ազգին անմնացորդ ծառայելու ոգով, անզուգական մարդ, ով իր ապրած ամբողջ կեանքը նուիրաբերել է ազգային վեհ գաղափարին` հայրենիքի վերածննդին եւ կորցրած պատմական հողերի վերատիրացմանը:

Գրքում բազմաթիւ էջեր են յատկացուած Բաբերդ-Խոտորջրի, Կարինի ու Տայքի հայութեան 1915 թ. կոտորածների նկարագրութեանը, բռնագաղթին, պաղեստինեան ճակատում Ճեմալ փաշայի կողմից հայ տարագիրների նկատմամբ ցուցաբերած գազանութիւններին: Ահա տարագիրներից մէկը` Շողակաթն այսպէս է նկարագրել այդ սարսափներից մէկ դրուագը.

«…Սամսաթից մեր կարաւանը քշուեց դէպի Ուրֆա, ապա` դէպի Խառան: Մեր կարաւանի կեցած տեղը յանկարծ երեւաց Ճեմալ փաշան` իր շքախմբով: Սուրիոյ Աստծոյ` Ճեմալ փաշայի երեւալով մեր կարաւանի մէջ յուսոյ նշոյլ մը սաւառնաց, որովհետեւ մենք լսած էինք, որ Ճեմալը տարակարծիք է Թալէաթի եւ Էնվերի հետ եւ դէպի հայերը բարեացակամ է (ցաւօք սրտի այս թիւր կարծիքին են արտասահմանում գտնուող որոշ գրականագէտներ, որոնք յատուկ աշխատութիւններում ձգտում են հիմնաւորել այդ տեսակէտը):

Մի խումբ կանայք, խոտորջուրցի Մարուզ հանըմի առաջնորդութեամբ, ծնկաչոք դիմում են ամենազօր փաշային. «Գթացէք, փաշա՛, վերեւ Աստուած, ներքեւը` դուք…, գթացէք, վասնզի մեր մէջ այլեւս այր մարդ չկայ, մնացել ենք միայն մանկտիք ու թշուառ պառաւ կանայք…»:

Ճեմալ փաշան ձեռքով իր կարճ մօրուքի հետ խաղալով` աչքէ կ՛անցունէ իր առջեւ բազկատարած եւ չոքած աղաչաւոր կանանց ու մանուկներին եւ սպառնագին կը գոչէ. «Օձին էգն ու որձը չ՛ըլլար… Հայ կանայք աւելի վտանգաւոր են, քան այրերը…», եւ ձեռքով կարաւանը քաշելու հրաման կ՛արձակէ:

Ան ատեն Մարուզ հանըմը, կմախքացած բռունցքները երկարացնելով փաշայի կողմը, կ՛անիծէ անոր` ըսելով.

– Փաշա՛, փաշա՛, քեզանից մեծ Աստուած կայ… Մեր զաւակները մեռած չեն, անոնք Ռուսիա կը գտնուին ու օր մը անոնց պատասխան պիտի տաս…,- ապա դիմելով երկնքին` անհուն յուսահատութեան մէջ այսպէս կոչեց, – Օ, Տէ՛ր իմ, եթէ դուն կաս, խոնարհեցուր զունկն քո եւ ակն քո եւ լուր ու տես…» (Տե՛ս Այվազեան Միքայէլ, «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային», Եր. 2016, էջ` 47):

Այսպիսի մայրական յորդոր ուղղուած իրենց պատուախնդիր որդիներին` եղեռն ծրագրաւորողների եւ իրականացնողների նկատմամբ լսւում էին այդ բիրտ ու մարդկային լեզուով անպատմելի, սոսկալի եղանակներով ցեղասպանութեան ենթարկուած Արեւմտեան Հայաստանի եւ օսմանեան Թուրքիայի այլ հայաշատ վայրերից: Յիրաւի, ինչպէս յոխորտացել էր Թալէաթը, 1915 թուականի երեք ամսում աւելին արուեց, քան արիւնարբու Կարմիր սուլթան Համիտն արել էր 30 տարում…

Եկել էր հատուցման ժամը, եւ արդարահատոյցը չուշացաւ: Ծնուեց ազգային հերոսների մի աստղաբոյլ` հայ վրիժառուները, որոնց մասին շատ կցկտուր եւ ոչ ամբողջական տեղեկութիւններ կան հրատարակուած մեզանում: Այնինչ հայ երախտապարտ սերունդներն անխտիր պէտք է փառաբանեն Սողոմոն Թեհլիրեանին, Արամ Երկանեանին, Արշաւիր Շիրակեանին, Ստեփան Ծաղիկեանին, Պետրոս Տէր Պօղոսեանին, Արտաշէս Գէորգեանին, Միսաք Թորլաքեանին…

Հայ ժողովրդի մաքառումներով հարուստ պատմութիւնը, հանգամանքների բերումով, ունեցել է երախտամոռ թշնամուն պատժելու արժանայիշատակ դէպքեր, որոնց շնորհիւ յաջորդ սերունդները ե՛ւ հպարտացել են, ե՛ւ նմանօրինակ քաջագործութիւններով դաստիարակուել` ձգտելով նմանուել նրանց:

Բաւական է բերել մէկ օրինակ մեր իսկ պատմութիւնից: Այսպէս, 705 թ. արաբներն իրենց մօտ խաբէութեամբ հրաւիրելով հայ իշխաններին` լցրին Խրամ գիւղի եկեղեցում եւ այրեցին: 500 տարի յետոյ Զաքարէ Բ. իշխանը, որն իր հայրենանուէր գործունէութեան եւ քաջագործութիւնների համար կրել է հայ Բագրատունիների «շահանշահ» տիտղոսը, գրաւելով Արտապիլ քաղաքը, առանց խաբէութեան հաւաքելով արաբ իշխաններին` փակում է մզկիթի մէջ: Այրելով իշխաններով լի մզկիթը` յայտարարում է, որ վրէժը անժամանցելի պարտաւորութիւն է եւ պատմական դաս` նախ իր հայրենակիցներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, իսկ նենգ եւ խաբեբայ թշնամուն` հասկացնելու, որ իրենց պապերի արարքի համար պատժուելու են` ի ցոյց գալիք սերունդների: Հակառակ դէպքում` անընդհատ պարտութեան, լաց ու կոծի, կորստի, ջարդի ու փախուստի մասին խօսելով` թուլացնում ենք մեր ժողովրդի դիմադրութեան ու պայքարի գաղափարը:

Կարծում ենք, որ մեր ժողովրդի ոգին անկոտրում պահելու նպատակով անհրաժեշտ է կազմել հայ ժողովրդի պատմութեան հերոսական պայքարի դրուագներն ի մի բերող պատմագիտական նիւթերի ժողովածու եւ դպրոցներում դրանով կրթել մանկահասակ սերնդին: Գտնում ենք նաեւ, որ բացարձակ անընդունելի են որոշ «մտաւորականների» այն ապազգային պնդումները, թէ Եղեռնից 100 տարուց աւելի է անցել, ինչքա՞ն կարելի է վրէժի ցասումով ապրել, ի վերջոյ պէտք է հարեւանների հետ յարաբերութիւնները բարելաւել: Այն պնդումները, իբր թէ թուրքը փոխուել է, թէ` 21-րդ դարի թուրքը այլեւս նոյն թուրքը չէ, զուտ խաբկանք եւ ցնորք է: Դրա ապացոյցը ստացանք վերջերս` Քեսապում եւ արցախեան պատերազմում եւ յատկապէս` ապրիլեան քառօրեայում: Այո՛, դեռ անհրաժեշտ է, որ իւրաքանչիւր հայ ծնուած օրուանից դաստիարակուի «կենսաբանական» թշնամուն ճանաչելու, պատմական վրէժի եւ ատելութեան ոգով, այնքան ժամանակ, մինչեւ մեր ուժը չհերիքի, որ լուծենք պատմական հայրենիքի ամբողջ տարածքի վերականգնումը: Արդէն յայտնի ճշմարտութիւն է, որ աշխարհում միայն ուժն է հարց լուծում, ուժի հետ են հաշուի նստում, ուժն է հարկի, այդպէս է եղել անցեալում, նոյնն է ներկայումս եւ այդպէս է լինելու միշտ: Այսինքն մեր պատմութիւնը տնտեսապէս հզօր եւ ուժեղ լինելու պահանջ ու պատասխանատուութիւն է պարտադրում մեզ: Առանց դրա` ոչինչ չի ստացուի, մնացածը պատրանք է:

Այժմ ազգային հպարտութեան զգացումով նշենք մեր հերոս վրիժառուների կատարած վրէժի արտայայտման հրավառուն, փայլուն գործողութիւնները Եղեռնի կազմակերպիչների ոչնչացման գործում: Յաւերժ փառք ու պատիւ նրանց: Այդ գործողութիւնները հիմնուած էին Հայ յեղափոխական դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման վրայ:

1919 թուականի աշնանը ակախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, որը Մեծ եղեռնից յետոյ առաջին Ընդհանուր ժողովն էր, կայացնում է պատմական եւ յանդուգն որոշում` Մեծ եղեռնի պատասխանատու երիտթուրք պարագլուխներին ու արեւելեան Անդրկովկասում նրանց քաղաքականութիւնը շարունակած մուսաւաթական ելուզակներին պատժելու մասին, որը պատմագրութեան մէջ է մտնում «Նեմեսիս» արդարահատոյց գործողութիւն անուանմամբ: Կազմւում է ընդհանուր ցանկը այն երիտթուրք եւ մուսաւաթական պատասխանատուների, որոնք մասնակից կամ աջակից են եղել Հայոց եղեռնին, կովկասեան ջարդերին, ինչպէս նաեւ` նրանց աջակցած հայ մատնիչներին եւ այն ուղարկւում է ՀՅԴ բոլոր Կենտրոնական կոմիտէներին աշխարհի բոլոր կողմերում, որպէսզի նրանում ընդգրկուած ոեւէ անհատ այդ մարմինի սահմաններում յայտնուելիս տեղական մարմինն ինքը իրագործի նրանց մահապատիժը:

Վերյիշենք այդ որոշումը փայլուն իրականացնող քաջակորով հայորդիներին եւ լսենք նրանց «ձայնը»:

Սողոմոն Թեհլիրեան (ճիշդ ազգանուան ճիշդ գրելաձեւը այսպիսին է)

Ծնուել է 1886 թուականին, Դարանաղեաց գաւառում: 9 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխուել է Երզնկա: Եղեռնի պատճառով կորցրել է իր գերդաստանի 85 անդամների… 1919 թ. գնում է Պոլիս Թալէաթի հետքերով, այնուհետեւ Պերլին: Ներկայանում է որպէս ուսանող: Ճշդում է Թալէաթի նոր անուն-ազգանունը, հասցէն… 1921 թ. մարտի 15-ի առաւօտեան, երբ Թալէաթը դուրս է գալիս բնակարանից եւ սկսում է առաջանալ փողոցով, Սողոմոնը ընդառաջ է դուրս գալիս եւ դիմահար կրակում գազան հրէշի գլխին… Այնուհետեւ Թեհլիրեանը ձերբակալւում է եւ երկարատեւ դատավարութիւնից յետոյ արդարացւում եւ ազատ է արձակւում: Մահացել է 1960 թ. Միացեալ Նահանգներում: Խոստովանում է. «Համակուած էի այնպիսի մի ներքին գոհունակութեամբ, որի նմանը չէի ապրել երբեք…»:

Արամ Երկանեան

Կարնեցի է, ծնուել է 1900 թ.: Եղեռնից մազապուրծ` ապաստանել է Կովկասում: Մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին: Թիֆլիսում (1919 եւ 1920թթ.) ահաբեկել է Ղասիմբեկովին եւ Սարֆովին: 1922 թ. Պերլինում ահաբեկել է Պեհաէտտին Շաքիրին: Այնուհետեւ ապրել է Ռումանիայում, Արժանթինում… Մահացել է 1934 թուականին: Բացագանչում է. «… Այնքան թեթեւ կը զգայի, կարծես լեռ մը ինկած էր կուրծքիս վրայէն: Վստահ էի գնդակիս մահացութեան մասին: Հատուցուած էր ուխտը Հայ մեռելոցին…»:

Արշաւիր Շիրակեան

Ծնուել է 1900 թուականին Կ. Պոլսում: Եղեռնի տարիներին գործել է իբրեւ սուրհանդակ: Տակաւին պատանի` Պոլսից մեկնում է Հռոմ եւ հետապնդում մեծ վեզիր Սայիտ Հալիմ փաշային, որի վարչապետութեան օրօք էր տրուել 1915 թուականի կոտորածների որոշումը: 1921 թ. դեկտեմբերի 5-ին ցատկում է փողոցով սլացող կառքի ելքի աստիճանի վրայ եւ սպաննում նախկին վարչապետին: Իտալական թերթերը կախարդական հերոսութիւն են համարում կատարուածը: Այնուհետեւ Հռոմից անցնում է Պերլին, Արամ Երկանեանի հետ հետամուտ է լինում Պեհաէտտին Շաքիրին եւ Ճեմալ Ազմիին: 1922 թ. 491 ապրիլի 17-ին, միեւնոյն օրը, երբ Երկանեանը ահաբեկում է Շաքիրին, նոյն պահին էլ Շիրակեանը գնդակահարում է Ճեմալ Ազմիին: 1923 թուականին հաստատուել է Միացեալ Նահանգներում, որտեղ ապրել ու գործել է մինչեւ մահը` 1973 թ.:

Յակոբ Մելքումով.- Ծագումով ղարաբաղցի, քաղաքացիական կռիւների հրամանատար, Միջին Ասիայում պասմաճների դէմ մարտերի հերոս, 1922 թ. օգոստոսի 4-ին գնդակահարում է Էնվերին: Պէտք է նշել, որ ՀՅԴ-ը միայն այդ դէպքում մասնակցութիւն չի ունեցել… այսինքն բաժին չի հասել «Նեմեսիս» ծրագիրն իրականացնող վրիժառուներին…

Հայ վրիժառուներին չի յաջողուել գտնել երիտթուրք կուսակցութեան նախկին գլխաւոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, կատարել անյաջող մահափորձ Մուսթաֆա Քեմալի դէմ, դրա համար էլ միւս դաւադիրների հետ մահապատժի է ենթարկուել: Բացի երիտթուրքերի պարագլուխներից` հայ ահաբեկիչները ոչնչացրել են Ազրպէյճանի մուսաւաթական կառավարութեան մի քանի գործիչների, որոնք մեղադրւում էին 1918 թ. սեպտեմբերին Պաքւում անմեղ հայերի զանգուածային կոտորած կազմակերպելու մէջ: Այսպէս, 1920 թ. յունիսի 19-ին Ա. Երկանեանը Թիֆլիսում սպաննել է Ազրպէյճանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն, իսկ 1921 թ. յուլիսի 19-ին Միսաք Թորլաքեանը Կ. Պոլսում գնդակահարել է Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ազրպէյճանի ներքին գործերի նախկին նախարար Պեհպուդ Խան Ճիվանշիրին:

(Շար. 1)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here