Ուժի Կիրառումը Չի Կրնար Ճնշել Արցախի ժողովուրդի Ինքնորոշման Իրաւունքը

0
318

ԵՐԵՒԱՆ.- Ապրիլեան քառօրեայ պատերազմի երրորդ տարելիցի առթիւ Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ.

«Երեք տարի առաջ այս օրը՝  2  Ապրիլի 2016-ին, Ադրբեջանի զինուած ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ սանձազերծեցին Արցախի դէմ: Ադրբեջանը կոպտօրէն խախտեց հրադադարը, ինչպէս նաեւ ուժի չկիրառման պարտաւորութիւնը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի շրջանակներում:

Ուժի կիրառումն ուղեկցուեց թէ՛ զինուորականների, թէ՛ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի զինուած ուժերի կողմից իրականացուած սարսափելի վայրագութիւններով: Դրանք նոյնութեամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործուած կոտորածները եւ էթնիկ զտումները:

Այս անգամ խաղաղ բնակչութեան նկատմամբ սանձազերծուած առաւել լայնածաւալ բռնութիւնների անմիջական սպառնալիքը կանխուեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի կողմից: Հայ զինուորականներն ու կամաւորականներն իրենց կեանքը նուիրաբերեցին Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու եւ արարելու պայքարի զոհասեղանին:

Ապրիլեան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Արցախի կարգավիճակը եւ անվտանգութիւնը ցանկացած արդիւնաւէտ բանակցութիւնների բովանդակութեան անփոխարինելի տարրերն են՝ ուղղուած Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունէութեան ապահովմանը:

Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիւ պահպանումը, ռիսկերի նուազեցման եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանութիւն ունեն խաղաղութեան համար նպաստաւոր միջավայրի ձեւաւորման գործում:

Ապրիլեան ագրեսիայի (յարձակումին-Խմբ.) պատճառով հիմնահարցի կարգաւորման գործընթացում ստեղծուած փակուղին ցոյց տուեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here