«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆԻ ՀԵՏ

0
2451

«Արցախը Որպէս Լիիրաւ Կողմ Պէտք Է Մասնակցի Ադրբեջանա-ղարաբաղեան Հակամարտութեան Խաղաղ Կարգաւորման Գործընթացին»

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Պարոն Մայիլեան, 16  Յունուարին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդիւնքները դրական արձագանք են ստացել միջազգային հանրութեան կողմից: Այս համատեքստում առանձնապէս կարեւորուեց Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակութիւններին խաղաղութեան նախապատրաստելը: Այս դրոյթը մինչ օրս շարունակում է ակտիւ քննարկուել հայ հասարակութեան շրջանում:  Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդ առիթով հնչող մտահոգութիւնները:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Հակամարտութեան կարգաւորման ընթացքում հասարակութիւններին խաղաղութեան նախապատրաստելու մասին դրոյթը յայտնի ճշմարտութիւն է: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կարգաւորման պատմութեան ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ համարւում էր, որ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու հարցում երկրների առաջնորդներն աւելի մօտ են համաձայնութեան գալուն, քան կողմերի հասարակութիւնները: Այդ է պատճառը, որ հնչում էին ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու մասին կոչեր:

Սակայն, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ներկայիս փուլում ամենեւին տեղին չեն փորձերը հաւասարութեան նշան դնել մի կողմից Հայաստանի ու Արցախի, միւս կողմից՝ Ադրբեջանի հասարակութիւններում առկայ տրամադրութիւնների միջեւ: Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանն այդ հարցում բաւականին առաջ են գնացել:

Այդ ուղղութեամբ առաջ շարժուելու համար անհրաժեշտ է, որպէսզի Ադրբեջանը լրացնի բաց թողածը՝ անցնի մի երկար ճանապարհ, որից ադրբեջանական իշխանութիւններն ամէն կերպ խուսափում էին: Պաշտօնական Բաքուն առայսօր ոչ միայն չի նախապատրաստել իր հասարակութեանը խաղաղութեան, այլեւ անում է ճիշդ հակառակը. պետական մակարդակով վարում է հայատեացութեան արմատաւորմանն ուղղուած ակտիւ քաղաքականութիւն, խրախուսում է հայատեացութեան հողի վրայ կատարուող յանցագործութիւնները եւ հերոսացնում դրանք կատարած յանցագործներին, խոչընդոտում է հասարակական խաղաղարար նախաձեռնութիւններին, անընդհատ սպառնում է պատերազմով, չի դադարեցնում Արցախի մեկուսացմանն ուղղուած փորձերը եւ այլն:

Ադրբեջանի նման քաղաքականութիւնն ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա ստուեր է գցում ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ամբողջ գործընթացի վրայ, հետ է շպրտում այն: Ուստի, առաջին փուլում ադրբեջանական իշխանութիւնները պէտք է դադարեցնեն ատելութեան արշաւը եւ, գուցէ միջազգային աջակցութեամբ, գործուն քայլեր ձեռնարկեն՝ արմատախիլ անելու այն բացասական երեւոյթները, որոնք սկսել են արմատաւորուել ադրբեջանական հասարակութեան մէջ՝ տարիներ շարունակ հայերի նկատմամբ անհանդուրժողականութիւն տարածելու արդիւնքում:

 

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Կողմերի միջեւ վստահութեան ձեւաւորման նախադրեալներ տեսնու՞մ էք:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Պաշտօնական Ստեփանակերտը բազմիցս հանդէս է եկել տարաբնոյթ նախաձեռնութիւններով՝ ուղղուած կողմերի միջեւ վստահութեան ձեւաւորմանը: Սակայն, դրան ի պատասխան Ադրբեջանի կողմից միայն սպառնալիքներ են հնչել:

Վստահութեան մթնոլորտի ձեւաւորումը հանդիսանում է ցանկացած հակամարտութեան կարգաւորման յենասիւներից մէկը: Սակայն, ինչպէս ցոյց է տուել փորձը, վստահութեան հաստատմանն ուղղուած միջոցների իրականացումը կարող է արդիւնաւէտ լինել միայն այն պայմաններում, երբ ապահովւում է խաղաղ գործընթացի անշրջելիութիւնը, եւ առկայ են մարտական գործողութիւնների վերսկսումը կանխող միջազգային մեխանիզմներ:

Ակնյայտ է, որ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է ամէն կերպ խոչընդոտել հրադադարի ռեժիմի վերահսկողութեան մեխանիզմների ներդրմանը, ներառեալ նրանք, որոնք համաձայնեցուել էին 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, հազիւ թէ Բաքուից կարելի է սպասել իրական քայլերի՝ ուղղուած վստահութեան ամրապնդման միջոցների իրականացմանը:

 

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Ազդակներ տեսնու՞մ էք, որ առաջիկայում Արցախը լիարժէք կը ներգրաւուի բանակցային գործընթացում:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան ուղիղ եւ լիարժէք մասնակցութեամբ բանակցութիւնների վերականգնումը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագոյն հարցերից է: Այդ նպատակին կարելի է հասնել այն դէպքում, եթէ երկու հայկական հանրապետութիւնները յստակօրէն բաշխեն իրենց դերերը եւ լիազօրութիւնները Ադրբեջանի հետ հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Այս ուղղութեամբ Երեւանի եւ Ստեփանակերտի համակարգուած քայլերը թոյլ կը տան ստեղծել նախադրեալներ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի համար:

Հայաստանի ղեկավարութիւնն, իր հերթին, բազմիցս յայտարարել է, որ բանակցութիւնների ժամանակ Ստեփանակերտի շահերն անպայման պէտք է ներկայացնեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւնները:

Միեւնոյն ժամանակ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն ամէն կերպ հակազդում է լիաձեւաչափ բանակցութիւնների վերականգնմանը՝ առաջ քաշելով տարբեր անհիմն գաղափարներ եւ առաջարկութիւններ:

Տուեալ հարցում Ադրբեջանի մօտեցումները իւրատեսակ լակմուսի թուղթ են հանդիսանում, որն ի ցոյց է դնում ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան արդար լուծումը փնտռելու Բաքուի իրական պատրաստակամութեան բացակայութիւնը:

 

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Ինչպէ՞ս են  վերաբերւում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ոչ պաշտօնական հանդիպումներին:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Ցանկացած հանդիպում, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդմանը, կարելի է միայն ողջունել:

 

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Արցախը վերահաստատել է իր պատրաստակամութիւնը՝ դէ իւրէ պատասխանատուութիւն ստանձնել տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ապահովման համար: Այս ուղղութեամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկւում:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Արցախը, որպէս տարածաշրջանում կարեւոր ռազմաքաղաքական գործօն, վաղուց հանդիսանում է անվտանգութեան ապահովող  եւ դէ ֆակտօ իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունութեան պահպանման գործում: Օրինակ, արցախեան կողմը սեփական կառավարութեան միջոցներով միակողմանիօրէն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի: Միջազգային միջնորդներին հնարաւորութիւն է ընձեռուել ծանօթանալ ստեղծուած համակարգին:

Արցախը որպէս լիիրաւ կողմ պէտք է մասնակցի ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին եւ ապագայ իրաւականօրէն պարտաւորեցնող խաղաղութեան պայմանագրի միւս ստորագրողների հետ կիսի պատասխանատուութիւնը տարածաշրջանի ճակատագրի համար:

 

«ՄԵԴԻԱՄԱՔՍ».- Արցախի միջազգային ճանաչման համար ի՞նչ նախաձեռնութիւններ կան:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականութեան թիւ 1 առաջնահերթութիւնն է: Ճանաչման գործընթացն առայժմ ընթանում է բազմաթիւ երկրների վարչական շրջանների եւ քաղաքների մակարդակով:

Դրա հետ մէկտեղ ջանքեր են գործադրւում՝ ուղղուած Արցախի ապակենտրոնացուած համագործակցութեան եւ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Անցած տարի ընդլայնուել է ապակենտրոնացուած համագործակցութեան աշխարհագրութիւնը՝ ընդգրկելով Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանը:

Ընդհանուր առմամբ, 2018թ. ընթացքում բարեկամական յարաբերութիւններ են հաստատուել Արցախի եւ օտարերկրեայ պետութիւնների վեց քաղաքների միջեւ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here