Չոտնձգե՛լ Մեր Ազգային-Պետական Սրբութիւններին

0
455

ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ
Պատմ., գիտ., դոկտոր, փրոֆեսէօր

Օրերս հեռուստատեսութեամբ դիտեցի ԱԺ փոխխօսնակ Ալեն Սիմոնեանի ելոյթ-առաջարկը Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը փոխելու եւ, փաստօրէն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգուեցի ու զայրացայ: Վերջին երկու-երեք տասնամեակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխութիւն է կատարւում, նման մի հարց է բարձրացւում: Ժողովրդական մի յայտնի խօսք կայ, թէ` ա՛յ տղայ, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:

Տնտեսական յեղափոխութեան նպատակ դրած կուսակցութեան ներկայացուցիչն այժմ փորձում է ոտնձգել մեր պետական խորհրդանիշերից` «Մեր հայրենիք» օրհներգին: Իմ տպաւորութեամբ, այդ երիտասարդն իր պոլշեւիկ պապերից ժառանգած կարօտախտ ունի` վերադառնալու համայնավարական «երանելի» ժամանակներին, որ այդպէս էլ չկայացաւ եւ, որպէս պատմութեան անաքրոնիզմ, փլուզուեց ու վերացաւ:

Յիշեցնեմ, որ ՌԴ-ում Փութին-Զուկեանով զոյգը կարողացաւ ելցինեան շրջանում ռուսական օրհներգը հեշտութեամբ փոխարինել ԽՍՀՄ տէրութեան օրհներգով: Այդ նոյն հոգեբանութեամբ, ամէն ինչում կրկնելով ռուսներին, փորձ է արւում նոյնն անել Հայաստանում: Սա եւս ցոյց է տալիս, որ հայն անկախ Հայաստանում հոգեբանօրէն դեռեւս անկախ չէ:

Երբ խօսւում է մեզանում պետականօրէն ընդունուած ազգային-պետական օրհներգի կամ միւս խորհրդանիշերի մասին, այստեղ արդէն չեն կարեւորւում լաւ ու վատ բնագիրն ու երաժշտութիւնը: Դա արդէն դառնում է երկրորդական հարց: Այս դէպքում արդէն խօսում է պատմութիւնը, ազգի ազատութեան, պայքարի ու յարատեւելու ոգի մարմնաւորող թեման: Բոլորիս է յայտնի, որ «Մեր հայրենիք»-ը փոխառութեամբ գրել է ազատութեան մեր մեծագոյն երգիչը: Շատ հնարաւոր էր, որ նոյնիսկ մի հասարակ գեղջուկ գրեր հայրենաշունչ, ազգային ոգի արտայայտող մի բանաստեղծութիւն, եւ դա այնքան սիրուէր ժողովրդի կողմից, որ հետագայում դառնար պետական օրհներգ:

Պէտք է նկատի առնել, որ «Մեր հայրենիք»-ը մարմնաւորում է հայ ժողովրդի դարաւոր ազգային-ազատագրական պայքարն իր ազատութեան եւ անկախութեան համար: 19-րդ դարի երկրորդ կէսին այդ գաղափարի հետագայ վիպական ու բանաստեղծական մարմնաւորողները եղան Րաֆֆին, Պատկանեանը, Ծերենցը եւ միւսները: «Մեր հայրենիք»-ը որդեգրեցին դարավերջին ձեւաւորուած հայ ազգային երեք կուսակցութիւնները, առաջին հերթին` ՀՅԴ-ն: «Մեր հայրենիք»-ը շուրթերին` կռւում ու զոհւում էին հայ ֆետայիները: Ինքնապաշտպանական կռիւների ժամանակ այն ոգի եւ շունչ էր տալիս հայ մարտիկներին: «Մեր հայրենիք»-ը եղել է ժողովրդական ամենասիրուած երգը: Աշխարհամարտի տարիներին ռուսական բանակում ծառայող Անդրանիկի, Դրոյի եւ միւսների կամաւորական խմբերն այդ երգով էին գնում հայրենիքն ազատագրելու: Արդէն օրհներգ դարձած այդ երգով էին կռւում Սարդարապատում ու Բաշ Ապարանում: Եւ, բնականաբար, հայոց եռագոյնի հետ «Մեր հայրենիք»-ը դարձաւ Ա.  հանրապետութեան խորհրդանիշը: Առաջին անգամ 1918թ. օգոստոսի 1-ին` Հայաստանի խորհրդարանի բացմանը օրը, բազմահազարանոց մարդկանց ներկայութեամբ զօրահանդէս անցկացուեց, եւ զինուորական երգչախումբը հնչեցրեց «Մեր հայրենիք»-ը: Ականատես բժիշկ Հ. Մելիքեանն իր յուշերում նկարագրում է, որ այդ պահին յուզմունքից ոչ միայն իր, այլեւ հաւաքուած բազում մարդկանց աչքերից արտասուքի կաթիլներ էին հոսում: «Մեր հայրենիք»-ով ու եռագոյնով մեծ տօնահանդէս կատարուեց նաեւ 1919թ. մայիսի 28-ին` Հայաստանի անկախութեան առաջին տարեդարձի կապակցութեամբ, որտեղ էլ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը կարդաց «Միացեալ եւ Անկախ Հայաստանի»  հռչակագիրը:

Հանրապետութեան անկումից յետոյ խորհրդային-համայնավարական իշխանութիւնները 70 տարի ուժով ու սպառնալիքով մոռացութեան մատնեցին «Մեր հայրենիք»-ը: Սակայն այն եռագոյնի հետ շարունակեց պահպանուել ու երգուել գաղթաշխարհում` ազգային տօնակատարութիւնների ժամանակ, հայկական կրթօճախներում, հասարակական ու մարզական կազմակերպութիւններում:

Արդէն նորանկախ Հայաստանում կրկին որդեգրուեցին Ա. հանրապետութեան խորհրդանիշները, քանզի մերօրեայ անկախ Հայաստանը Ա. հանրապետութեան ուղղակի հոգեւոր ժառանգորդն ու իրաւայաջորդն է` իր ողջ արժեհամակարգով: Մեր կարծիքով, երկրորդ հանրապետութիւն կոչուած Խորհրդային Հայաստանն օտարի կողմից հայ ժողովրդին պարտադրուած արհեստական պատուաստ էր, քաղաքական ու տնտեսական համակարգ, թերեւս` պատմական մի անաքրոնիզմ: Քաղաքական առումով, ՀՍԽՀ կոչուածն ընդամէնը ԽՍՀՄ կայսրութեան մի նահանգ էր` ոչ ինքնիշխան, ինքնուրոյն, ոչինչ չորոշող, որտեղ, սակայն, հայաստանաբնակներն իրենց ինքնութեանը յատուկ աշխատում ու արարում էին: Երբ ոմանք ասում են`  Բ. հանրապետութիւն, դա պէտք է հասկանալ յարաբերական իմաստով: Այն ժամանակ Հայաստանն անկախ ու ազատ էր այնքանով, որքանով մեր օրերում ազատ ու անկախ են Թաթարստանն ու Պաշկորտոստանը ՌԴ-ում:

Այնպէս որ, մեծագոյն սխալ է հրաժարուել Հայաստանի ներկայիս օրհներգից եւ դարձ կատարել թէկուզեւ երգահան Արամ Խաչատրեանի երաժշտութեամբ Խորհրդային Հայաստանը փառաբանող օրհներգին: Շեշտում եմ` դա քաղաքական, հոգեւոր, նոյնիսկ տնտեսական առումներով դարձ է դէպի խորհրդային ժամանակները, որի համար տակաւին երազում ու պայքարում են քաղաքականապէս տգէտ մարդկանց որոշ հատուածներ:

Յիշեցնեմ` «Մեր հայրենիք»-ը չի կարելի վերագրել ՀՅԴ-ին: Դա մեր ժողովրդի դարերի ու յատկապէս մէկուկէս դարի ազատութեան, անկախութեան, անկոտրում կամքի ու ոգու, պետականութեան վերականգնման խօսք ու երգի գեղարուեստական արտացոլումն է: Իսկ քանի որ այդ պայքարի գաղափարական ու կազմակերպական ղեկավար գլխաւոր ուժը եղել է ՀՅԴ-ն, ուստի այն, կամայ թէ ակամայ, կապւում է Դաշնակցութեան հետ, քանզի հայոց աւելի քան մէկ դարի պատմութիւնն անհնարին է պատկերացնել առանց Դաշնակցութեան: Յիշեցնեմ, որ օրհներգի դէմ պայքարողները չեն լինի, սակայն «Մեր հայրենիք»-ն ու ՀՅԴ-ն ժողովրդի հետ կը լինեն ու կը յարատեւեն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here