Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն

0
508

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է, որ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում՝ թուրքական և իսլամական արվեստների թանգարանի դիմաց: Այդ թանգարանի շենքում էր, որ 1915 թվականին ձերբակալություններից հետո պահվում էին հայ մտավորականները:

Քանի որ Ստամբուլի ոստիկանությունն արգելել է Իսթիքլալ պողոտայում հիշատակի արարողությունների անցկացումը, այս տարի Թաքսիմի հրապարակում արդեն ավանդական դարձած հիմնական՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը չի կայանա: Փոխարենն այն կկազմակերպվի Շիշհանե հրապարակում՝ տեղի ժամանակով 19:00-ին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն կկազմակերպվի՝ նվիրված թուրքական բանակում 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըին:

http://armenpress.am/arm/news/972420/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here