«ԵՐԿԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆԻ ՀԵՏ

0
2756

Մեզ Համար Առաջնահերթը Հայաստանի Եւ Հայութեան Շահերն Են

Դաշնակցական հրապարակագիր Վաչէ Բրուտեանը մտահոգ է հայ մամուլի առջեւ այսօր ծառացած օրախնդիր մարտահրաւէրներով, որոնք թելադրուած են Հայաստանի քաղաքական կեանքում կատարուած տեղաշարժերով եւ ունեն համահայկական բնոյթ:

«ԵՐԿԻՐ».- Այսօրուայ քաղաքական-գաղափարական «փոթորիկներ»ի, մարտահրաւէրների առջեւ ո՞րն է հայ մամուլի դերակատարութիւնը:

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ.- Հայ մամուլի առաջնահերթ պարտականութիւնն է պաշտպանել Հայաստանի եւ հայութեան շահերը հայրենիքում եւ Սփիւռքում: Ելնելով իր այս հիմնական առաքելութիւնից՝ հայ մամուլը պարտաւոր է հայաստանեան ներքին իրադարձութիւնները ներկայացնել յիշեալ, իսկ տարածաշրջանային  եւ միջազգային խնդիրներին անդրադառնալիս՝ Հայաստանի եւ հայութեան շահերի տեսանկիւնից: Սակայն յաճախ մեր մամուլի էջերում նկատում ենք, որ, ասենք, լուրերի անուան տակ բամբասանք է տարածւում: Մամուլն ասեկոսներով չի կարող առաջնորդուել: Ինձ համար բացարձակապէս հասկանալի չէ, երբ, բացելով հայկական թերթերից որեւէ մէկը, տեսնում եմ լրատուութիւն, որն սկսւում է հետեւեալ կերպ. «Օդում կախուած լուրերի համաձայն…»: Սա չի կարելի լրատուութիւն համարել: Սա անպատասխանատուութիւն է, որն էապէս վնասում է Հայաստանի եւ հայութեան շահերին: Այս ձեւով հնարաւոր չէ հայանպաստ, գիտակից հանրային կարծիք ստեղծել: Այսպէս հանրային կարծիքն ապակողմնորոշւում է: Հրապարակը լցւում է տնային բամբասանքի մակարդակ ունեցող կեղծ լուրերով, որոնք իրենց նկարագրով քանդիչ են: Անկախացումից ի վեր Հայաստանը գտնւում է լուրջ մարտահրաւէրների առջեւ: Ունի հողային ամբողջականութիւնը պահպանելու խնդիր: Ահա ա՛յս իմաստով եմ ես մօտենում Արցախի հարցին: Երբ խօսում ենք Արցախի մասին, մեր ներքին տրամաբանութիւնը մեզ պէտք է թելադրի հետեւեալ իրականութիւնը՝ Արցախը մասն է Հայաստանի հողային ամբողջականութեան:

 

«ԵՐԿԻՐ».- Համահայկական արժեհամակարգն ունի՞ նոր սահմանման անհրաժեշտութիւն:

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ.- Համահայկական արժեհամակարգն ունի բաղադրիչներ, որոնցից առաջինը հայրենիքն է: Հայաստանը զբօսաշրջութեան ու մի քանի շաբաթ հանգստանալու եւ զուարճանալու վայր չէ: Հայաստանը հայրենիք է, որն ունի իր ժողովուրդը: Մամուլը ժողովրդին ազգի վերածելու առաքելութիւն ունի նաեւ: Համահայկական արժեհամակարգի երկրորդ բաղադրիչը հայ ազգն է, երրորդը՝ մեր մշակոյթը, չորրորդը՝ մեր անցեալն ու պատմութիւնը: Հայոց պատմութիւնից մեզ են փոխանցուել այնպիսի արժէքներ, որոնց տիրութիւն անելու պարտաւորութեան տակ ենք ոչ միայն մենք՝ իբրեւ ազգ, այլեւ, մասնաւորապէս, հայ մամուլը: Այս տեսանկիւնից նայելով՝ երբ խօսում ենք համահայկական արժեհամակարգի մասին, ես ցաւ ու զայրոյթ եմ ապրում, երբ կարդում եմ կառավարութեան այն որոշումը, որի համաձայն՝ պէտք է վերացուեն մշակոյթի ու սփիւռքի նախարարութիւնները: Սա նշանակում է, որ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները չեն գիտակցում համահայկական արժեհամակարգը պահպանելու եւ ամրապնդելու կարեւորութիւնը: Մշակոյթի նախարարութեան գործառոյթը թատրոններ պահելը, արուեստագէտներին վճարելը եւ միջոցառումներ կազմակերպելը չէ, այն ունի աւելի մեծ եւ խորքային առաքելութիւն: Մշակոյթն այն հասարակական հողն է, որը նոյնացած է մեր ազգային ինքնութեան հետ: Դրա համար կարեւոր է մշակոյթի նախարարութիւն ունենալը: Նոյնը վերաբերում է Սփիւռքին: Տասնամեակներ առաջ ես մտածում էի, թէ Սփիւռքը մնայուն երեւոյթ չէ: Այն այսօր կայ, վաղը չկայ: Տասնամեակների ընթացքում, իբրեւ Սփիւռքում ծնուած ու մեծացած հայ, հասկացայ, որ Սփիւռքը լուրջ գործօն եւ ազդակ է համահայկական ընդհանուր ռազմավարութեան մէջ: Սփիւռքն առողջ եւ գործուն  պահելը բխում է նաեւ Հայաստանի եւ հայութեան շահերից: Հայաստանն ու Սփիւռքը միմեանց սնուցող յարաբերութեան մէջ պէտք է դիտարկել: Սփիւռքը հնարաւոր չէ պատկերացնել առանց ուժեղ Հայաստանի, իսկ ուժեղ Սփիւռքն իր հերթին զօրաւոր նեցուկ է Հայաստանի համար: Արտերկրում այնպիսի ոլորտներում եւ ուղղութիւններում են տարւում քաղաքական աշխատանքները, որտեղ Հայաստանի դեսպանատները չեն կարող կամ չպիտի մտնեն, իսկ տեղի հայկական համայնքները կարող են դրանք կեանքի կոչել: Համադրուած գործելն այսօր Հայասատանի համար շատ կենսական է: Այս իմաստով կարեւոր է Սփիւռքի նախարարութեան վերակազմաւորումը, գործառոյթների յստակեցումը: Այն անհրաժեշտ է վերակառուցել մեր ազգային ընդհանրական շահերի ներքին տրամաբանութեամբ: Սա է լուծումը:

Ես որպէս դաշնակցական եմ խօսում: Այս խնդիրներին ՀՅԴ գաղափարախօսական տեսանկիւնից մօտենալու դէպքում պէտք է փաստել, որ մեզ համար առաջնահերթութիւնը Հայաստանի եւ հայութեան շահերն են, որոնք պահանջում են, որ ամուր լինեն կապերը Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, որպէսզի այդ կերպ օգուտ քաղուի երկուստէք: Անկախացումից առ այսօր Հայաստանը պատերազմական վիճակի մէջ է: Զինադադար է հաստատուած, եւ չի կնքուել խաղաղութեան պայմանագիր: Մենք շրջափակուած ենք  Ադրբեջանի եւ նրա ամենասերտ ռազմավարական դաշնակից Թուրքիայի կողմից: Մենք Թուրքիայի հետ եւս ունենք անլոյծ հիմնահարցեր: Այս ուղղութեամբ Թուրքիան եւ միջազգային հանրութիւնը պարտաւորութիւններ ունեն Հայաստանի նկատմամբ: Մենք այս ամէնը չենք կարող մեր արտաքին քաղաքական ուղղութիւններից դուրս հանել: Սրանք պէտք է Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասը կազմեն: Մեր մամուլը մնայուն ձեւով պարտաւոր է այս հարցերն արծարծել, որպէսզի ժողովրդի գիտակցութեան մէջ վառ պահի սեփական իրաւունքներին տիրութիւն անելու գաղափարը:

 

«ԵՐԿԻՐ».- Յունուարի 28ին նշեցինք Հայոց բանակի հիմնադրման 27րդ տարեդարձը, իսկ յաջորդ օրը՝ Արամ Մանուկեանի մահուան 100րդ տարելիցը: Ի՞նչ են խորհրդանշում այդ  իրողութիւններն այսօրուայ հայի համար Հայաստանում կամ Սփիւռքում:

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ.- Արամ Մանուկեանն այն անձն էր, որն աճել էր Դաշնակցութեան գաղափարական քուրայի մէջ, որը 1918ի մայիսեան օրհասական օրերին կարողացաւ ժողովրդին վերածել ազգի, յաջողեց իրար հաւասար մակարդակի բարձրացնել ազգն ու բանակը, ինչի շնորհիւ մենք յաղթանակ գրանցեցինք Սարդարապատում եւ ոչնչից ստեղծեցինք պետութիւն: Արամն ազգ-բանակ գաղափարի ամենամեծ ջատագովներից մէկն էր: Այսօր այս գաղափարը շատ կենսական է Հայաստանի համար: Հայաստանը չի կարող ինքն իրեն թոյլ տալ, որ բանակը վերածուի սոսկ ինչ որ ապահովագրական գործառոյթներ իրականացնող մարմնի: Բանակը մեր երկրի հողային ամբողջականութեան երաշխաւորն է: Բանակն իր մէջքին պէտք է ունենայ ժողովրդի աջակցութիւնն ու նեցուկը: Մամուլը պարտաւոր է ընդգծել այս գաղափարը, որպէսզի Հայաստանը դառնայ անխոցելի: Մենք պարտաւոր ենք Հայաստանը վերածել անխոցելի ամրոցի: Չեմ սիրում «հակառակորդ» մոլորեցնող բառն օգտագործել, երբ ունենք «թշնամի» բառը: Արտաքին  թշնամիների դէմ Հայաստանի ապահովութեան երաշխաւորը հայկական բանակն է՝ հայ ժողովրդի հետ մէկտեղ: Սահմանին կանգնած կամ զօրամասում ծառայող մեր զինուորը պէտք է զգայ համայն հայութեան զօրակցութիւնը: Այս գաղափարը տարածելու առաքելութիւնը մամուլը պէտք է առնի իր ուսերին, որպէսզի մենք Հայաստանը դարձնենք ապահով եւ անխոցելի երկիր: Մեր թշնամիները թող չմտածեն, թէ իրենք կարող են երբեւիցէ խաղալ մեզ հետ: Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ իրենց ուզածի պէս մեզ աջ կամ ձախ գլորեն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here