Ինչո՞ւ է Ավստրիան հայերին ցույց տալիս Հայաստանի ճանապարհը, և ո՞ր դեպքում սփյուռքահայերն ինքնակամ կգան Հայաստան. Սեպուհ Բաղդոյան

0
2582

Վիեննա (Նորանոր) _ Եւրոպայի մի շարք երկրներ ապաստան փնտրող հայերին  ցույց են տալիս հայրենիքի ճանապարհը: Ավստրիան այդ երկրների թվում է: Այստեղ հայկական համայնքը փոքր չէ, բաղկացած է մոտ 10 հզր հայից, ովքեր գաղթել են տարբեր ժամանակաշրջաններում: Նրանք իրենց երկրներից անկայուն իրավիճակի պատճառով արտագաղթածներն են՝ լիբանանահայեր, իրաքահայեր, պարսկահայեր, սիրիահայեր, իսկ վերջին 25 տաում՝ նաև հայաստանցիներ:

 

Համայնքը ակտիվ է, գաղութը՝ համերաշխ, գործում են հայկական եկեղեցիներ, կազմակերպություններ, ունի դեսպանատուն, իսկ կարևոր առավելություններից մեկը Հայաստանի հետ օդային ինտենսիվ կապն է, որի շնորհիվ Ավստրիան որպես միջանցիկ երկիր է ծառայում շատ հայերի համար:

 

Իսկ ինչպիսի՞ն են վերջին շրջանում ավստրահայերի տրամադրությունները, արդյո՞ք հետևում են նրանք Հայաստանի կյանքին, ոգևորվում ու պատրասվում հայրենադարձվել կամ ներդրումներ կատարել հայրենիքում: Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է ավստրիահայ համայնքի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա, «Արարատ» մարզական միության պատվո նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանի հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ Պարոն Բաղդոյան, հայտնի է, որ Ավստրիայի կառավարությունը հայաստանցիներին վերադարձնում է հայրենիք, խնդրում եմ մանրամասնեք՝ ո՞ր հայաստանցիների մասին է խոսքը, ի՞նչ թիվ են կազմում նրանք:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Հայաստանցի այն քաղաքացիները, որոնք անօրեն ձևով մտել են Ավստրիա և ապաստանյալի դիմում են արել, չի ընդունվում դիմումագիրը և ուղարկում են Հայաստան: Հիմնականում վերջին շրջանի եկողներն են, կարող եմ ասել 50-100 հոգի, իսկ մեծ մասը ստացել է ապաստանյալի կարգավիճակ և աշխատում է:

 

ՆՈՐԱՆՈՐ Վերջերս խոսակցություններ կային, որ Հայաստանի իշխանություններն են ուղղորդում այդ քաղաքականության, որպեսզի Հայաստանում խոստացված ներգաղթն ապահովվի, արդյո՞ք այդտեղ կարելի է փնտրել պատճառները:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Ես չեմ տեսել նման հրաման, բայց լինելու դեպքում կողջունեի: Ես ճիշտ եմ գտնում, որ հայկական իշխանությունները ջանք չպետք է խնայեն, հայերին վերադարձնեն հայրենիք: Արտագաղթը շատը է, պետք է ամեն ինչ անենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական գետնի վրա ուղեղները Հայաստանի համար աշխատեն: Մենք պիտի շարունակենք մեր ջանքերը, մեր երիտասարդները Համահայկական խաղերի ժամանակ Հայաստան որ տանում ենք, տարբեր խումբեր ենք տանում, որպեսզի ժողովուրդը ուժեղացնենք, դա է մեր դերը:

 

ՆՈՐԱՆՈՐ Այսինքն՝ եթե կառավարությունը նման քայլեր չտանի, չե՞ն լինի հայեր, ովքեր ինքնակամ կձգտեն վերադառնալ:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Ավստրիահայ երիտասարդությունը վերջին 20 տարիներին, երբ մասնակցում էին Համահայկական խաղերին և շփվում մեր ժողովրդի հետ, մոտ 6-7 ընտանիքներ մեծ ուրախությամբ փոխադրվեցին և անկախությունեն ի վեր հիմնվել են Հայաստան, կապերը չեն խզում Ավստրիո հետ, նման զգացումներ կան շատերի մոտ, մանավանդ երիտասարդության մոտ, մանավանդ հայաստանցիների մոտ, որքան ուժեղանա, վստահություն ընծայեն կառավարության ծրագրերը, շատերը մտածում են վերադառնալ Հայաստան: Այդպիսի անձնական տպավորություն ունեմ:

 

ՆՈՐԱՆՈՐ Իսկ վերջին տարում տեղափոխվածներ կա՞ն:

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Ես կարծում եմ, որ կանուխ է, հիմա որ նոր կառավարություն մը ստեղծվեց և 5 տարվա ծրագիրը կազմվեց, շատերը կամաց-կամաց կմտածեն նման քայլի մասին, սակայն մենք պետք է մտածենք, որ սփյուռքահայը հիմա շատ ավելի սերտ կապի մեջ է Հայաստանի հետ: Եթե նույնիսկ չի բնակվում Հայաստանում, տարին մեկ-երկու-երեք անգամ գնում է, մանավանդ ավստրիահայը, քանի որ շատ մոտ են, այդ առիթ է տալիս, ես օրինակ տարբեր բարեսիրական աշխատանքներ եմ տանում,  և այդ շփումը, որ ունեմ տեղացիների հետ, մեր այս մոտեցումը որքան դյուրանում է ճամփորդությունը, ավելի կապեր ենք ստեղծում, այսինքն՝ պայման չէ, որ մշտական ապրենք, որ օգտակար ըլնենք, մոտեցում մըն է, որ երթալով զարգանում է:

 

ՆՈՐԱՆՈՐ Դուք տարիներ առաջ ասել էիք, որ Հայաստանում կաշառակերությունն այնքան տարածված է, որ սփյուռքահայերը վախենում են ներդրում անել, այսօր փոփոխություն կա՞, արդյոք ներդրում սպասվո՞ւմ է:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Թունելի հեռուն որ նայում ենք, լույսի նշույլ տեսնում ենք, բայց ուժեղ չէ այդ լույսը, երթալով մոտեցուիմ ենք, ու հավատում ենք, որ ավելի լուսավոր պիտի լինի: Որևէ երկրում կաշառակերությունը արմատախիլ չենք կարող անել, սակայն այն պետք է այնպիսի ձևով լինի, որ ժողովուրդը մեծամասնությամբ, կամ ինչ որ ծրագիրներ կան, չազդվի այդ կաշառակերության բեռի տակ: Ես հավատք ունեմ, որ այս ուղին, որ նոր իշխանությունները բռնել են, երևի կտանի:

 

ՆՈՐԱՆՈՐ Կառավարությունը մշակել է առաջիկա 5 տարիների ռազմավարությունը և խոսում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմնական քայլեր պիտի մշակի, որ հավատ ներշնչի ներդրողի մոտ:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Առաջինը՝ կառավարության խորհրդականները, արտասահմանյան հայերը, որ խորհուրդ են տալիս, իրենց բռնած ուղին ճիշտ եմ գտնում, որովհետև որևէ երկիր աշխարհում կախյալ է մյուս երկրների տնտեսությունից: Որքան տնտեսությունը ուժեղ է, այնքան բնակչությունն օգտվում է ու ապագայի ծրագիրներ իրականացնում: Մենք հինգ տարբեր պատուհասներ ենք ստացել՝ երկու սահմանի բլոկադա, ունենք երկրաշարժ, պատերազմ, ունեցանք տնտեսական տագնապ, արտահոսք, այս հինգ պատուհասները շատ ուժեղ ձևով կարող էին մեզ նույնիսկ քարտեզից ջնջել, սակայն շարժվում ենք, և սփյուռք-Հայաստան ձեռք ձեռքի տված՝ կարողանում ենք առաջ գնալ: Եւ այդ տնտեսական առաջացումը բոլորիս օգուտ է նաև արտասահմանի հայերի համար, որքան սփյուռքահայը տնտեսապես ուժեղանա, իր ուժը կփոխանցի Հայաստանին, դա միակ միջոցն է, մեր նավթը տուրիզմն է, մեր ամբողջ ուժը պիտի տանք տուրիզմին, ինչպես Շվեյցարիան և Ավստրիան, ես ռազմավարական կարևորություն եմ տալիս, որ մեր իգական սեռը Հայաստանում նաև իր մասնակցությունը բերի երկրի պաշտպանության համակարգի մեջ՝ բանակայիններ, զինվորականներ, տարբեր խավերի մեջ իգական սեռն ավելանա ու դեր ունենա երկրի անվտանգությունն ապահովելու, որովհետև ուրիշ ելք չունենք, մենք չպիտի կարողանանք մեր պատմության մեջ որևէ ժամանակ ապահով ապրել: Ես պատերազմ սիրող չեմ, սակայն ծիծաղի ժամանակ ակռաները պիտի ցուցնել, որ ունենք ակռա, կարող ենք խածնել:

 

ՆՈՐԱՆՈՐ Թեև Դուք շեշտեցիք ներգաղթի տեսլականի մասին Ձեր մոտեցումը, որ սերտ կապեր կարող են պահպանվել, ամեն դեպքում դուք տեսնո՞ւմ եք Ձեզ ապագայում Հայաստանում:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Կասկած չկա, վիճակն այդպես է եղել, որ մենք ամբողջ ժամանակ հայրենիքի կարոտ ենք եղել, ես ունեմ տուն Երևանում, գնում-գալիս եմ, հարյուր հազար պարսկահայեր կան, որ հող ու տուն ունեն Հայաստանում, շատ հայեր այդ ուղղությամբ են գնում, վիճակն այնպիսին է, որ շատ հայեր մտածում են փոխադրվել Հայաստան, ոչ միայն սիրիահայեր, այլև լիբանանահայեր:

 

ՆՈՐԱՆՈՐ Հեռանկար՝ որպես այդպիսին, սփյուռքահայ երիտասարդը կտեսնի՞ Հայաստանում,  սոցիալական միջավայրը կբավարարի՞:

 

ՍԵՊՈՒՀ ԲԱՂԴՈՅԱՆ Եթե պայմանները լինեն խոստացածի պես, կասկած չունիմ, որ հայ երիտասարդը կնախընտրե հայրենիք գալ, բարգավաճել, մանավանդ հայաստանցի երիտասարդները, որ փոքր տարիքից են դուրս եկել, իրենց մոտ անորոշ հարց է, շվարած վիճկում են: Ուր որ հյուր ենք մենք, քաղաքական ու տնտեսական խաղաղություն կա, իսկ Հայաստանում այդ խոստումնալի վիճակը դեռ չկա կամ չի երևում, սրա համար որքան բարելավվի մեր տնտեսական միջավայրը, մթնոլորտը, հավատացած եմ, որ մեր երիտասարդները պիտի մտածեն փոխադրվել Հայաստան:

 

Մաղթում եմ, որ մեր բոլորի երազներն իրականանան, որքան շուտ, այնքան լավ, մեր ժողովուրդն ավելի շփվի հայրենիքի հետ, մանավանդ գյուղերի հետ, ոչ միայն Երևանի հետ: Իրենք են բուն հայրենիք պահողը:

 

Varduhi Arzumanyan

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here