Արամ` Նշանակում Է Յաղթանակ

0
299

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Հայաստանի «Ֆրիտէօֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող

19  Մարտ 1879 թուականին,  զանգեզուրեան ջինջ երկնակամարում յաղթականօրէն շողում էր արեւը` սպասելով մինչեւ հայոց մամիկները, թեքուած նորածնի գլխին, բարուրեն նրան: Թող որ ծնողները Սերգեյ կոչեցին նրան, բայց ի վերուստ նշուած էր, որ Արամ անունը գտնելու էր իր իսկական տիրոջը առաւել գեղեցկանալու, յաղթականօրէն շողալու մինչեւ այսօր` նրանից դեռ շատ երկար:

Արամն ընդամէնը 11 տարեկան էր, երբ Շուշիի դպրոցում սէր ու յարգանք էր վայելում որպէս արտակարգ կարողութիւններով օժտուած աշակերտ: Այնուհետեւ իր ազգասիրական գաղափարներով նա աչքի է ընկնում Երեւանի թեմական դպրոցում: Ազգամիջեան յախուռն յարաբերութիւնների օրերին Արամը հանգիստ չէր կարող մնալ. անցնում է Կարսի շրջան, որտեղից խառն ու դաժան իրավիճակում զէնք ու զինամթերք է փոխադրում Երկիր, խմբեր կազմում` Երկիր մտցնելու համար, քանի որ շուտափոյթ օգնութիւն էր պէտք Սասունին: Աւա՜ղ, շատ ուշ էր… Սասունն ընկել էր…

Մնալով հաւատարիմ իր ազգին ու գաղափարներին` Արամը որոշում է մեկնել Վան, ուր սկսւում է նրա գործունէութիւնը Վասպուրականում: Այստեղ, որպէս հայութեան ոգեւորիչ ուժ, նրա միտքն ու հոգին զբաղուած էին դպրոցով, մամուլով, երիտասարդութեան ու ազգային յարաբերութիւնների խնդիրներով: Երբ նենգ դաւադրութեան զոհ են դառնում մանկութեան ընկերներ Իշխանն ու Վռամեանը, Արամը, յոյսը դրած սեփական գաղափարների ու բազուկների վրայ, աշխատում է փրկել Վանը…

Պատմութեանը քաջ յայտնի է Վանի հերոսական ինքնապաշտպանութիւնը, որի խորապատկերին քաջ արծուի պէս թեւաբախում է Արամը: Վասպուրականն Արեւմտահայաստանի միակ փրկուած հատուածն էր, ուր Արամը ստեղծեց հայոց հանրապետութիւն, որը գոյատեւեց 70 օր:

Դրանից յետոյ Արամն Արարատեան դաշտում անանցանելի պատնէշ ստեղծեց հակառակորդի դէմ: Բնաւեր հայոց արեան հոտը ռունգերում` հակառակորդը հասել էր մինչեւ այնտեղ, բայց երերաց, քանի որ կար Արամը: Անշուշտ, Սարդարապատի յաջողութիւնը նաեւ զօրավարների ու զինուորների յաջողութիւնն էր, բայց եւ նրանց կողքին իր խորհուրդներով կանգնած էր Արամը: Երեւանի Ազգային խորհուրդը, Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ, կռուողներին ապահովում էր պարէնի ու զինամթերքի պաշարներով, կռուողների նոր ջոկատներով: Արամը` բազմաթիւ դէպքերում իմաստուն կազմակերպիչը, դարձել էր Արարատեան երկրի ոգին: Նրա արծուային մտքի թռիչքը եւ լեռնացող ոգին պատնէշել էին այն միտքը, թէ 1918 թուականի գարունը կարող էր վերջինը լինել հայոց համար:

Աւա՜ղ, 1919 թ. յունուարին այն համաճարակը, որով տառապում էր իր ժողովուրդը, խլում է նաեւ նրա սիրելի հերոսի կեանքը, եւ ժողովուրդը, չամաչելով իր արցունքներից, երկիւղածօրէն քաջ Արամին հողին է յանձնում Մասիսների յաւերժական հայեացքի ներքոյ:

Անուրանալի է Ա. Մանուկեանի աւանդը 20-րդ դարասկզբի հայոց պետականութեան վերականգնման գործում:

Աւելի քան 500-ամեայ ընդմիջումից յետոյ`28  Մայիս  1918-ին, հայութեան վերջին բեկորների` դարաւոր թշնամու դէմ մղուած հերոսական մաքառման արդիւնքում վերընձիւղուեց հայկական պետականութիւնը:

1918 թուականի մայիսի 28-ին արտասանած նրա կոչը տակնուվրայ արեց թերահաւատութեան, կասկածամտութեան, յուսահատութեան ճիրաններում շնչահեղձ լինող հայոց հոգիները եւ մարտի կոչեց բոլորին: Նա ասես անտես մի ձեռքով պատռեց անորոշութեան շղարշը եւ անխնայ ճշմարտութեամբ ցոյց տուեց Հայաստանի իրական պատկերը, որը բանաստեղծութեան եւ արձակի մէջ Երկիր Նայիրիի խորհրդանիշով ցոյց էին տուել Չարենցն ու Տէրեանը: Հոգեւոր Հայաստանի ոգին էր խօսում Արամի ձայնով, որի ատաղձն անվերջ հոգեւոր, մշակութային արժէքների արարման եւ միեւնոյն ազգային նպատակի շուրջ համախմբուելու հերոսութեան մէջ էր: Այն նպատակի, որը պիտի իրականանար մեր եւ միմիայն մեր ջանքերով: Ով ապաւինում է ուրիշի գթասրտութեանը, նա կայացնում է իր մահուան դատավճիռը: Սա էր այն խտանիւթը, որով միշտ կենսունակ էր Արամ Մանուկեանի ազգային գաղափարախօսութիւնը:

Օտար տէրութիւններին ապաւինող հայ ազգային ուժերին նա ասաց այժմ արդէն  մարգարէութեան լուսապսակով  ամփոփուած իր հանճարեղ խօսքերը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է` զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում` շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրան հակառակ` կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք ու պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ ու կանոն հաստատելու համար»:

28 Մայիսի  իր յայտնի կոչը նա աւարտեց հետեւեալ խօսքերով. «Ախնայ պատժի ու պատասխանատուութեան պիտի ենթարկուեն բոլոր դասալիքները, պրովոկատորները եւ ժողովրդի բոլոր թշնամիները: Ցոյց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբեք»:

Յիրաւի կան անուններ, որոնք դարակազմիկ արժէք են խտացնում իրենց մէջ, եւ խօսել այդ անունների մասին` նշանակում է մտովի ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` դրա մէջ ներառելով մի ողջ ժողովրդի պատմութիւն:

Խօսելով նրա կեանքի ու գործի մասին` մենք կամայ թէ ակամայ բացում ենք հայ ժողովրդի պատմութեան մի ամբողջ դարաշրջանի համայնապատկերը, որը լի է ամենաողբերգական, ամենատրամաթիք եւ ամենահերոսական էջերով: Թէպէտ եթէ փորձենք գտնել հայ ժողովրդի պատմութեան որեւէ ժամանակաշրջան, որն իր մէջ չի ամփոփում այդ երեք էջերը միաժամանակ, դժուար թէ դա մեզ յաջողուի: Հայ ժողովրդի պատմութիւնն ամբողջութեամբ հունցուած է ողբերգութեան եւ հերոսականութեան շաղախից:

Սակայն 20-րդ դարի սկիզբը ասես կտրուեց հայ ժողովրդի պատմութեան ամբողջ երկար շղթայից` դառնալով ամենաճակատագրականն ու հերոսականը բոլոր հազարամեակների երթի մէջ:

Միշտ էլ տեղին է յիշատակել Մեծ եղեռնի ողբերգական դէպքերին, ցաւալի վիճակագրութեանն ու պատմական անարդարացի զարգացումներին վերաբերող աղաղակող փաստերի տեսութիւնն ու վերլուծութիւնը:

Տեղին է յիշատակել նաեւ այն պատճառով, որ միանգամայն անհնար է անդրադառնալ 20-րդ դարասկզբի որեւէ հայ մեծանուն զաւակի կեանքի եւ գործունէութեան գնահատմանը` շրջանցելով Մեծ եղեռնի անխուսափելի գոյութիւնը ժողովրդի, նրա իւրաքանչիւր անհատի, հասարակ հայ մարդու կեանքում: Հայոց Մեծ եղեռնը ներծծուած է մեր իւրաքանչիւրի արեան բջիջների բաղադրութեան մէջ` իբրեւ ցաւ եւ իբրեւ վեր յառնելու  խորհրդանիշ:

Սակայն այսօրուայ խորհուրդն ամփոփուած է Եղեռն վերապրած հայ ժողովրդի պանծալի զաւակներից մէկի` Արամ Մանուկեանի կեանքի եւ գործի հանդէպ երախտիքի եւ խոնարհումի բացառիկ ինքնատիպ դրսեւորման մէջ:

Արամ Մանուկեանի անունով այսօր կոչւում են դպրոցներ, փողոցներ, սակայն նրա մեծութեան իսկական, ահռելի չափերը մինչեւ այսօր դեռ հասու չեն ժողովրդի աւելի լայն շրջանների գիտակցութեանը, դեռ ամբողջութեամբ պարպուած չէ 70 տարիների այն դատարկութիւնը, որի մէջ ապրեցին Արամ Մանուկեանի եւ նրա նմանների անուններն ու գործը, դեռ փառաբանական ձօնով լցուած չէ այն մեծ լռութիւնը, որտեղ արգելուած էր անգամ հնչեցնել նրանց անունները:

Արամ Մանուկեանին միանշանակ համարում են Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիր, եւ սրանով ամէն ինչ ասուած է նրա մասին: Եթէ իսկապէս  հնարաւոր է մի մարդու անուան հետ կապել  500 տարիների ընթացքում  մի ամբողջ ժողովրդի բազում սերունդների գուրգուրած ու նրա արիւնով շաղախուած ազգային ձգտումների իրականացման այն կազմաւորումը, որ կոչուեց Հայաստանի Հանրապետութիւն, ապա այդ մարդն իրաւամբ պիտի լինի Արամ Մանուկեանը, ով եղաւ  անկախութեան գաղափարի մեծագոյն դէմքը, ազգային գաղափարների իրականացման  եւ պատմական դէպքերի վրայ ամենամեծ ազդեցութիւն ունեցող հայորդին, իր ժողովրդի երազանքի ոգեկոչողն ու նահատակը, մարդ,   ում մեծագոյն երախտիքին, սակայն, մենք արժանին դեռ չենք հատուցել:

Արամ Մանուկեանը պետական այր էր եւ երկու գերագոյն արժէք ունէր կեանքում ու գործունէութեան մէջ` պետութիւն եւ ժողովուրդ:

Նորանկախ հանրապետութեան` Յովհաննէս Քաջազնունու ղեկավարած կառավարութեան կազմում դաշնակցական Արամ Մանուկեանը, ստանձնելով ներքին գործերի նախարարութեան ղեկավարումը, համոզուած էր` ներքին գործերի ուժեղ համակարգը ուժեղ պետութեան անկիւնաքարն է, ուժեղ պետութիւնը` ժողովրդի ապահովութեան ու բարօրութեան գրաւականը:

Ներքին գործերի նախարարութեան առաջնային խնդիրներն էին` պայքարը աննախադէպ չափերի հասած յանցաւորութեան դէմ, երկրում կարգ ու կանոնի, ներքին կայունութեան եւ անդորրի հաստատումը:

Ներքին գործերի մարմիններին կարճ ժամանակահատուածում յաջողուեց տարրական կարգ ու կանոն հաստատել երկրում` ապահովելով քաղաքացիների կեանքի եւ ունեցուածքի պաշտպանութիւնը: Քչերն էին այսպիսի յստակութեամբ պատկերացնում իրաւակարգի եւ ներքին կայունութեան պահպանման կենսական նշանակութիւնը, որքան` Արամ Մանուկեանը, որը միանշանակ գիտէր` այդ խնդիրը կարող է լուծել միայն նուիրեալ եւ գործի գիտակ աշխատակիցներով համալրուած իրաւապահ կառոյցը:

Ներքին գործերի նախարարից պահանջւում էին բացառիկ ձեռնարկումներ ու քայլեր, եւ Արամ Մանուկեանը կարողացաւ կատարել խնդիրը:

Այս քաջորդու սխրանքին ենք պարտական մեր 500-ամեայ երազանքի իրականացման համար, այն ոգու համար, որ նա ներշնչեց իր զինակիցներին, ամբողջ հայ ժողովրդին` անհաւատալի թուացող մեր յաղթանակի` Սարդարապատի հերոսամարտի ժամանակ:

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ եւ կործանւում դրա պակասից»,- այսպէս է մեզ պատգամել մեր միւս դիւցազունը` դիւցազունների զարմից Գարեգին Նժդեհը: Արամ Մանուկեանի հայրենասիրութիւնը կը կանգնէր աւելի հզօր բանակների դէմ, եթէ օրհասն այդպէս պահանջէր, կը կանգնէր եւ թշնամուն չէր տայ հայրենիքի մի թիզ հողն անգամ:

Արամ Մանուկեանն ապրեց ընդամէնը 40 տարի, ճիշդ այնքան, որքան, Չարենցը, Բակունցը, Տէրեանը: Սակայն այն գործը, որ նա հասցրեց անել իր եւ իր ժողովրդի համար փոթորկայոյզ այն ժամանակահատուածում, որ պատմութեան մէջ մտաւ Առաջին Հանրապետութիւն փառապանծ անունով, այսօր դժուար է միանշանակ գնահատել:

Նա մի հոյակապ, հմայիչ, հզօր ու կախարդիչ դէմք էր, որ եկաւ եւ գնաց պայծառ ու փայլուն ասուպի նման: Մնաց մեր այն համոզումը, որ Արամ` նշանակում է Յաղթանակ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here