«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆԻ ՀԵՏ

0
1266

«Թուրքիան Վախենում Է Արդարադատութիւնից»

Վարեց՝ ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ

«Առաջին լրատուական»ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունուած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

«Նրանք տեսնում են գլոբալ (համաշխարհային-Խմբ.) խաղատախտակը եւ գիտեն, որ կորցնում են իրենց ուժն ու դիրքերը: Նրանք յուսահատութեան մէջ են, շախմատային (ճատրակի-Խմբ.) լեզուով ասած՝ «մատ»ի վիճակում են, որովհետեւ այդքան մեծ ջանքեր գործադրելով Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան մէջ՝ նրանք գիտեն, որ, միեւնոյն է, չեն կարող խոչընդոտել արդարադատութեան կայացմանը», նշեց Համբարեանը:

ՁԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄԱՐ

Ամերիկայի Հայ Դատի գրասենեակի ղեկավարն անդրադարձաւ նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեանը Ապրիլի 24ին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատասխանին: Էրդողանը լկտի եւ ցինիկ (շնական-Խմբ.) արտայայտութիւններ էր իրեն թոյլ տուել մէկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների մասին՝ ասելով, թէ «Արեւելեան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանութիւնը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»: Նիկոլ Փաշինեանը պատասխանել էր, որ Ապրիլի 24ին նման յայտարարութիւն անելը հայ ժողովրդի եւ ողջ մարդկութեան հանդէպ խորին վիրաւորանք է եւ ծայրայեղ ատելութեան խօսք անձամբ Էրդողանի կողմից:

Արամ Համբարեանը ողջունում է Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը Էրդողանի յայտարարութեանը. «Բոլոր հայերը՝ մեր հայրենիքում եւ ամբողջ աշխարհով մէկ, ընդհանուր պատասխանատուութիւն են կրում կոտրելու Թուրքիայի ժխտողականութիւնը՝ հաստատելով Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը եւ թոյլ չտալով Անկարային խոչընդոտել արդարադատութեանը այս յանցագործութեան համար: Այս համատեքստում մեզ համար միշտ ուրախալի է տեսնել ուժեղ ղեկավարութիւն Երեւանից: Մենք բոլորս էլ գիտենք, որ Ցեղասպանութիւնը անպատիժ թողնելու՝ Անկարայի ստեղծած նախադէպը սպառնալիք է Հայաստանին եւ բոլոր ազգերի անվտանգութեանը: Հետեւաբար, Ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարը աւելի շատ ապագային է վերաբերում, քան թէ անցեալին. ազգային անվտանգութեան մարտահրաւէրը շատ աւելի մեծ է, քան ազգային յիշատակը»:

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆԻՑ

 

Այս վերջին օրերին մէկ այլ ուշագրաւ իրադարձութիւն տեղի ունեցաւ՝ կապուած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդրի հետ:

Մամուլում տեղեկութիւն տարածուեց այն մասին, թէ իբր ԱՄՆում Սաուդեան Արաբիայի դեսպանը խոստացել է յայտնի կոնգրեսական Ադամ Շիֆին ֆինանսապէս աջակցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը վերաբերող բանաձեւի առաջխաղացմանը: Շուտով, սակայն, պարզուեց, որ տեղեկութիւնը կեղծ է: Ադամ Շիֆը յայտարարեց, որ իր անունից գործող կեղծ կայք է բացուել եւ իրականութեանը չհամապատասխանող հաղորդագրութիւն է տարածուել իր եւ Սաուդեան Արաբիայի դեսպանի հանդիպման մասին:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը այս դէպքը եւս դիտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան շրջանակներում:

Համբարեանը հետեւեալ կերպ է մեկնաբանում տարածուած ապատեղեկատուութիւնը. «Անկարայի դաշնակիցները կեղծ լուրեր են տարածում աւելի քան մէկ դար, ինչը յանցագործութիւնը թաքցնելու ամենախոշոր ու ամենաերկարատեւ դէպքն է համաշխարհային պատմութեան մէջ: Նրանք պայքարում են ճշմարտութեան դէմ, քանի որ վախենում են արդարադատութիւնից»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here