«Գրքասեր» հասարակական կազմակերպությունը Ձեր տեղեկատվական աջակցության կարիքն ունի…

0
383

«Էրեբունի» հայկական անկախ լրատուի հարգելի խմբագրությո՛ւն, «Գրքասեր» ՀԿ աուդիոգրքերի առցանց անվճար գրադարանը խնդրում է Ձեզ աջակցել իր գործունեությունը տեղեկատվությամբ լուսաբանելու հարցում հանուն հանրային բարօրրության։

Շատ կարևոր է, որ http://grqaser.org անվճար կայքի մասին տեղեկացված լինեն ամբողջ Սփյուռքում։

Հարգելի՛ խմբագրություն, խնդրում ենք Ձեզ, ձևաչափի ձեր ընտրությամբ՝ թե՛ հայտարարություն, թե՛ տեսահոլովակ (կարող ենք տրամադրել), թե՛ կայքերում բաներ/banner (ըստ Ձեր առաջարկած չափսերի) զետեղելով և կամ այլ տարբերակով, ներկայացնել «Գրքասեր» ՀԿ աուդիոգրքերի առցանց անվճար գրադարանը հայ համայնքին։

Հավատացած ենք, որ Ձեր օգնությամբ մեր հայրենակիցները հնարավորություն կունենան անվճար օգտվել հայ (նաև արևմտահայ) և համաշխարհային գրականության հայերեն աուդիոգրքերի գրադարանից։

Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար։

«Գրքասեր»-ի մասին

«Գրքասեր» հասարակական կազմակերպությունը, որը համացանցում ներկայացված է http://grqaser.org կայքով և «Հայերեն աուդիոգրքեր/Armenian audiobooks» ֆեյսբուքյան էջով, 2015 թվականից նպատակադրվել և իրականացնում է հայ (նաև արևմտահայ) և համաշխարհային գրականության հայերեն աուդիոգրքերի անվճար առցանց գրադարանի ստեղծման աշխատանքներ։

Մեր կազմակերպության գաղափարախոսությունն ու նպատակն է հնարավորինս շատ հայերեն հրատարակված գրքեր աուդիոձևաչափով հասանելի դարձնել թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։

Մենք հավատում ենք, որ գրքերը լեզվի պահպանմանը, մարդու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստող անփոխարինելի միջոց են։

http://grqaser.org կայքի առցանց գրադարանում այժմ զետեղված են շուրջ 400 աուդիոգիրք, թվայնացված գրքեր, որոնք օգտատերը կարող է անվճար ունկնդրել կամ ներբեռնել տարբեր ձևաչափերով, նաև հնարավորություն է ընձեռված պատվիրել նախընտրած գրքի ձայնագրությունը։

«Գրքասեր»-ի աուդիոգրքերն առաջարկում են գիրք ընթերցելու միանգամայն նոր տարբերակ. hանգամանքների բերումով արտերկրում բնակվող բազմաթիվ մեր հայրենակիցներ դժվարանում են կարդալ ու գրել հայերեն, իսկ բանավոր խոսքն անհամեմատ հեշտ են ընկալում: Այդ պատճառով մեր աուդիոգրքերը նրանց համար հայ և արտասահմանյան գրականությունը հայերեն ունկնդրելու կարևոր միջոց են։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար «Գրքասեր»-ի աուդիոգրքերը եզակի հնարավորություն են՝ լսելու բոլոր այն գրքերը, որոնք ընթերցելու հնարավորություն, ցավոք, չունեն: Աուդիոգրքերը հասանելի են ցանկացած ժամանակ՝ ճամփորդելիս, այլ աշխատանք կատարելիս, հանգստի պահերին, բնակավայրը փոխելիս։

«Գրքասեր»-ը մշտական ակտիվ կապի մեջ է օգտատերերի հետ, աջակցում է նրանց, լսում խորհուրդներ և ստանում շնորհակալական խոսքեր նամակների և մեկնաբանությունների միջոցով։

Oրեցօր մեր նախաձեռնությունը վերելք է ապրում, գրանցում նորանոր հաջողություններ, ինչի վառ ապացույցը կայքի օգտատերերի տարեցտարի աճող թիվն է լայն աշխարհագրությամբ` օրական շուրջ 700 այցելու։

«Գրքասեր»-ի 2019թ. նախագծերի մասին

Այս տարի «Գրքասեր» հասարակական կազմակերպությունը օգտատերերին կներկայանա բազում հնարավորություններ ունեցող նոր կայքով։ Ընդհանուր նպատակները և առաջադրանքները նույնն են. որքան հնարավոր է շատ գիրք ձայնագրել, մշակել, զետեղել կայքում, որ հայերեն գրականությունն ունենա  անվճար հասանելի աուդիոտարբերակներ աշխարհի ցանկացած կետում։

Արդեն սկսել ենք նոր նախագիծ, որը կոչվում է «Լսաշար քնից առաջ»։ Յուրաքանչյուր երեկո նույն ժամին հայտնի գրական ստեղծագործությունը ներկայացվում է գլուխ առ գլուխ։

Երկու նախագիծ դեռ մշակման փուլում է.

  1. «Թարգմանում են երեխաները»։ Այս նախագիծը կհետաքրքրի նրանց, ովքեր

ցանկանում են երեխաների մեջ սեր արթնացնել գրքի, ընթերցանության նկատմամբ: Երեխաներն աշխատում են միաժամանակ մի քանի ոլորտում՝ թարգմանություն, ձայնագրություն և մոնտաժ։ Նրանց առաջարկվում է ցանկացած լեզվից հայերեն թարգմանել որևիցե կարճամետրաժ մուլտֆիլմ: Այնուհետև ծնողների օգնությամբ տեքստը խմբագրվում է, ձայնագրվում և մոնտաժվում մուլտֆիլմի բնօրինակի վրա: Լավագույն թարգմանություններն ու ձայնագրությունները տեղ են գտնում «Գրքասեր»-ի յութուբյան ալիքում (https://www.youtube.com/channel/UCrKi2A2fN2m5ebvmtFy-_rQ), որտեղ արդեն կան երեխաների կողմից հայերեն թարգմանված և ձայնագրված օտարալեզու մուլտֆիլմեր:

Այս նախագծի նպատակն է ոգևորել երեխաներին՝ իրենց կատարած կարևոր աշխատանքի արդյունքը համացանցում տեսնելով: Եվ իհարկե, աննկատ նրանք ժամանակի ընթացքում կկարողանան հարստացնել գրական հայերենի բառապաշարը, միտքն ավելի գրագետ ձևակերպել, ինչպես նաև ձեռք կբերեն թարգմանչական և տեխնիկական հմտություններ:

  1. «Ընթերցում են հայտնիները»։ Այս նախագծի նպատակն է հանրության կողմից ճանաչված և սիրված մարդկանց ձայնով ներկայացնել հայերեն աուդիոգրքեր։ Մեր կազմակերպությանն արդեն միացել է արվեստի տարբեր բնագավառների շուրջ 20 ներկայացուցիչ, որոնք սիրով համաձայնել են օգնել «Գրքասեր»-ի հայանպաստ գործունեությանը։ Հուսով ենք, որ այս տարի մեր հայտնիների կազմն ավելի կընդլայնվի։

«Գրքասեր» ՀԿ գաղափարն է լավագույն ընկերոջ և ուսուցչի՝ գրքի միջոցով անաղարտ պահել մեր մայրենին ամբողջ աշխարհում։ Մենք պարտավորված ենք զգում շարունակել և ավելի տարածել այդ գաղափարախոսությունը։

Հարգանքով՝

«Գրքասեր» հասարակական կազմակերպություն

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here