2018-ին Հայաստանի Ռազմական Ծախսերը Աւելցած են 33 Տոկոսով

0
343

ԵՐԵՒԱՆ.- 2018-ին Հայաստանի ռազմական ծախսերը եղած են 609 միլիոն տոլար, որ 33 տոկոսով աւելի է, քան 2017-ի ծախսերը: Ըստ «Նիուզ»ի՝ այս մասին կը վկայեն Սթոքհոլմի խաղաղութեան հարցերու հետազօտութեան միջազգային հիմնարկին (Stockholm International Peace Research Institute (SIPRI)) տուեալները:

Զեկոյցին մէջ տեղեկութիւններ չկան Ատրպէյճանի եւ Վրաստանի մասին: Իսկ Հայաստանի հարեւան Իրանի ռազմական ծախսերը եղած են 13,2 միլիառ տոլար:

Զեկոյցին համաձայն՝ 2018-ին, Ռուսիոյ ռազմական ծախսերը կազմած են 61,4 միլիառ տոլար, ինչ որ SIPRI վարկանիշով, ըստ ռազմական ծախսերու չափի, անիկա վեցերորդն է: 2017-ի հետ համեմատած՝ Ռուսիոյ ռազմական ծախսերը 3,5 տոկոսով կրճատուած են:

2018-ին, Թուրքիոյ ռազմական ծախսերը աճած են 24 տոկոսով՝ մինչեւ 19,0 միլիառ տոլար, որ տարեկան ամենաբարձր տոկոսային աճն է աշխարհի 15 մեծ ռազմական ծախսեր ունեցող երկիրներու շարքին:

Նոյն տարեշրջանին, ռազմական ծախսերու մեծ աճը ունեցած է Միացեալ Նահանգները (27,8 միլիառ տոլար), իսկ ամենամեծ կրճատումը՝ Սէուտական Արաբիան (-4,6 միլիառ տոլար):

Չինաստան, որ ռազմական ծախսերու մեծութեամբ աշխարհի մէջ երկրորդ երկիրն է, 2018ին իր ռազմական ծախսերը աւելցուցած է 5 տոկոսով՝ մինչեւ 250 միլիառ տոլար: Չինաստան ռազմական ծախսերու աճ կ՛արձանագրէ 24րդ տարին ըլլալով:

Ընդհանուր առմամբ, 2018-ին, ռազմական ծախսերը աճած են մինչեւ 1,8 եռիլիոն տոլար, որ 2,6 տոկոսով աւելի է, քան 2017-ին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here