ԽԱՆԳԱՐՈՂ ԽՈՀԵՐ

0
535

 

«Ամբոխը զուրկ է իմացողութիւնից,

 ուստի պէտք է ազդել նրա

 զգացականի վրայ, վախը՝ օրինակ»։

Գիւստավ Լը Բոն

 

«Պատանեկան սխալները

 պատանեկութեան նման են.

Նրանք անհետանում

 են ժամանակի հետ»։

Ֆրանսական

Նախորդ  ապրիլ-մայիսեան երեւոյթը յեղափոխութիւն (անգամ թաւշեայ) որակողները բազում են, բայց մենք այդ կարծիքի չենք եւ այն գնահատում ենք իշխանափոխութիւն՝ այն պարզ պատճառով, որ գաղափարական առճակատում եւ ներդրում չի եղած եւ չէր կարող լինել՝ անգոյութեան պատճառով, մինչդեռ ի՞նչ անուն, որ տալու լինենք՝ այն եղավ ճի՛շտ ժամանակին, բաւարար պայմաններում եւ գոհացուցիչ արդիւնքով։

Բերկրաթմբիրը  (էյֆորիա) երկար չտեւեց,  եւ ոմանք, պարզամտօրէն կարծելով, թէ մէկ օրից միւսը շօշափելի նիւթական բարեփոխութիւն կ՝ունենան իրենց առօրեայ կեանքում եւ կենցաղային դժուարութիւններն յաղթահարելու բնագաւառում, արդէն սկսել են տրտնջալ՝ երբե՛մն տեղին, յաճա՛խ անիմաստ եւ ըստ աւանդութեան։

Պիտի չանդրադառնանք անցած ամիսների անցուդարձին,  դրական եւ բացասական  մեծ ու փոքր երեւոյթներին, միայն թէ դժուար է լռել կարեւոր, համընդհանուր շահերին դիպչող խնդիրների մասին։

Բոլորին է յայտնի, որ հանքարդիւնաբերութիւնը, բազում երկրների նման, նաեւ մեր երկրի տնտեսական կարեւոր «lօcomօtive»-ներից մէկն է, եթէ չասենք հիմքը։ Բայց ինչպէս է պատահում, որ օրը ցերեկով,– բոլորի գիտակցութեամբ, ներկայութեամբ եւ անշուշտ՝ ոմանց մեղսակցութեամբ,–  երկրի երկրորդ նախագահը,  Ամուլսարի հանքավայրը համարելով իր անձնական օրինական ժառանգութիւնը, գործակցութեան  պայմանագրեր է ստորագրում  «Lydian» -ի հետ, պայմանով, որ շահագործումը իրականացուի  «RENCO» եւ «AAB-costruction» ընկերութիւնների կողմից,  երբ այդ երկուսն էլ պատկանում են իր ընտանիքի անդամներին՝ իմա այդ ընկերութիւնների հիմնական պատասխանատուն է Քոչարեանի խնամի Արմէն Բադալեանը, որ բազմիցս է մամուլում արտայայտուել Լիդիանի օգտին կարեւորելով վերջինիս հարիւրաւոր միլիոն տոլարների ներդրումները։

Անկեղծօրէն այս բոլորի մէջ նորութիւն եւ զարմանալի ու գաղտնի ոչինչ չկայ, քանի որ հայկական մամուլը յագեցուած է զանազան մանրամասն տեղեկութիւններով. հուսկ իմանում ենք, որ միեւնոյն ընտանիքները բաժնետէր են նաեւ պղնձա-մոլիբդենային Քաջարանի արտադրութեան։

Աններելին ու անընդունելին՝ որոշ խաւերի գագաթնակէտին հասած տգիտութիւնն է։ Հէնց երեկ (05-02-19) Ջերմուկ  քաղաքի աւագանին բողոքի ցոյցեր է կազմակերպել այդ վտանգաւոր շրջանում հանքերի կամայական մշակումը արգիլելու պետական որոշման դէմ։

Յայտնի է, որ սուտն ու կեղծիքը յամառօրէն կրկնելու պարագային կարող են զբաղեցնել ճշմարտութեան աթոռը, եւ նրանցից առաւել մահացու եւ վտանգաւոր են մոռացումը, ցինիկ լկտիութիւնը եւ միտումնաւոր տեսնել չցանկանալը կամ անտեսումը, որին կարելի է աւելացնել հասարակական յիշողութեան բացակայութիւնը։ Նոյնչափ յայտնի է,  որ բազում երկրներում ընդերքի հարստութիւնը պատկանում է պետութեանը, այսինքն՝ համաժաղովրդական կալուած է, բացի ըստ երեւոյթին մի քանի պանանային երկրներից, մինչդեռ չգիտեմ՝  ո՛ր օրէնքի հիմունքներով կամ ի՛նչ ստուերային խարդախ միջոցներով մեր հանքային տնտեսութիւնը պետութեան փոխարէն գտնւում է 27 սեփականատէրերի ձեռքերում, որը  պէտք է լինի  միայն եւ միայն ազգային, իսկ ծայրագոյն պարագային երբ պետութեան միջոցները սահմանափակ են՝ այն կարող է գործել պարտադրաբար պետութեան մեծամասնական բաժնետիրական սկզբունքով։

Որեւէ ժողովուրդի առաջնակարգ հոգսը ապահով եւ բարգաւաճ համակարգ ստեղծելն է՝ հեռու ինչ-որ խմբակցութեան զարգացման կամ ոչնչացման գաղափարից, ահա կարծում ենք թէ այդ է պատճառը, որ բոլոր տեսակի ու չափի կազմակերպութիւններ անդամակցողներ են գտնում եւ նրանցից ոմանք բարձրաձայն աղմկում են արդարադատութեան կողմից քաղաքական հետապնդումների  իրագործման մասին, որ մեր ըմբռնումով այլ բան չէ, քան իրենց իսկ ստուերի յետեւում թաքնուելու միջոց։

Հայաստանը իր բարոյական պատուաւոր դիրքը կը կարողանայ վերանուաճել,  երբ բոլոր տեսակի սեփականաշնորհուած արտադրական, ուսումնական, առողջաբանական եւ բազում այլ եւ այլ ազգային արժէքները կը վերադարձուեն պետութեանը, որոնց շարքին չմոռանան պարգեւավճառային դրամաշորթումը դադարեն օրինականացնել։

Մեր երկրում շատերին անհանգստացնող առանցքային խնդիրների անտեսումը չի խանգարում, որ ոմանք շեշտեն եւ ազգային մակարդակով քննութեան նիւթ դարձնեն ազգային օրհներգի անհամապատասխանութիւնը ժամանակակից մեր կացութեան հետ եւ աւելի զարմանալի այդ հարցին ըմբոստ  ընդդիմադիրներին արկայութիւնն է։

Քանի որ միապետական համակարգը գործում է՝ ապա լուծում, կ՝ունենանք։

Այո՛, յուսանք եւ սպասենք։

06-02-19

Ռուբէն Յովակիմեան

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here