ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք Արցախի հարցը լուծելիս որևէ զիջում թույլ չեն տա

0
934

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցությունը երկրի զարգացումն ու Արցախի հարցի լուծումը տեսնում է ազգային նպատակները չզիջելով: ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս սկզբունքով կառաջնորդվեն, հակառակ դեպքում պատրաստ են ուժեղ ընդդիմություն լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք ունենք առնվազն երկու պետություն, որ թշնամական է Հայաստանի նկատմամբ: Պետք է համախմբենք մեր ուժերը: Հայաստանը ինչպիսի իշխանություն էլ ունենա, պետք է օբյեկտիվ պայմաններում գործի: Հայաստանը պետք է զարգանա չզիջելով: Մենք պետք է հստակ իմանանք, որ Հայաստանի զարգացումը պետք է ապահովի այն, որ մենք չզիջենք մեր ազգային նպատակները, մեր սերունդների շահերը Արցախում և հայ-թուրքական հարաբերություններում: Եվ ով կընդունի այս մոտեցումը, հայեցակարգային այս սկզբունքը` զարգանա երկիրը չզիջելով, մենք պատրաստ ենք սերտ համագործակցության: Իսկ ով չընդունի, մենք կլինենք առճակատվող ընդդիմությունը այդ քաղաքական ուժին»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ Արցախի խնդրի լուծումը մեր ազգային արժանապատվության հարցն Է: Սրանից զիջում չի կարելի թույլ տալ: Ռուստամյանի կարծիքով` սա նշանակում է իրականացնել համապատասխան ներքին և արտաքին քաղաքականություն: «Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, գնալ Արցախի հարցի լուծման այն ճանապարհով, որը Արցախի ժողովուրդն իր հանրաքվեով հռչակել է: Ներքին տրամաբանության մեջ մենք պետք է ունենանք  այնպիսի մոտեցում, որ այդ 42 հազար քառակուսի կիլոմետրը, Հայաստանը և ազատագրված Արցախը ռեսուրս են զարգացման համար: Եվ այդ ռեսուրսը մեզ բավարար է»,-նշեց նա:

Բյուրոյի նախագահի կարծիքով` ռազմաարդյունաբերական համալիրը պետք է զարգացվի: Բանակը պետք է դառնա ոչ թե սպառող, այլ նպաստող տնտեսության զարգացմանը: Նա շեշտեց` եթե այդ մոտեցումները կդառնան իսկապես պետական ծրագիր, դաշնակցությունը պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել:

http://armenpress.am/arm/news/962290/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here