«Կեանքի հայելի և մարդաբանութեան դասագիրք է երաժշտութիւնը»

0
2547

Հարցազրոյց

ԵՐԵՒԱՆ, 25 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ԱՐՄԵՆՓՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի 80-ամեայ յոբելեանի առիթով նշանաւոր երաժշտի հետ զրուցում է «Արմենպրես»-ի խմբագիր Յովհաննէս Այվազեանը:
«Երաժշտութիւն գրելն ինձ համար գործ չէ։
Ինքնարտայայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ…»
Տ. Մ.

 – Պարոն Մանսուրեան, «Արմենպրես»-ի հազարաւոր ընթերցողների՝ ձեր երաժշտութեան երկրպագուների անունից շնորհաւորում եմ ձեզ ձեր յոբելեանի առթիւ։ Փորձենք թերթել նշանակալից իրադարձութիւններով յագեցած ձեր կեանքի ամենակարեւոր էջերը և որոշ չափով գնահատել, ի մի բերել արուածն ու անելիքը, ապրուածն ու դեռ ապրուելիքը… Կարո՞ղ ենք հայրենադարձութիւնը համարել ձեր մանկութեան գլխաւոր իրադարձութիւնը` թէկուզ և ոչ միանշանակ. մի կողմից` ընտանիքի վերադարձը հայրենիք, պատմական արմատներին, միւս կողմից` խաղաղ, տաք, ընտել Բէյրութից յետոյ յետպատերազմեան կիսասոված, սառնաշունչ Արթիկ, Պեմզաշէն…-

-Ձիւների միջով հասայ դպրոց Բոլոր կողմնորոշումները կորցրած մոլոր տղայ էի, մինչ այդ ոչ ձիւն էի տեսել, ոչ յետպատերազմեան սով, ոչ խուլ գիւղ ու այդքան անծանօթ միջավայր։ Մօտեցայ դպրոցի միայարկ շէնքին։ Գլխահակ։ Ոտք դրեցի սանդղահարթակի առաջին աստիճանին, երկրորդին, երրորդից յետոյ հարթակն էր և դպրոցի միջանցք տանող դուռը։ Մտայ ներս։ Երբ աչքերս սովորեցին մթութեանը՝ միջանցքի աջ ու ձախ պատերին տեսայ ուրիշ տեսակ մարդկանց մեծադիր դիմանկարներ։ Ենթադրում եմ, որ Մաշտոցն ու Աբովեանը, Պուշկինն ու Թումանեանը և նրանց նմաններն էին… Մի քանի վայրկեան յետոյ հայեացքս իջեցրի նրանց դէմքերից և չեմ կարող գոյացած զգացումս հետագայ կեանքի ծրագիր համարել, բայց այդ պահը եղաւ դէպի այդ ուրիշ տեսակ մարդկանց աշխարհը ձգտելու սկիզբ։ Դա փառքի հասնելու ճամբան բռնել չէր, դա ինձ համար ելք էր դաժան իրականութիւնից, որում յայտնուել էի։ Այս դրուագը մշտապէս ինձ հետ է, կեանքիս այս մի քանի վայրկեանները չափազանց յստակ եմ յիշում, և դրանք կարող են արթնանալ իմ մէջ ուզած ակնթարթի։ Այդ օրից անցած եօթանասուն և աւելի տարիների իմ բարձունքից միստիկ այդ պահը ներկայանում է ինձ իբրեւ անքննելի ու առեղծուածային մի խորհուրդ։ Երկար ու ձիգ տարիների անցնելիք ճանապարհիս առաջին քայլը պիտի դառնար դա՝ ճակատագրի պէս որոշակի, վերեւից իջած պայծառացում իբրեւ։ Դպրոցի միջանցքի այդ մի քանի միստիկ վայրկեանները իմ ամէն օրն են, երբ արթնանում եմ Կոմիտասի, Չարենցի և այն աշխարհում ապրող՝ ինձ հոգեհարազատ միւս անունների հետ… Եւ ամէն օրս սկսւում է այս ընտանիքի հետ յարաբերուելու պայմանով։

 

– Ձեր առաջին շփումը երաժշտութեան հետ: Դուք յաճախ էք կրկնում, որ նախնական երաժշտական կրթութիւն չունէք, նոտաներ, սոլֆեջիո, մասնագիտական տարրական գրագիտութիւն սովորել էք ինքնուրոյն: Այնուհետեւ՝ Լենինականի երաժշտական ուսումնարան, Երեւանի Ռ. Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան, Կոմիտասի անուան կոնսերվատորիա… Ինչպե՞ս ծնուեց կամ արթնացաւ սէրը դէպի երաժշտութիւնը:
– Շատ փոքր էի, բէյրութեան մեր բակից դուրս էի գալիս փողոց, գնում նպարեղէնի խանութ։ Ճանապարհին դրացիներից մէկի պատուհանն էր, և այնտեղից յորդում էր ռադիոյով հնչող երգը։ Ես անցնում էի այդ երգի միջով։ Մի քանի քայլ յետոյ յաջորդ պատուհանն էր, այստեղից ուրիշ երգի հնչիւններ էին գալիս դէպի ինձ։ Այսպիսով, մինչեւ խանութ հասնելս մի երգից միւսն էի մտնում։ Ետ գալս էլ երգի ճանապարհ էր։ Այդ երգերից մի քանիսը մինչեւ հիմա յիշում եմ՝ մեղեդիներով, բառերով։ Մեր տանն էլ երգ կար։ Հայրս այն տարիների Բէյրութի հայկական հաւաքատեղիներում, դրացիների հաւաքներում մշտապէս սիրուած երգեցիկ ձայնն էր։ Մեր ընտանիքի վեց անդամներով մենք միշտ ապրել ենք երաժշտութեան ներսում՝ տանը երգելով, դրսում ուրիշների երգը լսելով։ Այսպիսի տեւական հաւատարմութիւն մենք մեր տանը մէկ էլ ունեցել ենք հայերէնի՝ հայոց լեզուի նկատմամբ։ Յետոյ գալիս էին տոկալը, հումորը, պարտականութիւններին, աշխատանքին տրուելը։ Աւանդական արժէքներով ապրող սովորական հայ տուն ենք եղել։ Եւ այստեղ երաժշտութիւնը ապրուող կեանքի թեւակից ընկերն էր՝ նախաստեղծ և ոչ դրսից յայտնուած։ Ինչպէս որ մենք՝ վեցս, իրար էինք սիրում, այդպէս էլ վեցով երաժշտութիւնն էինք սիրում։ Ես հիմա էլ կարող եմ երգել մօրս՝ ինձ երգած օրօրոցայինը, և այդ մեղեդին հիմա էլ է յուզում ինձ, երբ ներքին լսողութեամբ էութեանս է հասնում մօրս ձայնով հնչող «Քնի՜ր, մանկիկ, քնի՜ր…» բառերի հետ… Շատ յուզիչ է… Օ՜ֆ…

– «Երաժշտութիւն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտայայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ…»։ Գրեթէ քառասուն տարի առաջ այսպէս էք ասել ձեզ հետ վարած իմ զրոյցում։ Եթէ այսօր նորից տայի, ինչպէ՞ս կը պատասխանէիք «Ինչ է ձեզ համար երաժշտութիւնը» հարցին։
– Երաժշտութեան հետ ապրելու այս երկար տարիների ընթացքում ես նրանից այնքա՜ն բան եմ սովորել։ Սովորել եմ ինձ յայտնաբերել… Սովորել եմ ինձ յայտնաբերել շերտ-շերտ, հնարաւոր յստակութեամբ ճանաչել դէպի հնչիւնների արուեստ եկող մարդկային որակները, դրանց ներսի կայունը, ամուրը, փխրունը, զուսպը, պարկեշտը և այս կարգի բաներ։ Դրանք գործի սկզբում մարմին են առնում մի բուռ հնչիւնների յարաբերութիւնից՝ հասնելու մինչև դրամատուրգիական կառոյց և կոմպոզիցիոն ամբողջութիւն։ Այս արժէքների մարդկային խորհուրդն ինձ համար առաւել ճանաչելի է դարձել, երբ ձգտել եմ հասնել իրենց ձեւակերպմանը երաժշտութեան մէջ։ Եթէ կ’ուզէք, կեանքի հայելի և մարդաբանութեան դասագիրք է երաժշտութիւնը, որ շարադրել են Արեւելքի և Արեւմուտքի դասականները, մեր եկեղեցու ծառաները… Եւ երբ իմ ապրող լռութեան ապակուն խազագրում եմ իմ իմացած մարդաբանութիւնը, գնում եմ ինքնաճանաչման ճանապարհով՝ մարդ ճանաչելու ճանապարհով… Մի ուրիշ անգամ կը քննարկենք նաեւ գեղեցիկի հարցեր…

– Ո՞րն էք համարում ձեր առաջին լուրջ ստեղծագործութիւնը. «Պարտիտա՞ն», արդեօք, որ գրել էք մօտ հինգուկէս տասնամեակ առաջ՝ ուսանողական տարիներին, Քուչակի խօսքերով գրուած չորս հայրե՞նը (1967)…
– Թող ժամանակն ու ունկնդիրը որոշեն։ «Պարտիտան» կարեւոր ծնունդ եղաւ ինձ համար։ Երկու տարի յետոյ «Չորս հայրենները» ծնուեցին։ Նուագախմբային այն գործում ուրիշ՝ համադրումներից, սինթեզումներից եկած կարողութիւններ յայտնուեցին, հայրենները այլ էին։ Այնտեղ հոծ հնչողութիւն պարունակող նուագի եռանդն էր, հայրեններում՝ հայերէնի թանձր ու շլացուցիչ հնչերանգները։ Վերջերս աչքովս ընկաւ Իսահակեանի մի գրառումը, ահա այն. «Հայոց լեզուն առնական է շնորհիւ իր շատ բաղաձայնների»։ Ի՜նչ խորը խորհուրդ հայերէնի մեջ ապրող երաժշտի համար։ Ո՜ւր էր, թէ մեր երգիչ-երգչուհիներից ոմանք իրենց երգեցողութեան մէջ բաղաձայններ յստակ արտաբերել, պայթեցնել կարողանային՝ արդիւնքում կայացնելու համար հայոց լեզուի առնականութիւնը։
– Մաեստրօ, ձեր գործունէութեան մէջ բաւական յաճախ էք դիմել հայ և համաշխարհային գրականութեանը: Վոկալ շարքեր էք գրել Շնորհալու, Թումանեանի, Իսահակեանի, Տերեանի, Չարենցի, Լորկայի, Կ. Զարեանի, Դաւոյեանի, այլ հեղինակների բանաստեղծութիւնների հիման վրայ, բալետ` ըստ Անդերսենի «Ձիւնէ թագուհի» հեքիաթի: Աւստրալիայում կայացած քրիստոնեաների համաշխարհային վեհաժողովի օրհներգի (լատիներէն) հեղինակն էք, դարձեալ լատիներէն տեքստով հեղինակել էք արդէն միջազգային ճանաչման արժանացած «Ռեքվիեմը»… Ինչպէս տեսնում ենք, գրականութեան հետ ձեր կապն առ այսօր ամուր էք պահում ոչ միայն որպէս սոսկ մոլի ընթերցասէր:
– Բանաստեղծութիւններ սկսել եմ գրել դեռեւս երկրորդ դասարանում։ Թող ներուի ինձ ասել՝ այդ վատ սովորութիւնը տեւեց մինչև 1969 թուականը, երբ արդէն երեսուն տարեկան էի։ Այդ տարիներին երաժշտութիւն գրելու ճանապարհը ես անցնում էի մեծ յաղթահարումների գնով։ Եւ մի օր ինքս ինձ ասացի. «Քո բանաստեղծութիւն գրելը վայրկենական բռնկումի արդիւնք է, արագ գրում ես ու ասում՝ եղա՛ւ»։ Այդ օրն, ուրեմն, ինքս ինձ ասացի. «Յաղթահարելու դիմադրութիւնը, որ անցնում ես երաժշտութիւն գրելիս, քո տարիքի տղաներն անցնում են բանաստեղծութիւն գրելիս։ Դու վերջ տուր այդպէս հեշտօրէն բանաստեղծելու «վատ սովորոյթին», այդ գործը թող անեն նրանք, ովքեր կարող են նոյն բանաստեղծութեան քանի՜-քանի տարբերակներ ստեղծել, ինչպէս դու այդ անում ես երաժշտութիւն գրելիս։ Ուրեմն, թող իրենք էլ այդ բանաստեղծութիւնը գրեն. իսկ դու քո գործն արա»։ Այսպէս ես պատռեցի բոլոր բանաստեղծութիւններս և ազատուեցի դրանցից ու այլեւս չվերադարձայ այդ աղտոտ գրամոլութեանը։
Գիրքը միշտ է ձեռքիս։ Իրօք, մոլի ընթերցող եմ եղել ամբողջ կեանքում։ Փոքր տարիքիս գիշեր էի լուսացնում գեղարուեստական գրքի վրայ, յետոյ հարբածի նման գնում էի դպրոց։ Ոչ միայն ընթերցանութեան հանդէպ իմ սէրն էի վայելում, այեւ սիրում էի ապրել գրքի իրականութեան մէջ։
Ռուսաց լեզուն բաւական ուշ սովորեցի։ 17 տարեկանում ընդունուեցի Երեւանի Ռ. Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան և յայտնուեցի իմ տարիքի ռուսախօս տղաների, աղջիկների շրջապատում։ Այն տարիների երաժշտական աշխարհում ընդունուած, գործածական լեզուն ռուսերէնն էր։ Երաժշտութեան մասին հայերէն լեզուով չորս-հինգ գիրք կար ընդամէնը։ Հարկադրուած էի ռուսերէն սովորել։ Հեմինգուէյի հատորը ծայրեծայր կարդացի՝ տեղ-տեղ հասկանալով, տեղ-տեղ կռահելով, աւելի շատ չհասկանալով։ Այս ձեւով իմ առաջ սկսեցին հետզհետէ բացուել ռուսերէնի դռները։ Անգլերէնին, ցաւօք, չհասայ։ Շատ էի կարդում օտարերկրեայ գրողներին։ «Ինոստրաննայա լիտերատուրա» գրական ամսագրի երկար տարիների հաւաքածու ունէի։ Համեմատաբար վերջերս յայտնաբերեցի, որ Չեխովի վրայով հապճեպ եմ անցել։ Ինքս ինձ ասացի. «Չի կարելի այն աշխարհ գնալ առանց պատշաճ մակարդակով Չեխով իմանալու»։ Հիմա գիտեմ, թէ այսօր ինչ սուր վէճ կայ սովետական չեխովագիտութեան և ներկայիս չեխովագիտութեան միջեւ։ Մայնցում ապրող այն աղջիկը, որի մօր հետ մտերիմ էինք, այդպէս էլ նկուղային յարկից դուրս չեկաւ, երբ ես ու կինս այցելում էինք իրենց տուն։ Մայրն ասում էր՝ կարդում է, ամէն գիրքը երկու և աւելի անգամ պիտի կարդայ։ Այդպէս էլ չտեսածս աղջկա հանդէպ խոր յարգանքի զգացում ունեմ։ Հիմա հազուադէպ է պատահում, որ գիրքը մէկ անգամ կարդալով բաւարարուեմ։
Հայերէնը սիրում եմ այնքան, որ երբեմն ասում եմ. «Ես հայոց լեզուի երաժիշտն եմ»։ Քիչ առաջ ասացի, որ քուչակեան հայրեն երգել եմ դեռ ուսումնառութեան տարիներիս։ Մինչեւ հիմա ինձ հետ է այն տարիների հաճոյքը, որ վայելում էի հայրենների շեշտադրութեան ու բաղաձայնների զրնգունութիւնից։ «Քանի քո քովէդ գնացի…»։ Տես, է, ի՜նչ ք-եր են՝ քարերի պէս վերեւից թափուող»։ Դրանք տուֆ քարեր չեն, որձաքարեր են։ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղօթաշարից տասնչորս աղօթքը կարողացայ երաժշտութիւն բերել, մնացեալ տասը, չգիտեմ, պիտի կարողանա՞մ գրել, Բաղդասար Դպիրը մեծ բաւականութեամբ երգեցի։ Պիտի ուզէի նրա բանաստեղծութիւնից եկած երգերի թիւն աւելի մեծ լինէր իմ ձայնադարանում։ Թումանեանի վեց բանաստեղծութիւնները խմբերգերի շարք դարձան։ Ունեցել եմ Տէրեանի հետ ապրելու տարիներ, իրենից վեց բանաստեղծութիւն երգեցի։ Իսահակեանին շատ ուշ հասայ։ Ամէնից շատ կապուեցի Չարենցի հետ։ Նրա բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած իմ մեներգերի և խմբերգերի շարքը մի ամբողջ համերգի ծրագիր կարող է լինել։ Տեւական շփումներ ունեցայ մեր արդի գրողներից շատերի հետ։ Անմոռանալի են շփումներս Կոստան Զարեանի հետ. նրա բանաստեղծութիւններով մի քանի գործ եմ գրել։ Տարուած եմ եղել Սեւակով, քանի՜-քանի անգամ փորձել եմ երգել իր բանաստեղծութիւնը… այդ չեղաւ ու չեղաւ։ Ես ուզում էի իմ երգելը, իր բանաստեղծութիւնը չէր ուզում։ Մի օր էլ մտածեցի. «Երեւի, իմ այս անկարողութիւնը նրանից էր, որ նրա բանաստեղծութիւնը չափազանց է արու, դէպի երգեցողութիւն չբեկուող»։ Շատ մօտ էի Համօ Սահեանի հետ։ Աղայեան փողոցի երկու կողմում դիմաց-դիմաց կանգնած են մեր շէնքերը։ Հինգերորդ յարկի իմ պատշգամբից հայեացքս գնում է հինգերորդ յարկի իր պատշգամբին՝ ես կամ, ինքն ահա արդէն քանի տարի չկայ։ Իր հետ «Մայրամուտի երգեր» խորագրով շարք արեցի՝ չորս երգից բաղկացած։ Լսել, հաւանել էր այդ երգերը, ինչի մասին մի գրութիւն էլ թողել է։ Այդ երգաշարը նուիրեցի քրոջս՝ Արաքս Մանսուրեանին, որն այն տարիների իմ երգերի լաւագոյն կատարողը եղաւ։
Այսօրուայ մեր գրողներից շատերին գիտեմ ու ոմանց շատ եմ սիրում։ Նրանց հետ աւելի մօտ ընկերութիւն կ’անէի, բայց իրենք, մտածում եմ, իրենց երամի թռչուններն են, ես այնտեղ չկամ։ Երեւանում այսօր ապրող երիտասարդ տարիքի երաժիշտների՞ն եմ աւելի սիրում, թէ գրականութեան տղաներին, աղջիկներին՝ չգիտեմ։ Երբեմն ինձ թւում է պատանեկութեան տարիներին բանաստեղծութիւններ յօրինող այն տղան դեռ իմ մէջ է և հետեւում է հիանալի բանաստեղծութիւններ գրող այսօրուայ տղաներին, աղջիկներին։
Այս օրերին նշուելու է իմ 80-ամեակը, յոբելեանի կազմակերպիչներին ասել եմ. «Իմ ակնկալիքը համերգային երկու երեկոյ է. մէկը Աւետիք Իսահակեանի բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած խմբերգերով ու մեներգերով, միւսը՝ Եղիշէ Չարենցի բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած խմբերգերով ու մեներգերով։ Մնացածը ձեր որոշելիքն է»։

– Ձեր գրեթէ իւրաքանչիւր նոր ստեղծագործութիւն երեւոյթ է դառնում առաջին անգամ հնչելուց անմիջապէս յետոյ: Ընդ որում, այսպէս է ոչ միայն լուրջ երկերի դէպքում, այլև մանկական երաժշտութեան, կինօ և թատերական երաժշտութեան պարագայում: Եւ, այնուամենայնիւ, կարո՞ղ էք անուանել ձեր լաւագոյն մէկ-երկու գործը` ձեր իսկ գնահատմամբ և հակիրճ մեկնաբանմամբ:
– Պատահել է, որ տարիներ առաջ գրած գործերիցս մէկնումէկը հաւանել եմ, բաւարարել է ինձ, բայց ես իմ երաժշտութիւնը չեմ լսում։ Մէկ-երկու րոպէ լսելուց յետոյ փախչում եմ իմ գործից։ Մի օր հանդիպեցի Ստրավինսկու մտքին, որ ասում է՝ իմ ստեղծագործութիւնն ինձ հետաքրքրում է այն պահին, երբ գրւում է, յետոյ՝ այլեւս ոչ։ Լուտոսլավսկին էլ նոյնն է ասել։ Իմ ընկեր հայ կոմպոզիտորներից մէկն ամէն օր իր գործերից մէկ-երկուսը լսելու սովորութիւն ունէր։ Մտովի ասում էի այդ մարդուն. «Երանի ինքնագոհութիւն բաւարարելու քո ախորժակին»։
Հիմա տեսէք, ձեզ եմ ասում՝ իմ գործերից որը դուք հաւանէք, այն էլ ես կը հաւանեմ։ Վերջերս Երեւանում էր անգլիահայ ջութակահար Լեւոն Չիլինկիրեանը։ Տարիներ առաջ նրա խնդրանքով մի գործ էի գրել, որը երբեւէ չէի լսել ոչ կենդանի հնչողութեամբ, ոչ էլ ձայնագրութեամբ։ Տեսնեմ, երեւանեան իր համերգի ծրագրում դա էլ է ներառել։ Շատ անհանգիստ էի, մտածում էի՝ չլինի՞ այնպէս, որ խայտառակուեմ քսանհինգ տարուայ հեռաւորութեան իմ գործի հետ առաջին անգամ հանդիպելուս արդիւնքում։ Համերգին նախորդած փորձերի ընթացքում մի քանի աննշան շտկումներ արեցի։ Համերգին հնչեց, խայտառակ չեղայ։ Կորած-մոլորած այդ գործս տարիների հեռաւորութիւնից եկաւ տուն, և իմ ուրախութիւնը դա էր։

– Խորհրդային Միութեան փլուզումը մի անգամ որակեցիք որպէս Ձեր ամենամեծ երազանքի իրականացում: Բայց «Սովետի ժամանակներում» կարծես թէ այնքան էլ չէր զգացւում ձեր դժգոհութիւնը իշխող համակարգից, դուք այլախոհների մէջ չէք եղել: Թէ սխալւո՞ւմ եմ:
– Հիմա ամաչում եմ, որ համարել եմ իմ ամենամեծ երազանքի իրականացումը։ Բայց այն տարիներին ինձ նման մէկը համարւում էր «միոտանի այլախոհ» («Одноногий диссидент»,- այսպէս էր անուանում Լեւոն Ներսիսեանը իրեն, ինձ ու մեզ նմաններին)։ Սովետի փլուզումը Հրանտ Մաթեւոսեանը շատ ծանր տարաւ։ Ցաւոտ այս հարցի շուրջ չէի ուզենայ երկար ծաւալուել։ Ամբողջ մի կայսրութիւն քանդուեց։ Ամէնուրեք կորուստներ ու ցաւեր եղան։ Նաեւ՝ այլանդակութիւններ, պատերազմներ։ Մի կողմ թողնենք ինձ ու իմ երաժշտութիւնը… Ամենակարեւորն ու ուրախալին՝ Արցախն անկախացաւ։
– Հայաստանի անկախութեան տարիներին ձեր երաժշտութիւնը նորանոր եզերքներ է նուաճում: Արտասահմանեան պատուէրներ, կատարումներ ամերիկեան, եւրոպական, ասիական երկրների դահլիճներում, ձայնագրութիւններ աշխարհի լաւագոյն ընկերութիւններից մէկում (Գերմանիա, ECM): Եւ, վերջապէս, երկու անգամ «Գրեմմի» մրցանակի նոմինանտ: Այնպիսի տպաւորութիւն ունեմ, ցաւօք, թէ մեզանում չի զգացւում երաժշտասէրների հետաքրքրութեան աճ ձեր լուրջ երաժշտութեան նկատմամբ: Միջազգային ճանաչման արժանացած «Ռեքվիեմի», կոնցերտների, վոկալ շարքերի, բագատելների, սոնատների ժամանակը դեռ գալու է… Ունկնդիրները, սակայն, արդէն չորս տասնամեակ հիացմունքով կրկնում են միայն` Մանսուրեան, «Կտոր մը երկինք»…
– Է՛հ, գոնե այդ մէկ կամ մի քանի մեղեդիները կան, որ երբեմն հոգու թեթեւութիւն են բերում ունկնդրին։ Դժուար ժամանակների միջով ենք անցնում։ Նախորդ հարցդ նկատի ունենալով՝ կարող էի աւելացնել. բայց սովետական տարիներին իմ այս կատարումները, ձայնագրութիւնները, հրատարակութիւնները չէին լինելու, չէ՞… Փառք Աստծոյ, այս ամէնը կայ։ Գոհունակութեան այս նոտային արի նըւնըւոց չաւելացնենք։ Ինչ որ կայ՝ լաւ է։

– Ռուս նշանաւոր կոմպոզիտորներից մէկը՝ ձեր ընկեր Անդրէյ Վոլկոնսկին ասել է. «Մանսուրեանն աւելի շատ ֆրանսիացի է, քան գերմանացի»։ Ինչպէ՞ս հասկանանք։ Ի՞նչ շերտեր կան մեծ երաժշտի այս գնահատականում։
– Հայ երաժշտութեան և, յատկապէս, կոմիտասեան երաժշտության մէջ լիուլի ներկայ հնչիւնային գունամտածողութիւնը, բնապատկերի ազատ շնչառութիւնը նոյնքան շօշափելիօրէն ներկայ են ֆրանսիական դասական երաժշտութեան մէջ։ Ինձ համար կարեւոր է ևս մէկ կէտ. հայոց լեզուն, ինչպէս նաև ֆրանսերէնը կայուն շեշտադրական համակարգ ունեն, այս երկու լեզուներում շեշտը միշտ վերջին վանկի վրայ է։ Ռուսերէնը, գերմաներէնը և այլ լեզուներ համարւում են թափառող շեշտադրական համակարգ ունեցող լեզուներ։ Այլ համակարգեր ունեցող լեզուների մասին չխօսենք… Իմ խորին համոզմամբ, լեզուի շեշտադրական այս համակարգը մեծ ազդեցութիւն ունի երաժշտական մտածողութեան վրայ. չէ՞ որ լեզուն երկու խարիսխների վրայ է յենուած. մէկը նրանում պարունակուած միտքն է, միւսը՝ հնչիւնը։ Տեսաբաններն այս պարագայում լատիներէն երկու եզրոյթ են գործածում՝ «սեմանտիկա» և «ֆոնետիկա»։ Երաժշտի ձեւաւորման, կայացման ընթացքում տարբեր այլ սնուցիչների կողքին մեծ դեր ունի լեզուն, որով նա խօսել, մեծացել է։
Իմ ամենասիրած եւրոպական օպերան Դեբիւսիի «Պելեաս և Մելիզանդան» է։ Երբ գերմանացի Ռիխարդ Շտրաուսը որոշում է իր հերթական օպերան ֆրանսերէնով գրել, դիմում է Ռոմէն Ռոլանին՝ խորհուրդ հարցնելով, թէ ֆրանսիացի ո՞ր կոմպոզիտորին պէտք է առաւելաբար հետևել ֆրանսերէնը երաժշտութեան բնագաւառ բերելիս։ Ռոմէն Ռոլանը նրան խորհուրդ է տալիս կողմնորոշուել դէպի Դեբիւսիի յիշածս օպերան։
Տարիներ շարունակ ինձ սիրելի են Կլոդ Դեբիւսիի՝ ֆրանսիական պոէզիայի հիման վրայ ստեղծած 64 երգերը։ Էլ չեմ խօսում Դեբիւսիի, Ռավելի գործիքային երաժշտութեան մասին…
Բայց իմ ուշադրութիւնը միայն երաժշտական Ֆրանսիայի նկատմամբ չի եղել… Ուրախ եմ, որ ձեր հարցի մէջ յիշեցիք իմ սիրելի իշխան Անդրէյ Վոլկոնսկուն…

– Ձեր յոբելեանի առթիւ ինքներդ ձեզ ինչպիսի՞ նուէր էք անում, արդեօք: Գուցէ նոր ե՞րկ է դա: Եթէ այդպէս է, կարելի՞ է իմանալ՝ ինչ էք գրում:
– Ինձ այնպէս է թւում, թէ նորից՝ արդէն քանիերորդ անգամ նորոգուելու նախադռանն եմ հասել։ Չգիտեմ՝ նոր դուռ պիտի բացուի՞։ Եթէ դուռ բացուելու է՝ իբրև ջերմեռանդ որոնող պիտի ուզէի վաղուայ որոնումներում ինձ առաջնորդողն ու ուղենիշը «Խորհուրդ խորին» տիեզերածաւալ մեղեդին լինէր։ («Գիտե՞ս այդ մեղեդին,- հարցնում է կոմպոզիտորը,- Կոմիտասի «Պատարագի» մուտքն է»,- ասում է ու ոգեշնչուած երգում մի հատուած)։
– Ինչպե՞ս էք վերաբերում համաժողովրդական սիրուն, որով շրջապատուած էք, փառքին, կառավարական և այլ պարգեւներին, կոչումներին, մրցանակներին, որոնք, թւում է, բոլորն արդէն ունէք: Մի անգամ` կարծեմ ձեր 75-ամեակի առիթով, երբ ձեզ առաջարկել են, որ ինքներդ ընտրէք կառավարական պարգեւը, որը կ’ուզենայիք ստանալ, կէս-կատակ, կէս-լուրջ պատասխանել էք. «Ամէն ինչի արդէն արժանացել եմ, ոչ մի բան չի մնացել, որ շնորհէք»: Եւ չեն շնորհել: Բայց, իրականում, չունէք կոչումներից բարձրագոյնը` Հայաստանի ազգային հերոսի կոչումը…
– Համարիր, որ դու այդ կոչումն արդէն ինձ տուեցիր, և ես էլ համարում եմ, որ արդէն հերոս եմ հիմա։ Ճիշտ է, որ ես ինձ փողոցում էլ նոյնքան ապահով եմ զգում, որքան իմ տանը՝ քո թուարկած ուշադրութեան արտայայտութիւնների շնորհիւ։ Կարեւոր է յատկապէս այս էլ քանի տարի միայնակ ապրողիս համար։

– Սերգէյ Փարաջանովը «Նռան գոյնի» ձեր երաժշտութիւնն անուանել է հանճարեղ։ Այլ գործերի առնչութեամբ ձեր հասցէին հնչած «հանճարեղ» բառը լսել եմ հռչակաւոր թաւջութակահարուհի Նատալիա Գուտմանից, անուանի դիրիժորներ Էդուարդ Թոփչեանից, Ռոբերտ Մլքեյեանից, ձեր քրոջից՝ նշանաւոր երգչուհի Արաքս Մանսուրեանից, ուրիշներից։ Այդպէս էր մտածում ձեր կինը՝ Նորա Ահարոնեանը, որ մասնագիտութեամբ երաժշտագէտ էր և հանրապետութեան լաւագոյն մանկավարժներից մէկը, բայց չէր բարձրաձայնում։ Ինքս էլ, թող ներուի համարձակութիւնս, տարբեր առիթներով այդպէս բնորոշել եմ ձեր ստեղծագործութիւնը։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այդ գնահատականին։
– Մի օր իմ արուեստագէտ ընկերներից մէկին նուիրուած հեռուստահաղորդմանն էի մասնակցում։ Մինչեւ նկարահանման սկսուելը հաղորդման հերոսը՝ այդ աւագ ընկերս, խնդրելու պէս ականջիս շշնջաց. «Ինձ հանճար կ’ասես»։ Ի՜նչ գեղեցիկ երեխայ էր այդ պահին ընկերս։ Ես իր խնդրանքը կատարեցի՝ հանճար անուանեցի, ինքը դա լսեց, բայց երբ դիտեցինք հաղորդումը, տեսանք, որ իր համար այդ թանկ բառը խմբագրուած հանուած էր։ Միեւնոյն է, իմ աւագ ընկերն է և իմ հանճարն է։
– Շնորհակալութիւն։ Քաջառողջութիւն ձեզ, ստեղծագործական նորանոր յաջողութիւններ, երկար տարիների կեանք՝ ի շահ մեր արուեստի։
– Ես եւս շնորհակալ եմ հանդիպման և հաճելի զրոյցի համար։
Լուսանկարները՝ Տաթեւ Դուրեանի

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here