ՀՀ կառավարության համար առանցքային նպատակադրում է երկրի տնտեսության ներառականությունը

0
1753

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

«Ի՞նչ է նկատի առնվում ներառական տնտեսություն  ասելով: Մեր երկրի տնտեսական աճը և տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից: Ինչպես նախկինում ասել եմ՝ Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընդհանուր վիճակի վրա և նույնիսկ ցնցումներ առաջացնել: Մեր նպատակադրումն է ստեղծել տնտեսական այնպիսի համակարգ, տնտեսության այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ և քաղաքացիներ, և նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված, հնարավորինս սփռված: Սա չի նշանակում, թե մեր պատկերացմամբ երկրում խոշոր ընկերություններ չպետք է լինեն կամ մենք բացասական ենք վերաբերվում խոշոր ընկերություններին: Ընդհակառակը՝ մենք հույս ունենք, որ Հայաստանում խոշոր ընկերությունների թիվը շարունակաբար կմեծանա, բայց մյուս կողմից համախառն արդյունքի վրա առանձին վերցրած ընկերությունների կամ մեկ ընկերության ազդեցությունը էական չի լինի, և այդ ազդեցությունները հավասարակշռված կլինեն այլ ընկերությունների գործունեությամբ, և, որ առավել կարևոր է՝ միկրո, փոքր և միջին բիզնեսով»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, ընդհանուր առմամբ կարող է արձանագրել, որ մեր տնտեսական նպատակադրումների մեջ կա շատ կարևոր շեշտադրում. «Մենք չենք ուզում, որպեսզի միկրոբիզնեսը մնա միկրոբիզնես, չենք ուզում, որ փոքր բիզնեսը մնա փոքր բիզնես, միջինը՝ միջին բիզնես: Մենք ուզում ենք, որ մեր տնտեսական այդ շերտերի միջև լինեն հաղորդակցության ուղիներ, և մեր տնտեսության ծավալներն աճեն, և միկրո, միջին և փոքր բիզնեսը խոշոր բիզնես դառնալու հնարավորություն ունենան: Այսպիսի հնարավորություն ստեղծելը մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակադրումներից է:

 

http://armenpress.am/arm/news/963902/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here