Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ Նիւթեր Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Ֆոնդերում

0
121

Հայոց ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտ հիմնադրամի հաւաքածուն բոլորովին վերջերս համալրուել է թանգարանային բացառիկ արժէք ներկայացնող նորայայտ միաւորներով, որոնք մեզ նուիրաբերել է յունաստանաբնակ Սարգիս Քէշիշօղլուն:

Նուիրաբերուած իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր եւ իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Ostergaard), ով 1927 թուականից գործունէութիւն է ծաւալել Յունաստանում՝ մեծապէս նպաստելով Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղաւորմանը եւ խնամքի կազմակերպմանը:

Օսմանեան կայսրութիւնից Յունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիւը դժուար է ասել, նախ՝ վիճակագրական տուեալների բացակայութեան եւ երկրորդ՝ գաղթականութեան անընդհատ շարժի պատճառով:

Գաղթականների մէջ մեծ թիւ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Յունահայ գաղութի պատմութիւնից» գրքի՝ Յունաստանում գտնուել են 17520 որբեր՝ տեղաբաշխուած հետեւեալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Յետագայում այդ թիւը աճել է եւ հասել 20000ի:

Մ.Ա. Օստերգարդի մասին, ցաւօք, տուեալներ շատ չկան: Յայտնի է, որ ծնուել է 1897 թուականին Դանիայում: 1927 թուականից հաստատուել է Աթէնքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրէնը, որը գործել է մինչեւ 1961 թուականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակուելուց յետոյ էլ շարունակել է իր առաքելութիւնը Յունաստանում:

Նրա ջանքերով Աթէնքում հիմնուել է «Քրիստոնէական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Յովսէփեանի եւ յոյն Էւդիքէա Հիոնիդուի հետ միասին զբաղուել է հիւանդների եւ ծերունիների խնամքով:

Արդէն պատկառելի տարիքում, հարազատների յորդորով 1987 թուականին հետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերէնին:

Ծաւալած գործունութեան համար 1955 թուականին արժանացել է դանիական թագաւորական շքանշանի, եղել է «Դանիացի քոյրերի միութեան» անդամ (դանիերէն՝ Dansk Sygeplejerd (DSR), անգլերեն համարժէքը՝ Danish Nurses՝ Organization (DNO), հիմնադրուել է 1899 թ. Կոպենհագենում եւ գործում է ցայսօր):

Նուիրաբերուած հաւաքածուում տեղ են գտել նաեւ Մ.Ա. Օստերգարդին մեծապէս օժանդակած Սրբուհի Յովսէփեանին եւ Էւդիքէա Հիոնիդուին վերաբերող նիւթեր:

Նուիրատու Սարգիս Քէշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Յովսէփեանին եւ Էւդիքէա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70ական թթ. վերջերից:

Ցանկացած նուիրատուութիւն, որ կարող է Հայոց Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրման համար բացել նոր էջեր, չափազանց կարեւոր է: «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը երախտապարտ է նման կարեւոր արխիւային նիւթերի նուիրատուութեան համար. դրանք կ՛ուսումնասիրուեն եւ իրենց արժանի տեղը կը գտնեն եւ մշտական, եւ ժամանակաւոր ցուցադրութիւնների մէջ, ինչպէս նաեւ հանրայնացուելով՝ կ՛անմահանան:

 

http://www.genocide-museum.am/arm/12.02.2019-%C3%98stergaard.php

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here