«ՀՅԴն Չի Հրաժարւում Իր Քաղաքական Պատասխանատուութիւնից». Յակոբ Տէր Խաչատուրեան

0
2767

ՀՅԴն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատուութիւնից, յատկապէս այն ոլորտների հետ կապուած, որոնք ղեկավարել է: «Թերթ»ի թղթակից Անի Օհանեանի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Միեւնոյն ժամանակ նա գտնում է, որ ՀՀԿի հետ կոալիցիա ունենալն անգամ չի կարող ժխտել, որ Դաշնակցութիւնը պահել է իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրուայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿի ու միւսների նման չենք: Նա յաւելեց, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունեն՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում:

ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆ.- Պարոն Տէր Խաչատուրեան, սկսենք ձեր՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընտրուելուց: Տեսակէտ կայ, որ 18 տարի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը փոխարինուեց, որպէսզի ՀՅԴն ռեբրենդինգ անի՝ կրկին վերարժեւորելով կուսակցութիւնը, հաշուի առնելով, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխուել, իսկ ՀՅԴն հեռացուած իշխանութեան հետ սերտ համագործակցել է:

ՅԱԿՈԲ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Ես մէկ բան ասեմ, որ իսկապէս հաւատում եմ սրան. ամէն անգամ, երբ Ընդհանուր ժողով է տեղի ունենում, ասում ենք, որ մենք ցանկանում ենք տալ նոր սկիզբ, նոր գաղափարներ, այժմէականացման խնդիրներ ենք առաջ քաշում, երիտասարդութեան ներգրաւում եւ այլն: Այս ժողովն էլ բացառութիւն չէր, քանի որ կրկին ասացինք, որ ցանկանում ենք դասեր քաղել անցեալից, մեր փորձառութիւնից, որովհետեւ ամենակարեւոր բանն այն է, որ պէտք է սովորես: Մենք հասկացանք, որ կա՛մ Դաշնակցութեան խօսքը պէտք եղած ձեւով չենք կարողացել հասցնել ժողովրդին, այսինքն՝ իրականութեան մէջ միջոցի խնդիր է, կա՛մ այն է, որ կան հիմնական հարցեր, որոնք այս Բիւրոն պէտք է վերանայի: Սակայն այդ վերանայումը ենթադրում է Ընդհանուր ժողովի համատեքստում, այսինքն՝ Ընդհանուր ժողովի որոշումները պարտադիր են բոլորի, այդ թւում՝ Բիւրոյի համար, այսինքն՝ այս առումով հիմնական հարցերի յետ քայլ չի կարող լինել, իսկ այդ հարցերն են ընկերատնտեսական ուղղուածութիւնը, Արցախի հիմնահարցը, մեր ՀՀի ապագայի մասին պատկերացումը՝ ազատ, անկախ ու միասնական Հայաստանը: Եթէ այս դրոյթներին հակասող որեւէ դրոյթ կը լինի մեզ համար, ապա կը մնայ անընդունելի: Բայց այն, որ կարող են մտցնել որոշ փոփոխութիւններ միջոցի, ձեւի, ժամկէտների առումով, մենք կարող ենք փոխել, լսել նաեւ մեզ համակիր կամ հակադիր մարդկանց:

ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆ.- Այսինքն՝ համակարծիք չէ՞ք, որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում վարկանիշի կորուստ է ունեցել, ինչի մասին խօսում է նաեւ այն, որ 1999թ.ից յետոյ առաջին անգամ է, որ ՀՅԴն չի յայտնւում խորհրդարանում:

ՅԱԿՈԲ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Համակարծիք չեմ: Բանն այն է, որ անցնող 8-9 ամիսներին Հայաստանը բոլորովին տարբեր իրավիճակներում էր, եւ ընդհանուր էյֆորիան (բերկրանքի զգացում-Խմբ.), որը գոյութիւն ունէր, բոլորի հեղինակութեան վրայ ազդել է: Կար մի շարժում, որը սկսուեց անձի մերժումով եւ վերջացաւ ընդհանուր փոփոխութիւնների պահանջով: Այս համատեքստում կասկած չկար, որ այս շարժումն իրականացրած ուժը պէտք է ջախջախիչ մեծամասնութիւն ունենար, իսկ շատ ուժեր, որոնք դարձան ընդդիմադիր, այդ թւում նաեւ Դաշնակցութիւնը, չանցան խորհրդարան: Տոկոսային առումով բոլորս էլ պիտի փափաքէինք, որ աւելին լինէր, բայց մենք նման դէպքեր ապրել ենք: Վերջիվերջոյ, անկախութեան առաջին տարիներին, երբ մենք նախագահի թեկնածու ունեցանք, 4 տոկոս էինք հաւաքել: Այո, վայրիվերումներ տեղի են ունենում, բայց դա քաղաքական պայմանների արդիւնք է:

ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆ.- Դուք եւ ձեր կուսակիցները յայտարարել էք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ լարուածութիւն չկայ, աւելին՝ կարող էք համագործակցել: Փաշինեանի՝ ՀՅԴին ուղղուած ուղե՞րձն է ՀՅԴ-Փաշինեան յարաբերութիւնները կարգաւորել:

ՅԱԿՈԲ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Այո՛, պրն. Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունենք՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում: Ըստ մեր ունեցած գաղափարական սկզբունքներին ենք յարաբերակցուելու: Վարչապետի հետ կառուցողական մթնոլորտում ենք շփւում, լաւատեսօրէն եմ տրամադրուած:

ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆ.- Վարչապետը, խօսելով նախկին իշխանութիւնների մասին, շատ անգամ օգտագործում է «յանցաւոր ռեժիմ» որակումը: Ձեզ մօտ դիսկոմֆորտ (նեղութիւն-Խմբ.) չի՞ առաջանում Փաշինեանի հետ զրոյցում, քաղաքական քննարկումներում, որ դուք նախկինում ՀՀԿի հետ կոալիցիոն (դաշնակցութիւն-Խմբ.) յուշագիր էք ունեցել, կառավարութեան մաս էք կազմել, իսկ ձեր պատգամաւորներն ու նախարարները յայտարարել են, որ ՀՀԿի հետ կիսում են քաղաքական պատասխանատուութիւնը:

ՅԱԿՈԲ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Ոչ միայն մենք, այլեւ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ ինքը շատ լաւ տարբերակում է Դաշնակցութեան ու Հանրապետականի դերը: Նաեւ իր ուղերձում էր նշել, որ ինքը յատուկ ու բարձր է գնահատում ՀՅԴի դերն ու քաղաքական ճանապարհը: Ինքն էլ ասում է, մենք էլ համակարծիք ենք, որ ՀՅԴն ունեցել է իր իւրայատուկ մօտեցումները: Այո՛, գործակցել ենք իշխանութեան հետ, երբ կարողացել ենք որոշ պայմանաւորուածութիւն ձեռք բերել մեր առաջարկած 7 կէտերի շուրջ: Յատկանշական է այն, որ վերջին 10-15 տարիները, որոնց մասին նշում էք, նոյն կոալիցիոն յուշագիրն ունեցել է նաեւ ԲՀԿն: Չգիտեմ՝ ինչու այս մասին չեն հարցնում Գագիկ Ծառուկեանին, որովհետեւ վերջիվերջոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ երկխօսութեան է պատրաստ նաեւ ԲՀԿի հետ, այդպէս էր նաեւ նախընտրական շրջանում: Անշուշտ, ՀՅԴն իր պատասխանատուութեան բաժինն ունի, յատկապէս այն ոլորտների, որոնց պատասխնատուութիւնը ստանձնել ենք: Սակայն սա չի հերքում իրողութիւնը, որ Դաշնակցութիւնը չի պահել իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրուայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿի ու միւսների նման չենք:

ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆ.- Դաշնակցութիւնն այն կուսակցութիւններից է, որն իրեն համարում է կայացած՝ նկատելով, որ այն քչերից է, որոնք ունեն գաղափարական հենք: Այդ դէպքում ինչպէ՞ս սոցիալիզմի (ընկերվարական-Խմբ.) գաղափարախօսութիւն ունեցող կուսակցութիւնը կոալիցիոն յուշագիր ստորագրեց պահպանողական ՀՀԿի հետ:

ՅԱԿՈԲ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Մենք մեր նախկին դասերից սովորել ենք, որ մենք այլեւս որեւէ գունաւորման՝ ձախ, աջ, թէ այլ իշխանութեան հետ կոալիցիա չենք կազմի, եթէ մենք վճռորոշ դեր չունենանք: Այսինքն՝ առնուազն պէտք է լինի իրավիճակ, որ խորհրդարանում մեծամասնութիւնը լինի 48 տոկոս, իսկ 10 տոկոս լինի ՀՅԴն, եւ 2ը միասին ստիպուած լինեն համագործակցել, որ խորհրդարանը մեծամասնութիւն ունենայ: Եթէ ոչ, ապա չի կրկնուի այն, ինչ եղել է անցեալում: Բայց մի բան ասեմ՝ համաշխարհային փորձառութեան մէջ շատ կան դէպքեր, որ աջ ու ձախ ուժերն իրար հետ համագործակցել են, օրինակ՝ Իսրայէլը, որի կառավարութիւնը մի քանի թեւից է բաղկացած՝ աջակողմեան, ձախակողմեան, ծայրայեղ կրօնական: Այս բոլոր կուսակցութիւններին համախմբում է պետական եւ համազգային շահը, թէպէտ տեղ-տեղ կարող են իրար հետ չհամաձայնել: Մենք նէոլիպերալ չենք, եթէ «Իմ քայլը» խմբակցութեան հիմնական հատուածն աջ է, չի կարելի ստեղծել միջավայր, թէ չպէտք է համագործակցենք միմեանց հետ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here