Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

0
475

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության  անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ:

 

http://armenpress.am/arm/news/972441/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here