«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը հուսով է, որ ԱԺ-ն կընդունի Բաքվում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակող փաստաթուղթ

0
470

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հուսով է, որ  հաջորդ տարի՝ Բաքվում հայերի ջարդերի 30 տարելիցին ՀՀ Ազգային ժողովը  կընդունի Բաքվում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակող փաստաթուղթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը,  ներկայացնելով «Լռությունը կարող է դառնալ նոր ցեղասպանության պատճառ» բաց նամակը, ասաց, որ դա ուղղված էր միջազգային հանրությանը և ստորագրված էր ավելի քան 130 միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների, գրողների կողմից:

«Լռությունը կարող է դառնալ նոր ցեղասպանության պատճառ». այս խոսքերը մենք վերցրել ենք բաց նամակից, որը տպագրվել է 1990 թվականի հուլիսին` Բաքվի ջարդերից հետո մի քանի ամիս անց: Փաստորեն սա առաջին փաստաթղթերից մեկն է, որում Բաքվում տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն: Ցավոք, մինչ օրս այդ որակավորումը և գնահատականը չի տրվել` անցել է արդեն 29 տարի և որևէ մի կառույցի կամ պետության կողմից` նույնիսկ Հայաստանի կողմից, այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն: Ես մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ լրանա Բաքվում հայերի ցեղասպանության արդեն 30 տարին, մեր նորընտիր խորհրդարանը կընդունի այդպիսի փաստաթուղթ»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով հունվարի 13-ից-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին՝ նա ասաց, որ պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը սկսվել է անմիջապես Սումգայիթի ջարդերից հետո:

«1988 թվականի ապրիլին Ադրբեջանը հասկացավ, որ որևէ պատիժ Սումգայիթի ցեղասպանության համար նա չի կրելու և, նույնիսկ Խորհրդային  Միության կազմի մեջ լինելով,   անցավ ակնհայտ հակահայկական քաղաքականության: Սկսած ապրիլ-մայիսից Բաքվի հայերին զանգվածաբար հեռացնում էին  աշխատանքից, նրանց վիրավորում էին  հանրային վայրերում` խանութներում, երթուղայիններում, հիմնարկներում հայերին փաստաթղթեր չէին տրամադրում, ինչպես նաև սպառնում էին և հարձակվում էին բնակարանների վրա: Ստեղծվել էր մի վիճակ, երբ Բաքվի հայերի 250 հազարանոց համայնքը, որն ուներ փառավոր մի պատմություն և լի էր  փայլուն անուններով, հայտնվեց դժոխքում,  և միակ  ճանապարհը այդ թակարդից դուրս գալու համար Բաքուն լքելն էր: Եվ արդեն 1988 և 1989 թվականներին հայկական համայնքի հիմնական մասը լքել էր Բաքուն»,- նշեց Գրիգորյանը:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը հավելեց, որ Խորհրդային Միության 1989 թվականի թերթերից մեկը գրել էր, որ Բաքվում այդ տարվա  ընթացքում «աննկատ» սպանվել էր 60-ից ավելի հայ , ընդ որում՝ սպանվում էին ամենադաժան ձևերով:

«1990 թվականի հունվարին Բաքվում արդեն մնացել էր ընդամենը 30-35 հազար հայ: Դա հիմնականում ծեր, հաշմանդամ և հիվանդ  մարդիկ էին, ովքեր չէին կարող լքել քաղաքը, խառը ամուսնության անդամներ նույնպես կային: Եվ հենց այդ մարդիկ մնացին այն դաժանագույն իրադարձություների կիզակետում, որը դարձավ Բաքվի հայկական համայնքի վերացման պատճառը:  Մեկ շաբաթվա ընթացքում հայերը դաժանաբար սպանվում էին, տանջամահ էին արվում, կողոպտվում էին, ողջ-ողջ այրվում էին, պատշգամբներից նետվում էին ցած: Այս ամեն ուղղակի ակնհայտ և բաց  կերպով էր կատարվում»,- ընդգծեց Գրիգորյանը:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարի խոսքով՝ այդ փաստերը հիմնված են սակավաթիվ այն փաստաթղերի վրա, որոնք առկա են Բաքվի հայերի հարցով և որոնք հավաքել էին   նախագծի շրջանակներում:

«Հանդիպել ենք բազմաթիվ Բաքվի հայերի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Մենք ունենք մոտ 150 տեսագրված հարցազրույց, և ամեն պատմություն մի ճակատագիր է՝ իր յուրահատկությամբ. ամբողջովին նրանք կազմել են  հրեշավոր այդ հանցագործության մասին  պատկերը»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այդ գործողությունը, որը դեռ սկսվել էր 1988 թվականին Սումգայիթում, կազմակերպված էր Ադրբեջանում պետական մակարդակով։ Դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր:

«Մասնավորապես՝  կազմվել էր քաղաքի մանրամասն քարտեզը, որտեղ նշված էին հայերով խիտ բնակեցված վայրերը, հեռուստատեսությամբ սկսվել էր բացահայտ հակահայկական քարոզչություն, որին մասնակցում էին Ադրբեջանի մտավորականության շատ ու շատ ներկայացուցիչներ: Իրավապահ մարմինները որևէ բան չեն ձեռնարկել, որպեսզի կանգնեցնեն անկարգությունները: Նույնիսկ եթե քրեական գործեր էին հարուցվում, ապա դրանք ֆորմալ բնույթ էին կրում և որևէ հանցագործ չի կրել իր պատիժը: Բժիշկները տալիս էին կեղծ վկայականները, թե իբր սպանված մարդը մահացել է բնական ճանապարհով: Հանրահավաքների ժամանակ անձինք պահում էին Սումգայիթի դահիճների նկարները և հիմնական կարգախոսներն էին՝ «մահ հայերին, փառք Սումգայիթի հերոսներին»,-  եզրափակեց Գրիգորյանը:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր:

http://armenpress.am/arm/news/961193/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here