Սպանվում էին միայն հայ լինելու համար. փորձագետների անդրադարձը հայերի նկատմամբ Ադրբեջանի հանցագործություններին

0
1922

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի դատավճիռը հրապարակելու օրվա ընտրությունը պատահական չէր: Այն արվեց փետրվարի 27-ին, որը համարվում է Սումգայիթի հայերի նկատմամբ իրականացված ջարդերի տարելիցի օրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

«Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Ադրբեջանը ներկայացրեց Կարեն Ղազարյանի դատավճիռը: Հասկանում ենք, որ դա արվել է միտումնավոր, այստեղ զուգադիպություն լինել չի կարող: Նրանք սա արել են մտածված: Ադրբեջանն այս քայլով ևս մեկ անգամ ի լուր աշխարհի հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից, ընդհակառակը, մտադիր է ամեն ինչ անել դրա շարունակության համար»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

Սումգայիթը դարձավ Ադրբեջանի հայատյաց, ագրեսիվ քաղաքականության առաջին դրսևորումն արդեն նորագույն պատմության մեջ: Սումգայիթի ջարդերը դարձան այն ցեղասպանության քաղաքականության շարունակությունը, որը Թուրքիան սկսել էր դարասկզբին:

«Սումգայիթում հայերը ցրված էին ապրում, մեկ շենքի մուտքում կարող էր երկու, երեք հայ ընտանիք լինել, դիմադրություն չի եղել: Նման դեպքում Ադրբեջանի իշխանությունների համար հեշտ էր սպանդ կազմակերպել: Դա սկսվեց փետրվարի 26-ի երեկոյան: Սումգայիթն ամենափաստագրված հանցագործությունն է՝ իրականացված հայերի դեմ: Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, դատական նիստերի լսումների նյութեր, տեսագրություններ: Իրադարձությունների մասին պատմող սարսափելի լուսանկարներ ու տեսանյութեր: Այդ ամենը վկայում է, որ Սումգայիթը կազմակերպվել և իրականացվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Մոսկվայի լուռ աջակցության պայմաններում»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Նա նշեց, որ մարդկանց ցուցադրաբար դուրս էին բերում բակեր, որպեսզի բոլորը այդ վայրագությունները տեսնեին: Ջարդերը շարունակվել են 3 օր ու գիշեր: Սովետական կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք կանխելու համար: Մարինա Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի ընդունում իր կատարած հանցագործությունը, այլև ամեն ինչ անում է պատմությունը խեղաթյուրելու համար:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Սումգայիթը դարձավ հայատյացության քաղաքականության սկիզբը, որը հետագայում Ադրբեջանում վերափոխվեց պետական քաղաքականության: Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:

«Երբ ուսումնասիրում ես փաստերը, տեսնում ես, որ իրականությունը մեկն էր, նրանց սպանում էին, որովհետև հայեր էին: Ադրբեջանը չպատժվեց, ինչն էլ բերեց պետական մակարդակով հետագա հանցագործությունների: 21-րդ դարում ևս Ադրբեջանը շարունակում է հայ ինքնության դեմ քարոզը և գործում է հանցագործություններ: Հիշենք, հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, ապրիլյան պատերազմի հանցագործությունները»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայերի սպանության, հանցագործություն կատարած անձանց մեծարում է, պարգևատրում է:

Ադրբեջանագետի խոսքով, Կարեն Ղազարյանի դատավարությունը հայերի նկատմամբ հայատյացության քաղաքականության շարունակությունն է, երբ առանց որևէ ապացույցի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը դատապարտվում է 20 տարվա ազատազրկման:

«Դատավարությունից ընդամենը մեկ դրվագ հրապարակեցին, երբ Ղազախի շուկայի սեփականատերն ասում էր՝ ինձ ասել են, որ նա ցանկանում էր իմ շուկայի վրա հարձակվել: Նա նույնիսկ վկա չէ, բայց դա ընկել է դատավարության հիմքում ու դրա հիման վրա վճիռ է կայացվել: Դա արվել է, որովհետև Կարեն Ղազարյանը հայ է: Այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում է հայատյացությունը, ատելության քարոզը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Փորձագետներն ընդգծում են, որ պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բոլոր հանցագործությունները ստանան համարժեք քաղաքական, իրավական գնահատական: Նրանք կարծում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդները, միջազգային կառույցները պետք է իրերն իրենց անունով կոչեն:

Մարինա Գրիգորյանն էլ ավելացրեց, որ պետական լուրջ աջակցություն պետք է տրվի Ադրբեջանից փախած հայերին:

http://armenpress.am/arm/news/965940/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here