Ատրպէյճան Կը Վերաբնակեցնէ Արցախէն Գրաւած Հողերը

0
359

Արցախի հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբեր Արտակ Ներսիսեան «Նիուզ»ին մեկնաբանեց Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը, թէ Արաքսաւանի կառուցման ծրագիրը կը խախտէ Ժընեւի համաձայնութիւնները եւ անոնց Լրացուցիչ արձանագրութիւնները:

«Նիուզ»ը Արտակ Ներսիսեանին հարցուց. «Մարտի սկզբին, մեկնաբանելով Արցախի հարաւում Արաքսաւան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆն այդ քայլը որակել է որպէս Ժընեւի կոնվենցիաների (համագումարներու-Խմբ.) եւ դրանց Լրացուցիչ արձանագրութիւնների խախտում: Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պնդմամբ՝ Արաքսաւանի մասին յայտարարութիւններն «ակնյայտ յարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ ընթացող երկարամեայ բանակցային գործընթացի վրայ»: Ինչպէ՞ս էք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ յայտարարութիւնները», Արտակ Ներսիսեան պատասխանեց.

«Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանութիւնը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առկայ իրավիճակի համար իր պատասխանատուութիւնն ուրիշի վրայ բարդելու փորձ: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին առաւել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մօտեցումները բանակցային գործընթացի շուրջ, հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողութեան լիարժէք մեխանիզմների (մեքենակառոյցներու-Խմբ.) ներդրման մերժումը, հասարակութեանը խաղաղութեան նախապատրաստելու չկամութիւնը, հասարակական խաղաղարար նախաձեռնութիւնների տապալումը, պատերազմի քարոզչութիւնը, հայատեացութեան արմատաւորմանն ուղղուած պետական քաղաքականութիւնը, հայերի հանդէպ ատելութեան հողի վրայ կատարուող յանցագործութիւնների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը եւ այլն:

Նոյնչափ մերկապարանոց են նաեւ ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժընեւի կոնվենցիաների եւ դրանց Լրացուցիչ արձանագրութիւնների խախտման մասին: Այդ հարցը վաղուց պաշտօնական Բաքուի կողմից ինչպէս բազմաթիւ շահարկումների առարկայ է դարձել, այնպէս էլ բազմիցս հերքուել է:

Արաքսաւանի հարցը պէտք է դիտարկուի Արցախի օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքներից եւ Ադրբեջանից հայ ներքին տեղահանուածների ու փախստականների մարդու իրաւունքների ու կեանքի համար արժանապատիւ պայմանների ապահովման անհրաժեշտութեան տեսանկիւնից: Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ուժային լուծման քաղաքականութեան շրջանակներում ադրբեջանական ղեկավարութեան կողմից իրականացուած էթնիկ (ցեղային-Խմբ.) զտումների եւ տեղահանութեան զոհ են դարձել: Ադրբեջանից եւ Արցախի օկուպացուած տարածքներից հայ փախստականների եւ ներքին տեղահանուածների կողմից բնակութեան նոր տարածքներում հաստատուելը չի կարող քննադատութեան առարկայ հանդիսանալ՝ հաշուի առնելով նաեւ, որ ադրբեջանական իշխանութիւնները ոչ միայն հրաժարուել են նիւթական եւ բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլեւ շարունակում են խախտել նրանց իրաւունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղուող միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների Արցախ այցերը:

Ընդհանուր առմամբ, Ժընեւի կոնվենցիաների խախտման մասին Բաքուի մեղադրանքներն աւելի քան կեղծ են, հաշուի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանութիւններն իրականացնում են Արցախի հանրապետութեան օկուպացուած տարածքների, մասնաւորապէս, Շահումեանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականութիւն»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here