Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է 2018-2019 ուս տարվա փակման արարողությունը

0
1168

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հուլիսի 3-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջից, ըստ որի, 2018-2019 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 82 ուսանող, հաստատությունում դասավանդել է 59 դասախոս: Այս տարի ճեմարանն ավարտել է 16 սան:

Միջոցառումն ամփոփվել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։  «Ճեմարանական յուրաքանչյուր ուսումնական շրջանի արդյունավորումը կարևոր ձեռքբերում է հոգևորականների պատրաստության գործում և գնահատելի գովարժան նպաստ հավատավոր մեր ժողովրդին տերունապատվեր ծառայություն մատուցելու առաքելությանը: …Մեզ համար հոգևորականների պատրաստության գործում առաջնային են ոչ միայն ճեմարանի տված հարուստ գիտելիքները, փորձառու և հմուտ դասախոսների միջոցով մատուցված իմացությունը, այլև դրա հետ մեկտեղ հոգևոր դաստիարակությունը և հոգևոր կերպարի կերտումը: Հոգևոր ասպարեզում արժանավորությամբ սպասավորելու, աստվածային շնորհները հավատացյալներին բաշխելու և մարդկանց համար Քրիստոսանման օրինակ լինելու առաքելության մեջ անօգուտ կլինի իմացության լույսը, եթե չկա հավատքի լույսը, եթե չկա հավատի ապրումը, աղոթքի ոգին ու ջերմեռանդությունը, Աստծո հետ մշտական հաղորդակցության, աստվածային ներկայության բարի զգացումը»,- նշել է Վեհափառ Հայրապետը՝ հաստատելով, որ հոգևորականների համար իրենց կյանքով ու գործով ուղենիշ են Սուրբ Եկեղեցու հայրերը, եկեղեցական մեծանուն հեղինակները, ովքեր հմուտ էին բնական գիտությունների, լեզուների իմացության, փիլիսոփայության, քերականության, պատմության և գիտելյաց այլ բնագավառներում:

Նորին Սրբությունը նկատել է, որ նրանց մեծությունը կայանում է նրանց կարողությունները հոգևորով պայծառացնելու, աղոթքներով զարդարելու, մարդկանց հոգիները շահելու, հավատացյալներին դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդելու նախանձախնդիր սպասավորության մեջ:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության մեջ ներգրավված են բարձրակարգ, ճանաչված, ծառայանվեր դասախոսներ, որոնք նաև ազգասեր և եկեղեցասեր, բարեպաշտ անձեր են և իրենց վարքով ու հավատավոր ոգով են ձևավորում, դարբնում ապագա եկեղեցականներին՝ կարևորելով նաև հոգևորական դասախոսների դերը ճեմարանականների կրթության և հոգեկերտման գործում: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ճեմարանի տեսչին, տեսչական ու դասախոսական կազմին՝ հորդորելով նույն նվիրումով, աննվազ նախանձախնդրությամբ շարունակել ամենայն ջանք ու եռանդ ներդնել եկեղեցականների պատրաստության շնորհակալ առաքելության մեջ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ճեմարանի սաներին, մասնավորապես ասել է. «Սիրելի սաներ, շրջանավարտներ, հայրական սիրով ձեզ ևս բերում ենք Մեր հորդորը, որ միշտ նախանձախնդիր լինեք ուսումնառության մեջ, շարունակաբար զարգացնեք ձեր հոգևոր փորձառությունը, ըմպեք այն առատ աղբյուրից, որ բխեցնում են մեր Սուրբ Եկեղեցու երանելի հայրերը իրենց աշխատություններով, Սուրբ Գրքի ուսուցումներով, բարի ու շահավետ պատգամներով: Մեր շատ գյուղեր ու քաղաքներ, հայաստանյան և աշխարհասփյուռ ծուխեր, թեմեր հոգևորականների կարիքն ունեն և փափագով ձեզ են սպասում, որպեսզի դուք, ստանձնելով Քրիստոսի առաքյալը լինելու հանձնառությունը, Ավետարանի լույսը, Տիրոջ կենարար վարդապետությունը, մեր Սուրբ Եկեղեցու սերն ու հոգածությունը տարածեք մեր ժողովրդի մեջ, լինեք Աստծո արժանավոր մշակներ: Մեր ժամանակների բազում նոր մարտահրավերների առջև անհրաժեշտ է, որպեսզի դուք, աստվածաշնչյան իմաստունի պատգամի համաձայն, սիրեք իմաստությունը և հաճույք գտնեք գիտության մեջ, լինեք կորովի ու բանիմաց անձեր՝ տերունապատվեր սպասավորության ճանապարհին ձեր կարողությունները ծառայեցնելու մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու առաջընթացի համար»:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի Երկնավոր Տերն Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ամենքին և նորանոր ձեռքբերումներով բարեզարդի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաքելությունը՝ ի փառս Աստծու, ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
http://armenpress.am/arm/news/980673/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here