Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը նախանշային է. Շահան Գանտահարյան

0
806

Այսօր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան և հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների հիշատակին: Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօրվա այցի ուղերձների շուրջ yerkir.am-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ

Ըստ մեր զրուցակցի` Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս ուշագրավ իրադարձություն է, նախ` որովհետև  վաղուց հայ համայնքի հետ պաշտոնական կապ չի եղել, մանավանդ` նման պաշտոնական այցերի ձևաչափով։ «Պետք է հավելել, որ պաշտոնական Ռիադի կողմից քրիստոնյա-իսլամ երկխոսության շրջանակներում Կիլիկիո կաթողիկոսության հետ աշխատանքային այցեր եղել են, և Ռիադը կարևորել է Անթիլիասը` որպես համաքրիստոնեական աշխարհի կարևորագույն կենտրոններից  մեկը։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու քայլին մի երկրի կողմից, որը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այստեղ քաղաքական դիտարկումների շարժառիթներ են ի հայտ գալիս: Նախ` պետք է  անպայման հիշել Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի պատվիրակության հետ կայացած փոխադարձ այցերը,  ինչը խոսում է նման քայլի ենթահողի նախապատրաստման մասին։ Այլ հանգամանք, որն անպայման պետք է նկատի ունենալ Սաուդյան Արաբիայի կողմից նախանշային ուղերձներ փոխանցող այս քայլի ետևում` Անկարա-Ռիադ հարաբերություններում լուրջ ճեղքվածքը լրագրող Խաշուկջիի սպանության պատճառով»,- նշեց Գանտահարյանը:

Ըստ նրա` Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասությունները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցության գոտիների, գործող զինյալ խմբավորումների նկատմամբ յուրաքանչյուրի հենարանային ազդակների բախման տեսանկյունից, հատկապես` Սիրիայի հարցով Անկարա-Թեհրան ռազմաքաղաքական խնդիրների համակարգումը` Թեհրան-Ռիադ լարված հարաբերությունների դիմաց, նաև` սուննի զանգվածին տիրություն անելու` թուրքական և սաուդյան մեծ մրցակցությունը։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով` պարզ են դառնում Սաուդյան Արաբիայում լույս տեսնող մամուլում հրապարակված` Ցեղասպանությունը և անարդարությունն ու ջարդը դատապարտող հոդվածները։

Գանտահարյանի կարծիքով` այցի ընթացքում օգտագործված բառապաշարն ու եզրույթները հասկանալիորեն զգուշավորությամբ են հատկանշվել. թե՛ Վեհափառը և թե՛ դեսպանը քաղաքական օրակարգի ձևավորմանը նպաստող թեմաների են անդրադարձել` շրջանցելով Անկարայի դասական խաղի կանոնները, որոնք միշտ նպատակ են ունեցել սեպ խրել հայկական կողմի և իսլամական աշխարհի միջև։

«Ինքնին այցը Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը իրադարձային է ու նախանշային, և սկսված գործընթացի կայացման դեպքում միտումներ կարող են լինել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեկնարկի համար»,- նշեց նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here