ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞…

0
341

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ- ԱԶԳ

Վաղուց էի ուզում գրել «փափուկ ուժ» (soft power)ՙ այժմ քաղաքագիտական համարվող հասկացության կամ տեսության մասին: Ուզում էի ընթերցողներիս հետ կիսել դրա մասին միջազգային տարբեր տեսաբանների աշխատություններից ստացածս տպավորությունները ու փորձել Հայաստան պետության վրա դրա կիրառման, ավելի շուտՙ որդեգրման առավելությունների ու հնարավորությունների շուրջ խորհրդածել: Սակայն վերջին օրերին Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ավելի շուտՙ նրա գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված տագնապը ստիպում է ինձ կենտրոնանալ այդ խայտառակ եւ մեր երկիրը խայտառակող երեւույթի վրա ու փորձել դույզն ինչ կանխարգելել խայտառակաբանության հետագա շարունակությունը:

Նախՙ ընդամենը մի քանի խոսք վերոհիշյալ տեսության մասին, որը կիրառվում է խելացի պետությունների, նույնիսկՙ ռազմականորեն ու տնտեսապես գերհզոր երկրների կողմիցՙ ինչպես Մ. Նահանգները, ինչպեսՙ ոչ հեռու անցյալումՙ Խորհդային կայսրությունը, մեղմելու համար իրենց մեծապետական, անգամ միլիտարիստական կերպարը, մոդայիկ բառովՙ image-ը աշխարհում: Իսկ ինչ վերաբերում է ոչ հզոր, նույնիսկ տկար երկրներին, ապա դրանք, անշուշտ եթե խելացի են, լայնորեն օգտվում են այդ տեսության բարիքներիցՙ իրենց երկիրը գրավիչ, խաղաղասեր, ստեղծագործ ներկայացնելու, դաշնակիցներ շահելու, կողմնակիցներ ձեռք բերելու, զբոսաշրջիկներ գրավելու նպատակով: Ավելորդ է ասել, որ soft power-ի տեսության հիմքը կազմում է արվեստն ու մշակույթը, գիտությունն ու սպորտը, անշուշտ նաեւ ազգագրությունն ու խոհանոցը: Այլ խոսքովՙ ողջ քաղաքակրթությունը:

Ահա այս տեսակետից ու տեսությունից եթե մոտենանք Օպերայի ու բալետի թատրոնի ու նրա ղեկավարի շուրջ տգեղ, ճղճիմ, չինովնիկական ստորությամբ ստեղծված տագնապին, ապա պիտի՛ ընդունենք, որ մեր պետական մարմինները որեւէ տեսլական չունեն միջազգային ասպարեզում Հայաստանը որպես քաղաքակիրթ ու գրավիչ ներկայացնելու, դաշնակիցներ ու բարեկամներ շահելու ուղղությամբ:

Նպատակ չունեմ ներկայացնելու մոգոնված տագնապի մանրամասնությունները, որոնք ներկայացված են մեր ներկա համարի մշակութային ներդիրում: Խորհրդակցել եմ հարցին քաջատեղյակ իրավաբանի հետ, ներկա եմ գտնվել թատրոնի անձնակազմի ընդլայնված խորհրդակցությանը, ծանոթ եմ խնդրի գրեթե բոլոր ծալքերին, որոնց մեր թերթը սկսել է հետեւել եւ արձագանքել դեռեւս 7-8 ամիս առաջ: Գիտեմ նաեւ, որ օպերային թատրոնը կարիք ունի խնամքոտ ներքին ռեֆորմի, հատկապես վարչական մասով: Պարզապես ուզում եմ առանձնացնել մի քանի կետեր ի պէտս սոցիալական ցանցերի հակասական գրառումներից եւ որոշ հրահրիչների հայտարարություններից շփոթված հասարակությանը:

Մաեստրոն Օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հրավիրել է, այսինքնՙ ընթացիկ մրցույթով չի անցել, այլ նշանակվել է, նախկին կառավարության որոշմամբ, նախկին նախարարի հրամանագրով: Եվ դա եղել է նախկին իշխանության դրական գործերից մեկը, քանզի մրցույթը, մանավանդ արվեստի բնագավառում ու հատկապես մեծ արվեստագետների պարագայումՙ անհեթեթ գործընթաց է: Իսկ ինչ վերաբերում է այն առարկությանը, թե հրամանագիրը կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց մեկ օր շուտ է ստորագրվել, իսկական տառակերության նմուշ է, որը ցույց է տալիս Մաեստրոյի հակառակորդների ճղճիմությունը: Օրենքը, օրենքներն ունեն երկու կողմՙ տառ եւ ոգի: Այս դեպքում ոգին իսպառ բացակայում է:

Երկրորդ գլխավոր առարկությունըՙ տնօրենի եւ գեղղեկի պաշտոնների անհամատեղելիությունն է մեկ անձի մեջ: Մինչդեռ, այս պարագայում, գեղղեկի պաշտոնը գերազանցապես ստեղծագործական է: Եվ ո՛չ վարչական: Այլապես այդ պաշտոնի անունը կլիներ «ղեկավար», «պետ», «շեֆ», առանց «գեղարվեստական» բառի: Իսկ գեղարվեստը առանց ստեղծագործականության ոչ գեղեցիկ է եւ ոչ էլ արվեստ:

Երրորդՙ մեր հասարակությանը տարակուսանք է պատճառել Մաեստրոյի, իբր, զույգ աշխատավարձ ստանալու «փաստը»: Մինչդեռ նա կես դրույքով է վարձատրվում այդ զույգ պաշտոնների համար: Իսկ որքան միջոցներ եւ օժանդակություններ է նա հավաքում օպերային թատրոնի համար, մշակույթի նախարարությանը բնավ չի հետաքրքրում: Չի հետաքրքում նաեւ այն, որ վերջին մեկ-մեկուկես տարում ռեպերտուարային ու երաժշտա-թատերական ի՞նչ նորություներ են նրա հետ եկել մեր օպերային թատրոն, ինչպիսի՜ գաստրոլներ են եղել Մոսկվայում, Քուվեյթում, Դուբայում: Ասենքՙ ի՛նչ հետաքրքրության մասին է խոսքը, երբ նախարարի պարտականությունները կատարող անձը այնքան է տգետ, որ չգիտի, թե Դուբայ կոչվող նախկին անապատը այսօր դարձել է ճարտարապետության, նկարչության, դիզայներական արվեստի աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը եւ ձգտում է գրավել նաեւ երաժիշտների ու երաժշտասերների սիրտը եւ դառնալ մշակութային կենտրոն ողջ տարածաշրջանում: Եվ սաՙ առանց սեփական հարուստ քաղաքակրթություն ունենալու: Եվ դա միայն հարուստ երկիր լինելու հետեւանք չէ, այլեւՙ տեսլական ունենալու, առեւտրի կողքին աշխարհը նաեւ արվեստներով ու մշակույթով նվաճելու, այլ ժողովուրդներին «փափուկ ուժով» գրավելու իմաստության արդյունք:

Մատենադարան, հրաշալի պատկերասրահ ու թանգարան, սիմֆոնիկ եւ այլ նվագախմբեր, եւ վերջապես Օպերայի ու բալետի այսպիսի թատրոն ու հնամյա քաղաքակրթություն ունեցող մեր երկիրը չի կարող չօգտագործել իր բոլոր «փափուկ ուժերը»: Մինչդեռ մեր համապատասխան գերատեսչությունը ինքնահաստատողական ինտրիգներով է զբաղված:

Դա նախարարություն չէ, այլՙ վերջարարություն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here