«Արեւանա՛լ, Երկինքոտվե՛լ»

0
1600

Մօտաւորապէս մէկ տարի առաջ էր երբ գրքի մասին տեղեկացանք, խորագրին հետաքրքրութիւնը մղեց մեզի ծանօթանանք գրութեան եւ հեղինակին: 2018 –ի Մայիսի 6-ին, Կանթեղին Ժուլիէթ Պետրոսեանը, որ այդ օրերուն կը բնակէր Պոլիսի մէջ: Ներկայ դարուս հաղորդակցութեան կապերը օգնեցին մեզի որպէսզի յարատեւ կապի մէջ մնանք եւ մտերմանանք: Կարճ ժամանակի մէջ շրջանցած էինք արգելքները եւ Ժուլիէթը մեզի տրամադրած էր իր գիրքը որպէսզի կարենանք պարբերաբար հրապարակել Կանթեղի էջերուն մէջ:

 

Հեռաձայնային կապերը միշտ իրենց դրական ազդեցութիւնը ունեցած են մարդկային փոխ յարաբերական կապերը ամրապնդելու եւ հաստատուն պահելու մէջ:

Մեր մտերմութիւնը այլեւս անսահման էր եւ անչափ հարազատ, մենք ալ ուրախացանք երբ տեղեկացանք թէ Ժուլիէթը Ապրիլ ամսուայ աւարտին 2019 ի, վերջնականապէս կը տեղափոխուի Հայաստան:

Հասած օրէն երկրպագուները եւ գրչի ընկերները կ՛աշխատէին առանցին չի ձգել եւ իր խօսակցութեան ընդմէջէն զգալի էր ուրախութիւնը, հաստատուելով Հայրենի հողին վրայ:

 

Այս ուրախ տրամադրութեամբ վերանորոգուած Ժուլիէթին ուզեցինք մենք ալ բաժնեկից ըլլալ եւ կապ հաստատեցինք յատուկ հարցազրոյցի նպատակով իրեն հետ:

Այսու կը ներկայացնենք Ձեզի Կանթեղի հարցազրոյցը՝

ԺՈՒԼԻԷԹ ՊԵՏՐՈՍԵԱՆԻՆ հետ.

 

 

**

 

 

Հ-1:

Ո՞Վ Է ԺՈւԼԻԷԹ Պետրոսեանը.

Պ-1:

Կին, որը առանց բանաստեղծություն գրելու էլ քայլող բանաստեղծություն էր։ Կյանքի կոշտ ձեռքերի մեջ բառեր էի ցանում ու սպասում արձագանքի։ Ժամանակի շրջանակից կախում էի հավերժության հյուսքը, որ մոլորվածի համար ելք դառնար տողը։ Ե՞ս եմ Բառի մեջ, թե՞ Բառն իմ մեջ…

 

Հ-2:

Ի՞նչն էր այն մղիչ ուժը որ Ձեզի ստիպեց մուտք գործէք գրական աշխարհը եւ սկզբնական շրջանին, ի՞նչ էին Ձեզի հետաքրքրող գրութիւններուն թեմաները.

Պ-2:

Գրել սկսել եմ փոքրուց ու ինքս էլ որոշել, որ ավելի լավ է չգրել։ Հետագայում, երբ Հայաստանից շատ հեռու էի, կյանքիս դատարկությունը լցվեց Մուսաներով։ Ոչ թե ես գրականությունը ընտրեցի, այլ գրականությունը` ինձ։ Օտար երկրի լռության ժխորը խթանեց, որ գրիչի հետ ընկերանամ։ Իմ գրականության հենքը Աստված, մարդ, տիեզերք հարաբերությունն է։ 

 

Հ-3:

Ի՞նչն էր այն մղիչ ուժը որ Ձեզի տարաւ դէպի հոգեկան աշխարհի ոսկեանոսին մէջ լողալու  եւ թափանցելու.

Պ-3:

Երբ տիեզերքը տեր ու տնորեն է դառնում հոգուս մեջ, էջի վրա “թեթևանալը”  անխուսափելի է։

  

Հ-4:

Ձեր համամարդկային մտածելակերպը հորիզոնները լայն բացաւ պեղելու մարդոց եւ բնութեան աշխարհը, ստեղծելով իւրայատուկ կապ մը Ստեղծագործողին եւ մարդ արարածին.

Պ-4:

Բնությունն ու մարդը գաղտնագիր են, որոնց ամբողջովին  հասկանալը տրված է միայն Աստծուն։ Պոետը լոկ թարգմանն է այդ խորհրդի։ Մարդը հենց քայլող տիեզերք է ու ամեն սերնդի Պոետ բացահայտում է իր ժամանակի մարդուն ու նրան ուղեկցում դեպի հավերժություն։

 

Հ-5:

Եթէ Չորրորդ հարցումին բացայայտեցիք Ձեր ստեղծագործական աշխարհի բնոյթը, իսկ ընդհանրապէս երբ գրիչը կ՛առնէք առաջին անգամ ի՞նչի մասին կը մտածէք, որ մէկ պատկերը տեսանելի կ՛ըլլայ որուն ընդմէջէն կը փոխադրուիք ստեղծագործական մթնոլորտ.

Պ-5:

Երբեք հայտնի չի, թե առաջին բառը ինչպե՞ս ու ե՞րբ կծնվի։ Ապրած֊ չապրածդ խմորվում են հոգուդ մեջ ու փոխանցվում էջին։

 

Հ-6:

Ժուլիէթին կապը Արեւին, ամպերուն եւ բնութեան հետ, ի՞նչ կ՛ըսեն անոնք Ձեզի եւ ինչ կ՛իմաստաւորեն Ձեր հոգեկան ապրումներուն, մանաւանդ որ նկատելի է Ձեր իւրայատուկ ՍԷՐԸ բնութեան նկատմամբ յատկապէս Արեւին.

Պ-6:

Երկրից երկինք նայող պատուհաններ կան, որոնք ամենուր ու ամեն անգամ բաց չեն։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այդ պատուհանների վրա իմ մատնահետքն էլ կա։ Ի հեճուկս կյանքի տված խավարին, ավելի ձգտեցի դեպի Լույսը։ Պոետը չի ենթարկվում երկրի ձգողականության ուժին։ Պտտվում է սիրո առանցքի շուրջ…

 

Հ-7:

Նկատելի է Ձեր գրութիւններուն մէջ՝ Աստուածաշունչի եւ անոր եւ պատուէրներուն ազդեցութիւնը, մղելով Ձեզի գրէք բարոյական դաստիարակութեան մասին: Պատճառը ի՞նչ էր այս ուղղութեամբ ստեղծագործութիւններուն.

Պ-7:

Ինձ համար գրքերի գիրքը Աստվածաշունչն է ու ինչքան էլ սնվեմ, չեմ հագենում, չի սպառվում…

 

Հ-8:

Հիմա երբ որոշեցիք վերջնականապէս հաստատուիլ հայրենիքի մէջ եւ շարունակել Ձեր ստեղծագործական աշխատանքը, ինչպիսի ծրագիրներ ունիք Ձեր մտքին մէջ իբրեւ իրագործուելիք թեմաներ.

Պ-8:

Ի՜նչ ծրագրերի մասին է խոսքը, եթե մի տարի առաջ 300 օրինակով տպագրված գրքերս չեն սպառվում, այն էլ մշակութային հարուստ անցյալ ունեցող ազգի կողմից։ Դեռ արխիվս սպասում է հրատարակչության ու մեկենասի։

 

Հ-9:

Ի՞նչ են Ձեր զգացումները այս օրերուս երբ Հայրենիքի Արեւով կը ջերմանաք եւ կը զգաք անոր շողերուն ազդեցութիւնը.

Պ-9:

Ոչ միայն ես, այլև հայրենիքի արևը մեր հավաքական ջերմության կարիքն ունի։

 

 

 

ԱԲԻԿ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՆՏԻԼԵԱՆ

Գանատա. 20. Մայիս 2019

 

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here