ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԳՈՒՆԱԶԱՐԴ ՄՈԼՈՐԱԿ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ

0
311

ԱԶԳ-Թղթակից

24 ապրիլի 2019-ին Վանաձորը եւ վանաձորցիները նշում էին Քաղաքացու Օր տոնը եւ բազում միջոցառումների մեջ առանձնացավ մի յուրօրինակ տոնակատարություն, որին երկար սպասել էին Տարոն-4 թաղամասի բնակիչները: Իր դռները բացեց վերանորոգված եւ կահավորված Կիպրոսի Մելգոնյան Կրթական Հաստատության երջանկահիշատակ արվեստի ուսուցիչ, հռչակավոր «Գոհար» համույթի գեղղեկ եւ դիրիժոր Սեպուհ Աբգարյանի անվան «Գունազարդ Մոլորակ» արվեստի դպրոցը: Բացմանը ներկա էին նորոգության նախաձեռնողներ տեր եւ տիկին Վարդգես եւ Ալիս Գուրույանները Լոս Անջելեսից, Լոռու մարզի ՌԱԿ ատենապետ, ՌԱԿ կենտրոնական վարչության եւ դիվանի անդամ Սեյրան Ղարիբյանըՙ տիկնոջՙ Նելլի Ղարիբյանի հետ, արվեստի տարբեր հաստատությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ եւ թաղամասի բնակիչներ:

Վանաձորն իր մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքն է եւ նույնպես տուժել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից: Քաղաքի բնակարանային ֆոնդը հիմնականում վերականգվեց արեւմտյան հատվածում` Տարոն-2 եւ Տարոն-4 նոր թաղամասերի կառուցմամբ: Թեեւ կառուցվեցին բնակելի շենքեր ու դպրոցներ, սակայն թաղամասը, ուր ապրում է շուրջ 10 հազար բնակիչ, զրկված էր մշակութային օջախներից ու կենտրոններից եւ երեխաների էսթետիկական դաստիարակության հարցն օրախնդիր էր:

Եթե մինչեւ արվեստի դպրոցի վերանորոգումն ու կահավորումը դպրոց էին հաճախում 15 երեխա, ապա հանդիսության պահին արդեն 63 երեխաների ծնողներ դիմել էինՙ դպրոց հաճախելու խնդրանքով:

Երբ հինգ տարի առաջ սփյուռքահայ մանկավարժ, քաղաքական եւ հասարակական գործիչ Վարդգես Գուրույանն իր հերթական այցը կատարեց Վանաձոր, նրան հրավիրեցին Տարոն-4 թաղամասի մի բնակարանում գործող փոքրիկ արվեստի կենտրոն: Արվեստի դպրոցի բացման հանդիսությանը ներկա հյուրերին, աշակերտներին եւ ծնողներին նա պատմեց, թե ինչպես ծնվեց արվեստի կենտրոն ստեղծելու գաղափարը եւ ինչպես այն իրականություն դարձավ. «Մենք մեծ բարերարներ չենք, ես դպրոցի տնօրեն եղած եմ, տիկինս ալ ուսուցիչ եղած է, բայց ինչ որ կրնանք ընել մարդոց, փորձած ենք ընել: Երբեմն հաջողած ենք, երբեմնՙ ոչ: Այս անգամ, կարծեմ, քիչ մը հաջողած ենք: Առաջին անգամ եկա եւ տեսա, որ դպրոցի պայմանները հոս ահավոր էին, որոշեցի քիչ մը բարելավել: Երբ վերադարձա Ամերիկա, Մելգոնյան կրթական հաստատութենէն շրջանավարտ բարեկամներուս հետ խոսեցա եւ համաձայն գտնվեցանք, որ գումար հավաքենք եւ այս դպրոցը նորոգենք: Գլխավոր նվիրատուն եղավ բժիշկ Պերճ Գալեմքերյանը, եւ որոշեցինք դպրոցն անվանակոչել Սեպուհ Աբգարյանի անունով: Սեպուհ Աբգարյանը երաժշտության եւ նկարչության մեր ուսուցիչը եղած է: Ես արվեստի եւ գեղեցկության հանդեպ որքան սեր եւ հարգանք ունիմ, զայն կպարտիմ Սեպուհ Աբգարյանին»:

Ելույթ ունեցավ նաեւ Վանաձորի քաղաքապետարանի հանրային կապերի, լրատվության եւ արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը :

Շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաեւ մշակույթի տարբեր գործիչներ: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց տեր եւ տիկին Գուրույաններին: Հյուրերը շրջեցին արվեստի դպրոցում, ծանոթացան պայմաններին եւ աշակերտների աշխատանքներին: Դպրոցի ներսում , անմիջապես մուտքի դիմաց գնահատանքի եւ երախտագիտության ցուցանակներ են կախված բարերարների անուններով, նպատակ ունենալով աշակերտների հիշողության մեջ պահել այն անհատներին, ովքեր իրենց օգնության ձեռքը մեկնեցին նման ծրագրի իրականացման համար:

Սակայն միայն դպրոցի վերանորոգմամբ չի ավարտվում բարերարների գործըՙ դպրոցի սաները պարբերաբար ստանում են գրենական եւ նկարչական պարագաներ, սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվում է որոշակի օգնություն:

Դպրոցի տնօրեն, ժողովրդական վարպետ Օվսաննա Թադեւոսյանը մեծ սիրով եւ պատասխանատվությամբ հանձառել է երեխաների գեղագիտական զարգացվածության, գեղեցիկի ընկալման եւ ինչու չէՙ արվեստի լեզվով աշխարհընկալման դժվարին գործը: Հաջողություն ենք մաղթում նրան եւ իր սաներին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here