Ջաւախքի Եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական Կազմակերպութիւնների Խորհուրդի Յայտարարութիւնը

0
254

Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բուղաշէն գիւղում բարերարների միջոցով վերաբացուեց գիւղի արժանաւոր զաւակ, Խորհրդային Վրաստանի իրաւապահ համակարգի օրինապաշտ ներկայացուցիչ, 1990 թուականից՝ Հայաստանի Հանրապետութեան սահմանների պաշտպանութեան, այնուհետեւ նաեւ Արցախի ազատագրման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած հետախոյզ Միքայէլ Աւագեանի կիսանդրին, որը բուռն արձագանգ գտաւ ինչպէս Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական, այնպէս էլ Վրաստանի որոշ շրջանակների մօտ: Նշեալ շրջանակները, միահամուռ կերպով Միքայէլ Աւագեանին ներկայացնելով որպէս «ահաբեկիչ», պահանջում են Վրաստանի իշխանութիւններից ապամոնտաժել յուշարձանը: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակներ, տուրք տալով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներին, ձգտելով բորբոքել վրաց հասարակութեանը եւ նրանց տրամադրել իշխանութիւնների դէմ, յայտարարում են, թէ, իբր, Միքայէլ Աւագեանը հանդէս է եկել ոչ միայն Արցախում եւ «ահաբեկել» ադրբեջանցիներին, այլեւ հանդիսացել է աբխազական պատերազմի մասնակից եւ պայքարել Վրաստանի տարածքային ամբողջականութեան դէմ: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակների, նրանց թւում նաեւ ազգութեամբ ադրբեջանցի գործիչների այս վարքագիծը յղի է ազգամիջեան բախումների վերաճման եւ Վրաստանում անկայունութեան ստեղծման վտանգով:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, այս ամէնը որակելով որպէս

– Ադրբեջանի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու ակնյայտ դրսեւորում,

– Վրաստանի ընդդիմադիր շրջանակների եւ ազգութեամբ ադրբեջանցի գործիչների եւ Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական շրջանակների միահամուռ ջանքերով նախաձեռնուած հակահայկական սադրանք,

– Ակնյայտօրէն Վրաստանի պետութեան եւ պետականութեան դէմ ուղղուած գործողութիւններ,

– Տարածաշրջանում հայկական գործօնի դուրսմղմանը եւ Վրաստանի՝ Ադրբեջանից քաղաքական ու տնտեսական հողի վրայ կախեալ վիճակի խորացմանը ուղղուած ծրագիր,

Յայտարարում է.

– Միքայէլ Աւագեանը հանդիսացել է Խորհրդային Վրաստանի իրաւապահ համակարգի ներկայացուցիչը Աբխազիայում մինչեւ 1990թ., ով պաշտպանել եւ ներկայացրել է Վրաստանի պետական շահերը տուեալ Ինքնավար Հանրապետութիւնում: Այդ իմաստով Մ. Աւագեանի յիշատակը յարգանքի է արժանի ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մեր պետութեան՝ Վրաստանի կողմից:

– Միքայէլ Աւագեանը, 1990թ. տեղափոխուելով Հայաստանի Հանրապետութիւն, իր գործուն մասնակցութիւնն է ունեցել սկզբից ՀՀ սահմանների պաշտպանութեանը, այնուհետեւ՝ արցախեան գոյապայքարին, Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական բռնութիւնների դէմ, կատարել է յանձնարարականներ եւ զոհուել այդ գործողութիւնների ժամանակ՝ 1994թ.:

– Միքայէլ Աւագեանը 1990-1994թթ. գտնուելով ՀՀում եւ Արցախում՝ որեւէ կերպ չէր կարող մասնակցել վրաց-աբխազական պատերազմին, եւ այդ մասին տարածուած լուրերը վրաց ընդդիմադիրների ու ադրբեջանական քարոզչամեքենայի հիւանդ երեւակայութեան արդիւնք են,

– Վրաստանի՝ հիմնականում ընդդիմադիր լրատուամիջոցների եւ հասարակական-քաղաքական շրջանակների հանրայնացրած տեղեկութիւնները սպասարկում են հարեւան Ադրբեջանի շահերը եւ որեւէ ընդհանուր աղերս չունեն իրականութեան հետ,

– Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին տեղի ունեցող գործողութիւններն իրենց ամբողջութեան մէջ ուղղուած են Վրաստանի պետութեան եւ պետականութեան դէմ,

– Գնահատելի են Վրաստանի իշխանութիւնների ջանքերը, որոնք ուղղուած են հրահրուած խնդիրը քաղաքակիրթ տարբերակով լուծելուն, ներքին եւ արտաքին սադրանքները չէզոքացնելուն:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը դատապարտում է Վրաստանի ներքին գործերին միջամտելու դրսեւորումները, որոշների՝ քաղաքական նպատակներով երկիրը եւ տարածաշրջանը ապակայունացնելու փորձերը եւ այս ծանր օրերին իր զօրակցութիւնն է յայտնում Վրաստանի իշխանութիւններին:

ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՈՒԵՄՕ-ՔԱՐԹԼԻԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11.02.2019թ.

ք. Ախալքալաք

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here