Վարչապետ Նիկոլ Փաշինեան Կը Հանդիպի Սթրազպուրկի Հայ Համայնքին Հետ

0
165

ՍԹՐԱԶՊՈՒՐԿ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Հինգշաբթի, 11 Ապրիլին, հանդիպեցաւ Սթրազպուրկի եւ շրջակայքի բնակավայրերու հայ համայնքի ներկայացուցիչներու հետ: Հանդիպումը տեղի ունեցաւ «Եւրոպական խորհրդարանական ասոցիացիա»ի կեդրոնին մէջ:

Համայնքի ներկայացուցիչները վարչապետը դիմաւորեցին ջերմ ծափողջոյններով:

Վարչապետը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներու հարցումներուն: Պատասխանելով հարցումին, թէ արդեօք կառավարութիւնը ունի՞ ծրագիր՝ արտերկրի մէջ ապրող հայրենակիցներու ներգաղթը խթանելու համար՝ վարչապետը ըսաւ. «Ի սկզբանէ այդ հարցը եղել է եւ շարունակում է մնալ մեր օրակարգում: Տարբեր գաղափարներ կային եւ կան: Օրինակ, այսպիսի հարց էր հնչում՝ ի՞նչ հնարաւորութիւններ ենք ստեղծել եւ ստեղծում պոտենցիալ ներգաղթեալների համար: Կար, օրինակ, գաղափար՝ տալ արտօնեալ վարկեր, հնարաւորութիւններ եւ այլն, բայց այդ քննարկումների ընթացքում շատ պարզ հարց ծագեց, որ արդիւնքում կարող է առաջանալ հետեւեալ հարցը. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են եւ նոյնպիսի հնարաւորութիւնների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել եւ ասել հետեւեալը՝ մենք մնացել ենք այստեղ, եւ որպէսզի այդ ծրագրերից օգտուենք, ի՞նչ էք առաջարկում՝ գնանք, 5 տարի դրսում ապրենք, յետոյ գանք, նոր օգտուենք: Այստեղից խնդիր առաջացաւ, որ մենք ուղղակի պէտք է հաւասար հնարաւորութիւններ ստեղծենք բոլորի համար, որովհետեւ պէտք է լինի իսկապէս իրաւական պետութիւն, օրէնքը պէտք է աշխատի: Մարդկանց հնարաւորութիւնները, տնտեսական գործունէութեան հասանելիութիւնը պէտք է լինի հաւասար, եւ երկիրն ընդհանրապէս ապրելու համար պէտք է լինի գրաւիչ, հնարաւորութիւնների համար պէտք է լինի գրաւիչ»:

«Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, որ գաղափարական առումով սոցիալական հարցերի եւ ընդհանրապէս որեւէ հարցի լուծում հնարաւոր չէ առանց աշխատանքի: Առօրեայում, մեր տանը ընդհանրապէս կա՞յ այդպիսի նպատակ, որին կարելի է հասնել առանց աշխատանքի: Գոյութիւն չունի այդպիսի նպատակ, եւ հետեւաբար, մեր մտածածը մեր քաղաքացիների՝ երբ ասում եմ քաղաքացիներ, նկատի ունեմ բոլոր հայերին, որովհետեւ յատկապէս հիմա, ես համարում եմ, որ բոլոր հայերը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի են: Իմիջիայլոց, սրա մէջ իրաւական էլ հիմնաւորում կայ. եթէ մեր Սահմանադրութեան նախաբանը բացենք, որտեղ բոլոր փոփոխութիւնների արդիւնքում ոչ մի բան չի փոխուել, որպէս Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ընդունող մարմին, որպէս Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր, հանդէս է գալիս հայ ժողովուրդը՝ ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները, ոչ թէ ընտրութիւններին մասնակցածները, այլ հայ ժողովուրդը: Հետեւաբար, երբ ասում եմ քաղաքացի, նկատի ունեմ ընդհանրապէս ողջ հայ ժողովրդին:

Վերջերս Վիեննայի հայութեան հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացաւ, որ, ինչպէս մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագէտների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծուի բնակարան ներգաղթեալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է՝ առաւել մատչելի տոկոսներով: Հիմա մենք՝ կառավարութիւնը եւ Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրայ»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here