«ԱՌԱՒՕՏ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ՝ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆԻ ՀԵՏ

0
542

«Հերթական Հակադաշնակցական Սրացումն Է, Որ Պարբերաբար Տեղի Է Ունենում»

Վարեց՝ ՀՌԻՓՍԻՄԷ ՋԵԲԵՋԵԱՆ

Արմէն Ռուստամեանը «դեժավիւ» է ապրում՝ Տէր Պետրոսեանի ժամանակ պաշտօն էին տալիս՝ կախուած նրանից, թէ քանի «պիկետի» է մասնակցել, Փաշինեանի ժամանակ՝ թէ քանի կ.մ. է քայլել։

Երէկ ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանի ասուլիսի ժամանակ «Առաւօտ»ը ուղիղ եթերի տեսագրութեան տակ ֆէյսբուքեան օգտատէրերը իրար հերթ չտալով մեկնաբանութիւններ էին գրում, թէ ինչ «դաւաճանական» քայլեր է արել ՀՅԴ-ն Հայաստանի նկատմամբ, յիշում էին Ալեքսանդր Խատիսեանի քայլերը, 1918-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով տարածքներ յանձնելը, Բաթումի պայմանագիրը, այն, որ ՀՅԴն ուզում էր վերացնել ֆիդայական բոլոր ջոկատները, նաեւ Անդրանիկինը, Թուրքիային էր անցնում երկաթուղին, Հայաստանին էր մնում Սեւանը, Երեւանը, Էջմիածինը: Նոյնիսկ յիշեցրել էին գերմանացի դիւանագէտներից մէկի խօսքերը, որ ՀՅԴականները հայերին թողեցին Սեւանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին:

Այս քննադատութիւնները երբ փոխանցեցինք պարոն Ռուստամեանին, նա մեզ հետ զրոյցում արձագանգեց. «Հերթական հակադաշնակցական սրացումն է, որ պարբերաբար տեղի է ունենում, իրենց մօտ այդպէս լինում է: Իրենք քանի որ չեն կարողանում համակերպուել այն փաստի հետ, որ ՀՅԴն միակամ է, պահպանել է իր կառոյցը, որովհետեւ իրենք ամէն օր երազում են, թէ երբ պիտի Դաշնակցութիւնը պառակտուի, սա տեղի չի ունենում, երազախաբ են լինում, եւ այդ պատճառով այդպիսի արտայայտութիւններ են իրենց թոյլ տալիս: Մոռացել են, որ ընդհանրապէս աշխարհի քաղաքական քարտէզի վրայ Հայաստան չկար, եւ Հայաստանն իր գոյնով աշխարհի քարտէզի վրայ ի յայտ է եկել ՀՅԴի ամենաակտիւ, եթէ չասեմ՝ միակ ունեցած առաքելութեան ու գործունէութեան արդիւնքում: Հիմա պէտք է վարկաբեկեն, ինչ ասես՝ ասել են:

70 տարուայ հակադաշնակցական քարոզչութեան հետեւանք է, որ մեր մեծերին ընդհանրապէս դաւաճաններ են համարել՝ Գարեգին Նժդեհ, Դրօ, եւ ում ուզում էք՝ յիշէք: Մենակ ես չեմ, որ դա զգացել եմ, մենակ հակադաշնակցական ֆիլմերը նայէք էդքան նկարած: Դա բաւական է՝ մտածելու համար, որ կայ իսկապէս մի շերտ, որը գենետիկօրէն չի ընդունում Դաշնակցութիւնը»:

Ռուստամեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանի իշխանափոխութիւնից յետոյ դեժավիւ է ապրում, յիշում է 90ականները. «Ես այդ ժամանակ եղել եմ շատ ակտիւ, եղել եմ քաղաքականութեան մէջ, ես կարիք չունեմ գնամ պատմաբաններից հարցնեմ, թէ էդ օրերին ինչ է եղել: Իմ աչքի առաջ նոյն շղթան է՝ կայ համաժողովրդական զարթօնք, կայ այդ զարթօնքի հիման վրայ ձեւաւորուած իշխանութիւն, կայ այդ զարթօնքի ակնկալիքները չարդարացնելու պատճառով հիասթափութիւն իշխանութիւններից ու համապատասխան ճգնաժամ, որ առաջացաւ Հայաստանում»: Հարցին՝ դուք նոյնպիսի ընթա՞ցք էք սպասում նաեւ այս իշխանութիւնից, Ռուստամեանը պատասխանեց. «Կէսն անցել ենք, մի մասը եղել է, չկայ երաշխիք, որ միւս մասն էլ չի լինի: Մեր ամբողջ քայլերն ուղղուելու են նրան, որ այդ երկրորդ մասը, որը բացասական, սեւ օրերի հիմքը դրեցին, այ դա չկրկնուի: Դա կրկնուելու փաստերն էլ կան՝ նոյն կադրային քաղաքականութիւնն է: Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ չէին ասո՞ւմ՝ պոլի փետ լինի՝ ՀՀՇից լինի, ասում էին, չէ՞»:

Հարցին՝ հիմա էլ ասում են՝ պոլի փետ լինի՝ ՔՊի՞ց լինի, Ռուստամեանը պատասխանեց. «Այն ժամանակ մարդկանց էին նշանակում՝ կախուած նրանից, թէ քանի անգամ են ցոյցերին մասնակցել, քանի պիկետի են մասնակցել, որքան են նստել, այդ ցուցանիշներով են ակտիւ եղել, նշանակում էին համապատասխան պաշտօնների: Հիմա էլ նայում են, թէ քանի կիլոմետր են քայլել, այսինքն՝ մօտեցումները նման են: Եթէ մենք ասում ենք՝ ժողովուրդն է եկել իշխանութեան, ուրեմն իշխանութիւնը դա այնպէս պէտք է արտայայտի, որ ցանկացած պաշտօնի, որ մարդ են նշանակում, դա լինի լաւագոյնը այդ պաշտօնի համար, ոչ թէ մենակ իր շրջապատից նայեն տեսնեն՝ լաւն են, եթէ չկայ՝ մէջներից ոչինչ մի քիչ տանելիին նշանակեն պաշտօնների, հիմա չէ՞ք տեսնում, որ էդ ձեւի վիճակ է»:

Դիտարկմանը, որ նախընտրում են անփորձներին նշանակել, քան թէ փորձառուներին, որոնք փորձառու են նաեւ կոռուպցիայի մէջ, հին կոռուպցիոներ են, Ռուստամեանն արձագանգեց. «Ո՞վ ասեց, այսինքն՝ ովքեր չեն քայլում, կոռուպցիոնե՞ր են, չհասկացայ: Էնքան մարդիկ կան, որոնք շատ ազնիւ եւ նորմալ էս երկրի համար ծառայութիւն են մատուցել: Հայ ժողովուրդն ամբողջովին կոռուպցիոներից ու քայլողների՞ց է բաղկացած, արանքում մարդ չկա՞յ: Բա խօսում են 10 մլն.ի մասին, այսինքն՝ պէտք չի ասել, որ իրենք ընտրութիւն չունեն, դրա համար ընտրել են նրանց: Այդպէս էլ վերաբերուել են հէնց 90-ականներին, մերժել են: Մերժեցին տոտալիտար ռեժիմը, հաստատեցին աւտորիտար ռեժիմ, ի՞նչն ենք մերժել: Մերժելը պէտք է ճիշդ կատարուի, մերժենք այն, ինչը բացասական է: Եթէ նոյն կադրային քաղաքականութիւնը պէտք է լինի, էլ մերժման ոգեւորութիւնը որտե՞ղ է»:

Հարցին՝ դուք խօսում էք Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած ձեր պայմանաւորուածութեան մասին, բայց իշխանականների պնդմամբ՝ այդ պայմանաւորուածութիւնը դուք էք առաջինը խախտել՝ Հոկտեմբերի 2ին ՀՀԿի հետ ձեր «գիշերային քուէարկութեամբ», որի արդիւնքում փողոցից ձեր նախարարներին ազատեցին, Ռուստամեանը պատասխանեց. «Վայ-վայ-վայ,  2 Հոկտեմբերը եղել է ամենամեծ խաբէութիւնը ժողովրդի առաջ: Բա որ խախտել էինք, Հոկտեմբերի 2ին նոյն տրամաբանութեամբ ինչի՞ էին էդ թատերական բեմականացումն անում՝ առաջադրում ենք, բայց չընտրէք: Ինչի՞ էին անում, որպէսզի պահպանեն Սահմանադրութեան տառն ու ոգին: Բա մենք էլ էինք նոյնն ասում: Ասում էինք՝ ԱԺն պէտք է ցրուի իրաւունքի ուժով, ոչ թէ ուժի իրաւունքով, դա ենք ասել: Յետոյ հասկացան, որ դա չկատարենք, կարող է ական դնենք արտահերթ ընտրութիւնների տակ: Բա թող չանէին: Դրա համար եմ ասում՝ սա ամենամեծ մոլորութիւնն էր, որի մէջ ժողովրդին ներքաշեցին Հոկտեմբերի 2ին: Մենք կատարել ենք մի բան, որը Քր.օր.ում արդէն նախատեսուած էր՝ չի կարելի խոչընդոտել ԱԺի աշխատանքները, թող գնան էդ յօդուածը բացեն, կարդան»:

Մեր դիտարկմանը, որ ամէն դէպքում այդ օրերին ձեր պահուածքը, երբ չէր հասկացւում՝ «Ընտրական օրէնսգրքին» կողմ էիք, դէմ էիք, տարօրինակ էր, Ռուստամեանը արձագանգեց. «ԸՕին կողմ ենք եղել, թող իրենք բացատրեն՝ ինչի էին ուզում ընտրութիւնները Դեկտեմբերին անէին: Հիմա պարզ է, չէ՞ ինչի էին ուզում. որպէսզի ունենան շռնդալից ներկայութիւն ԱԺում: Էդ էր իմաստը, ու Աստուած մի արասցէ, չլինի նաեւ մեր միւս մտահոգութիւնը՝ Ղարաբաղի հետ կապուած: Եթէ էդ էլ եկաւ, արդէն պարզ է դառնալու, թէ Դեկտեմբերը որտեղից էր թելադրուած»:

 

«ԱՌԱՒՕՏ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here