«Գինու Փողոցն» Ու Թաւշեայ Յեղափոխութիւնը. BBC-ի Յօդուածը Հայաստանի Մասին

0
254

Բրիտանական հեղինակաւոր BBC պարբերականը ծաւալուն յօդուածով անդրադարձել է Հայաստանին: Յօդուածի հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին բացուած գինու ակումբները, Հայաստանի պատմութիւնն ու 2018թ. երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնը՝ անցկացնելով հետաքրքիր զուգահեռներ:

Յօդուածի սկզբում պարբերականը նկարագրում է Երեւանում առաջին մասնագիտացուած գինետան՝ In Vino-ի ներսի յարդարումը եւ ընդգծում, որ այդ պատկերը կրկնւում է աշխարհի շատ քաղաքներում, սակայն երեւանեան գինետան առանձնայատկութիւնը հասկանալու համար անհրաժեշտ է այն աւելի լայն պարունակի մէջ դիտարկել:

«Հայաստանի պատմութիւնը նախանձելի է: Գինեգործութեան ամենահին հետքերը յայտնաբերուել են այդ երկրի հարաւում 6100-ամեայ Արենի հնավայրում: Քրիստոնէութիւնն առաջինն այստեղ է ծաղկել: Գրական, գեղարուեստական, խոհարարական եւ երաժշտական աւանդոյթները նախորդում են ամենահին քաղաքակրթութիւններին», գրում է պարբերականը:

Այնուհետեւ պարբերականն անդրադառնում է Հայաստանում 2018 թուականին տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեանը, ինչի համար Հայաստանը Economist ամսագրի կողմից ճանաչուել է տարուայ երկիր:

«2018 թուականին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժը հաւաքել է ձայների 70 տոկոսից աւելին: Հիմա շատերը կարծում են, որ էական բարեփոխումների արդիւնքում կը վերանան ժողովրդի եւ քաղաքական վերնախաւի միջեւ պատնէշները: Որպէս խորհրդանշական ժեստ ժողովրդի առջեւ բացուել են Ազգային ժողովի եւ վարչապետի, նախագահի նստավայրերի դարպասները», նշում է յօդուածագիրը:

Պարբերականն ընդգծում է, որ երկրում շատ փոփոխութիւնների սկիզբը դրուել են Երեւանում գինու մասնագիտացուած բարերում, որոնք տեղակայուած են Սարեան փողոցում, որը ստացել է «գինու փողոց» անուանումը: Նշւում է, որ հէնց այդպիսի հաստատութիւններում գինու սեղանի շուրջ կայացած քննարկումների արդիւնքում են ծնուել առաջադէմ գաղափարները, որոնք ի վերջոյ վերածուել են գործողութիւնների

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here