Զուրաբիշվիլին Մեղադրել Է Հայաստանի Ղեկավարութեանը. «Կոմմերսանտ»

0
436

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմէ Զուրաբիշվիլին պաշտօնական այցով Հայաստանում է: Հայկական ղեկավարութեան հետ նրա բանակցութիւնների թեմաներից մէկը տարածաշրջանային հակամարտութիւնն էր: Երեւանում փորձել են պարզել, թէ Վրաստանի նախագահն ինչ նկատի ունէր, երբ վերջերս Բաքւում յայտարարել էր «Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքների օկուպացման (գրաւման-Խմբ.)» մասին: Արդիւնքում Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ, այլ նաեւ մեղադրանքներ է ներկայացրել հայկական ղեկավարութեան հասցէին: Սալոմէ Զուրաբիշվիլիի կոշտ դիրքորոշումը կարող է վերջ տալ հայ-ադրբեջանական հակամարտութեան կողմերի նկատմամբ միանման քաղաքականութեանը, որով Վրաստանն առաջնորդւում էր ամբողջ յետ-խորհրդային շրջանում:

Հայաստանի կառավարութեանը, որը Երեւանում ընդունել էր Վրաստանի նախագահին, մասնաւորապէս հետաքրքրում էր Սալոմէ Զուրաբիշվիլիի պարզաբանումները Բաքւում նրա երկիմաստ յայտարարութեան վերաբերեալ: 27 Փետրուարիին, Ադրբեջանում պաշտօնական այցի ժամանակ տիկին Զուրաբիշվիլին անդրադարձել էր Ադրբեջանի եւ Վրաստանի «տարածքների օկուպացման» թեմային: Նրա արտայայտութիւնները նախկին վրացական ինքնավար մարզերի՝ Աբխազիայի եւ Հարաւային Օսէթիայի՝ «Ռուսաստանի կողմից օկուպացման» մասին ոչ մէկի չեն զարմացրել, քանի որ Վրաստանի ներկայացուցիչները յաճախ են ելոյթ ունենում Մոսկուայի հասցէին մեղադրանքներով: Սակայն այս անգամ Վրաստանի նախագահն, ըստ երեւոյթին, առաջին անգամ բացէիբաց մեղադրել էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մէջ:

«Մենք գրեթէ միաժամանակ ենք վերականգնել մեր երկրների անկախութիւնը եւ ապրել ենք միանման ողբերգութիւնը», նշել է Սալոմէ Զուրաբիշվիլին‘ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ընդ որում՝ Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ «միանման ողբերգութիւն» ասելով՝ նա նկատի ունէր «տարածքների օկուպացիան»:

«Օկուպացուած տարածքները մեզ համար եւս չսպիացած վէրք են», շարունակել է նախագահն ու յայտնել բաւարարուածութիւն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած օկուպացիայի, «կարողացել են ուժեղացնել իրենց պետականութիւնն ու զարգացնել տնտեսութիւնը»:

Ըստ «Կոմմերսանտ»ի տուեալների՝ Երեւանում հանդիպումների ընթացքում, այդ թւում՝ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, Սալոմէ Զուրաբիշվիլիի՝ Բաքւում արուած յայտարարութիւնների թեման շօշափւում էր տարբեր սրութեամբ: Սակայն Վրաստանի նախագահն անգամ չէր արդարացնում կամ հերքում իր յայտարարութիւնը: Հակառակը, նա ներկայացնում էր հայկական կողմին մի շարք պահանջներ:

Մասնաւորապէս, Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի հետ հանդիպման ժամանակ Սալոմէ Զուրաբիշվիլինին նախազգուշացրել է. իր երկրի համար «շատ կարեւոր է», որ Հայաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը ոչ միայն խօսքերով, այլ նաեւ գործնականում: Երկրի ղեկավարն անմիջապէս պարզաբանել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատուիրակութեան այցն Աբխազիա եւ Հարաւային Օսէթիա: «Այդկերպ այցերի կազմակերպիչներն իրենք են ցոյց տալիս, որ այդ հակամարտութիւնները համաչափ են», Վրաստանի նախագահը չէր թաքցնում իր դժգոհութիւնը: «Դա շատ ցաւալի է, շարունակել է Զուրաբիշվիլին: Մենք գտնում ենք, որ այստեղ չկայ այն բարեացակամութիւնը, որը պէտք է լինի մեր երկրի հանդէպ»

Թբիլիսիում համարում են, որ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին յայտարարութիւնն աննախադէպ է ամբողջ յետ-խորհրդային ժամանակաշրջանում, որի ընթացքում Վրաստանը պահպանում էր չէզոքութիւնը հայ-ադրբեջանական հակամարտութեան շրջանակներում:

«Կոմմերսանտ»ի հետ զրոյցում այդ տեսակէտը յայտնել է ընդդիմադիր «Եւրոպական Վրաստան» կուսակցութեան առաջնորդներից մէկը՝ արտաքին գործերի նախկին փոխնախարար Սերգի Կապանաձէն: Նրա կարծիքով՝ նախագահը պէտք է «շատ աւելի զգուշութիւն ցուցաբերի»՝ ելոյթ ունենալով այդպիսի «զգայուն թեմայի» շուրջ: Դրա հետ մէկտեղ պարոն Կապանաձէն խոստովանել է, որ Սալոմէ Զուրաբիշվիլիի յայտարարութիւնները չեն զարմացրել նրան: «Դա միայն սկիզբն է, կը լինեն նմանատիպ այլ յայտարարութիւններ եւս», վստահութիւն է յայտնել դիւանագէտը:

Վրաստանի կառավարութիւնում չեն մեկնաբանել Բաքւում եւ Երեւանում նախագահի յայտարարութիւնները: Այդ օրինակին են հետեւել նաեւ «Վրացական Երազանք» իշխող կուսակցութեան բոլոր պատգամաւորները, որոնք սատարում էին Սալոմէ Զուրաբիշվիլիին ընտրութիւնների ժամանակ:

Անկախ քաղաքագէտ Դաւիթ Աւալաշվիլին յիշեցրել է, որ համաձայն Վրաստանի սահմանադրութեան՝ պետութեան ղեկավարի լիազօրութիւնները կրում են խորհրդանշական բնոյթ: Այդ պատճառով, փորձագէտը յաւելել է, չնայած տիկին Զուրաբիշվիլիի յայտարարութիւնները շատ կարեւոր եւ աննախադէպ են, «Երեւանում եւ Բաքւում լուրջ եւ պատասխանատու գործիչները չեն դիտարկի դրանք որպէս հայ-ադրբեջանական հակամարտութեան նկատմամբ Վրաստանի կառավարութեան դիրքորոշման արմատական փոփոխութեան ցուցանիշ»:

 

«ՆԻՈՒԶ»

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here