Երգ Ու Նուագ

0
791

(Երաժիշտ եւ երգահան Տիգրան Մանսուրեանին)

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Մեր նուաճած մոլորակը վեհ երգ է,

Ու նուագ է, եղանակն է մեր կեանքի,

Որ հնչում է հորիզոնից հորիզոն,

Երկնքի ու երկրի ջերմին համբոյրից,

Հզօր սիրուց արարչական,

Աստղունքներից, որ պսպղում են յոյսից.

Տարածւում են մինչեւ մեր ջինջ սրտերը,

Որ երգում են պարզ օրհներգը կենսութեան,

Նուագներով մոգական,

Լինելութեան շարականով փառաձայն:

 

Առաւօտը բացւում է իր ժպիտով

Ճաճանչների խտիտով.

Դա եւ երգ է, եւ նուագ է հոգեթով:

 

Բնութիւնը ծաւալւում է օրուայ հետ,

Ծաղիկները հագնում են խիտ երփն ու գոյն.

Բազմաձայն է ուրախ երգը ցնծաւէտ,

Բազմահնչիւն է եւ նուագը հանգէտ,

Մինչեւ օրը դառնում է շոգ միջօրէ:

 

Ծանրանում են սաղարթները ծառերի.

Մեղրանում է թթենին,

Սալորները օշարակով են քաղցրում,

Ծիրանին է շառագունւում շաքարով,

Խնձորները դառնում սիրոյ համով բերք,

Համընդհանուր համեղութեան մի համերգ:

 

Նա կանգնում է արեւի դէմ մտածկոտ

Ու շարժում է ձեռքին բռնած մի ճիպոտ,

Ճառագայթից մի փշուր է նա պոկում,

Ցրիւ տալիս կապուտակի ոլորտում:

 

Եւ ով հրաշք…

Փշրանքները շողերի

Թափւում են մեր լուռ շուրթերին,

Ակնկալող աչքերին,

Դառնում նուագ, երգ ու աղօթք անթերի:

 

Արեւի ճիչն է ղողում,

Տերեւների շշնջալի թրթիռով,

Երգում է մի բարբառով,

Որ բոլորն են հասկանում:

 

Երկնամովի լազուր ու խոր բաժակից

Հասունութեան երգն է կաթում մեղրալից:

Գարնան ծոցը բացւում է վառ գոյներով,

Մանուշակով, վարդ ու ծաղկով բոյրերի,

Հմայութեամբ,

Սիրոյ փափուկ տենչերով,

Սրտահմայ մեղեդիով երգերի,

Դաշնաւորուած նուագներով խազերի,

Որ աղբիւրներն են քչփչում դաշտերում,

Երկնքի ու երկրի գովքը ամէնուր:

 

Պատանութեան սիրոյ գարունն է երգում,

Ու հասնում է արբունութեան տաքերին,

Փողոցներով ամրան շոգն է քայլում,

Պարտասութեան քրտինքով,

Աշնանային տերեւաթափն է դեղին,

Իսկ ձմեռը սպիտակով է յորդում,

Բոլորը փունջ՝

Սիրային ու հարսանեկան անկողին:

 

Սեզոնների քառաձայն երգն է թնդում,

Սաղմոսական նուագներով կերկերուն:

 

Կուտակւում են երազների ամպերը,

Ամպրոպները շառաչում են իղձերի,

Ճեղքում, ձեւում ընդարձակուող վերները,

Ձայնաւորում ելեւէջը երգերի:

 

Եւ անձրեւը՝ ուրախութեան հանց արտօսր

Լուանում է երկնի այտերը անօսր,

Մաքրում երկրի բիւր մեղքերը մարդկային,

Կեանք ու մահի երգերգոցով անմեկին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here