«Աստված օգնակա՞ն», թե՞ «Օրհնեցե´ք, Տեր Հայր»

0
396

«Աստված օգնական, Վեհափառ Տեր», «Աստված օգնական, Սրբազան Հայր», «Աստված օգնական, Հայր Սուրբ», «Օրհնեցեք, Տեր Հայր»: Սրանք այն արտահայտություններն են, որոնցով մենք ողջույնի և ցտեսության փոխարեն ասում ենք հոգևորականներին:

Ինչպե՞ս դիմել, ինչի՞ն ուշադրություն դարձնել նախքան բարևելը. այս հարցերի պատասխանները կփորձենք միասին բացահայտել:

Բոլոր այն հոգևորականներին, ովքեր հրաժարվել են ամուսնական կյանքից, ընտրել դեպի Աստված տանող բարդ ու պատասխանատու ճանապարհը, նրանց մենք պարտադիր ողջունում ենք «Աստված օգնական» դիմելաձևով: Դա բացատրվում է նրանով, որ Աստված օգնական լինի նրանց կյանքի բոլոր իրավիճակներում, որովհետև ընտրել են այնպիսի ուղի, որով ամբողջ կյանքում պարտավորվում են անցնել մենակ և դիմակայել բոլոր այն  մարտահրավերներին, որոնք սպասվում  են նրանց:

Այդ հոգևորականների շարքում են՝ կաթողիկոսը, եպիսկոպոսը, պատրիարքը, ծայրագույն վարդապետը, վարդապետը, աբեղան:

Հաջորդ դիմելաձևը, որով մենք ողջունում ենք քահանաներին՝ «Օրհնեցեք, Տեր Հայր»-ն է:

Ի տարբերություն վերը նշված հոգևորականների՝ քահանաներն ամուսնանում են: Հենց քահանաներն են, որ անմիջական շփում ունեն հավատացյալների հետ, ապրում են հովվական կյանքով և կատարում են բազմաթիվ ծիսական արարողություններ: Ուստի մենք քահանաներից հայցում ենք օրհնություն, սակայն դա չի նշանակում, որ կուսակրոն հոգևորականներն իրավունք չունեն մարդկանց օրհնելու:

Սովորաբար մարդկանց հետաքրքրում է այն հարցը, թե ինչպե՞ս հասկանալ տվյալ հոգևորականը ի՞նչ եկեղեցական դիրք ունի ըստ այդմ որոշել դիմելաձևը: Առաջնորդարանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ զրույցում պարզեցինք, որ տարբերակելու հիմնական միջոցը հագուստն է. «Մարդիկ երբեմն շփոթվում են, ոմանք էլ՝ չգիտեն: Ես միշտ հորդորում եմ մարդկանց, որ հարցնեն տվյալ հոգևորականին՝ ինչպես դիմել, դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Իսկ այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ծանոթ են եկեղեցական կոչումներին, ունեն որոշակի գիտելիքներ, ապա նրանց համար շատ հեշտ է կողմնորոշվել հագուստով: Կուսակրոն հոգևորականները վեղար են կրում, իսկ ամուսնացյալ քահանաները՝ ոչ: Քահանաները կրում են սև կապա, իսկ եպիսկոպոսներն ու կաթողիկոսը, բացի սևից, կրում են կապույտ, սպիտակ, մոխրագույն կապա, իսկ ահա կաթողիկոսը արտաքինով տարբերվում է նաև վեղարի վրա խաչ ունենալով: Ամուսնացյալ քահանաները կրում են ոչ ականակուռ լանջախաչ, իսկ վարդապետների լանջախաչը ականակուռ է: Եպիսկոպոսն ու կաթողիկոսը կրում են պանակե»:

Ահա այս փոքրիկ դետալների միջոցով կարելի է կռահել, թե ինչպես դիմել հոգևորականին:

Լիլիանա Օսիպյան

Աղբյուրը՝ qahana.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here