Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը

0
808

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Եռաբլուրում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Բարձրաստիճան այրերը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայոց բանակի օրվա առիթով ՀՀ նախագահական նստավայրում տեղի կունենա պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:

http://armenpress.am/arm/news/962184/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here