«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԵՈՀԱՆՆԷՍ ՀԱԱՆԻ ՀԵՏ

0
2539

«ԵՄն Հպարտ Է Լինել Հայաստանի Կարեւոր Գործընկերը»

Զրուցեց՝ ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դուք այցելելու էք Հայաստան   29 Յունուարին եւ հանդիպումներ էք ունենալու նախագահ Արմէն Սարգսեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Ի՞նչ առաջնային հարցեր էք քննարկելու այցի ընթացքում:

ԵՈՀԱՆՆԷՍ ՀԱԱՆ.- Շատ ուրախ եմ հանդիպել վարչապետ Փաշինեանին եւ նախագահ Սարգսեանին՝ Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Նոր կառավարութիւնը ուժեղ մանդատ (յանձնարարութիւն-Խմբ.) է ստացել բարեփոխումների իր յանձնառութիւնն իրագործելու համար: Ակնկալում եմ, որ ԵՄ-Հայաստան յարաբերութիւններում նոր եւ յաւակնոտ գլուխ կը բացուի:

Այս համատեքստում ծրագրում եմ քննարկել կառավարութեան առաջնահերթութիւնների եւ բարեփոխումների օրակարգը: Նոր կառավարութիւնից ակնկալիքները բարձր են, եւ հիմա ժամանակն է դրանք իրագործելու համար: ԵՄն սատարում է Հայաստանի կառավարութեան յաւակնոտ բարեփոխումներին եւ հպարտ է լինել Հայաստանի կարեւոր գործընկերն այդ գործընթացում՝ Հայաստանի քաղաքացիների կեանքում իրական փոփոխութիւններ ապահովելու համար:

ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը առանցքային գործիք է՝ աջակցելու վստահելի եւ յաւակնոտ բարեփոխումներին եւ երկրի արդիականացմանը: ԵՄ-Հայաստան համագործակցութեան առաջնահերթութիւնների հետ միասին, այն ամուր իրաւական շրջանակ է ստեղծում, որը մեզ թոյլ կը տայ բարձրացնել մեր աջակցութեան չափը՝ հինուելով կոնկրետ բարեփոխումների առաջարկութիւնների վրայ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդարադատութիւնը եւ կրթութիւնը, ինչպէս նաեւ տնտեսական եւ տարածաշրջանային զարգացումը:

Ես նաեւ գնահատում եմ Հայաստանի ակտիւ ներգրաւուածութիւնը Արեւելեան գործընկերութեան մէջ, որն այս տարի նշում է իր ստեղծման 10ամեակը:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում ԵՄ-Հայաստան ներկայ համագործակցութիւնը եւ բանակցութիւնները:

ԵՈՀԱՆՆԷՍ ՀԱԱՆ.- ԵՄն Հայաստանի առանցքային գործընկերն է, որն աջակցում է երկրի բարեփոխումներին, ժողովրդավարական արժէքների ամրապնդմանը եւ փոխշահաւէտ համագործակցութեանը: Այս համատեքստում մենք էապէս աւելացնում ենք աջակցութիւնը երկրին (որը նախորդ տարուայ տարեկան 30 միլիոն եւրոյից հասել է 46 միլիոն եւրոյի) եւ կառավարութեան հետ միասին աշխատում ենք յետագայ աջակցութեան ոլորտները նախանշելու համար:

Դեկտեմբերին մենք կառավարութեան հետ ստորագրել ենք 23 միլիոն եւրօ արժողութեամբ փաթեթ, որն ուղղուելու է կրթութեանը եւ նորարարութեանը, ներառեալ՝ ԵՄն նորարարութեան համար «Թումօ» կենտրոնի ծրագրերը (12,5 միլիոն եւրօ) եւ Տաւուշի մարզում ուսուցիչների վերապատրաստումը: Սա արւում է ի յաւելում կրթութեան ոլորտում մեր գործող համաձայնագրի՝ ընդհանուր 15 միլիոն եւրօ արժողութեամբ:

2018թ. Սեպտեմբերին մեկնարկած արդարադատութեան ոլորտի քաղաքականութեանը վերաբերող երկխօսութեան հիման վրայ՝ մենք պատրաստ ենք աջակցելու այդ ոլորտի համապարփակ բարեփոխումներին, որտեղ վարչապետ Փաշինեանի առաջնորդութիւնը ողջունելի կը լինի:

Կարեւոր է, որ մենք միասին աշխատենքէ արդէն իսկ ամուր եւ լաւ համագործակցութիւնը աւելի ամրացնելու եւ Հայաստան-ԵՄ յարաբերութիւններին նոր խթան հաղորդելու համար: Կարեւոր է նաեւ, որ մեր համագործակցութիւնը եւ դրանց արդիւնքները լաւ հաղորդուեն Հայաստանի քաղաքացիներին:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ոմանք ասում են, որ Արեւելեան գործընկերութեան երկրները մի շարք դժուարութիւնների են հանդիպում իրենց եւրոպական ընտրութեան համար: Այս համատեքստում, ինչպէ՞ս կարող է ԵՄն աջակցել այդ երկրներին՝ շարունակել իրականացնել այդ նախաձեռնութիւնները:

ԵՈՀԱՆՆԷՍ ՀԱԱՆ.- Նախ, թոյլ տուէք ընդգծել, որ Արեւելեան գործընկերութիւնը հիմնուած է ընդհանուր արժէքների, փոխադարձ շահերի եւ պարտաւորութիւնների հիման վրայ:

Այս ռազմավարական գործընկերութիւնը հասունացել եւ զարգացել է տարիների ընթացքում: Մենք ունենք նոր քաղաքական եւ տնտեսական երկկողմ համաձայնագրեր, որոնք հանդիսանում են մեր յարաբերութիւնների եւ համագործակցութեան անկիւնաքարերը:

Օրինակ, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը խորացնում է մեր համագործակցութիւնը: Այն ապացուցում է, որ ԵՄի հետ սերտ յարաբերութիւններ ունենալը հակադրութեան մէջ չի մտնում Հայաստանի՝ Եւրասիական տնտեսական միութեան անդամ լինելու հետ: Այդ նաեւ վկայում է այն մասին, որ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութիւնը տարբերակուած մօտեցում է ցուցաբերում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here