Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինեն մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը. Նիկոլ Փաշինյան

0
2302

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին է ներկայացնում ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների անելիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում Փաշինյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագիրը:

«Մեր նպատակը ձևակերպված է ԱԺ ներկայացրած ծրագրի հենց առաջին պարբերությունում. «Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքը արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանը էական մասնակցություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խոսքը բոլոր տեխնոլոգիաների մասին է:

«Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինեն առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն նաև էկոլոգիական բարձր չափանիշներին:

http://armenpress.am/arm/news/963895/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here