«Մայրական Երախտագիտութիւն» Մետալ` Արցախով Շնչող «Ազդակ»-ի Խմբագրին

0
273

«ԵՐԿԻՐ»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առաջնային տպագիր, էլեկտրօնային մամուլի առաջին դէմքերն էին, առիթ ունեցան լինելու նաեւ ՀՅԴ-ի` Պէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրութիւնում եւ խմբագիր Շահան Գանտահարեանին յանձնելու Արցախի «Մայրութիւն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտութիւն» յուշամետալը: Այն յանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայէլ Հաջեանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դէմս Գանտահարեանի, մշտապէս սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թէ՛ պատերազմի ժամանակ, թէ՛ յետպատերազմական տարիներին, թէ՛ վերականգման ու վերակառուցման շրջանում եւ թէ՛ այսօր:

«Մայրութիւն» կազմակերպութիւնն Արցախեան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծուել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժէք է ձեռք բերել, որովհետեւ ուշադրութեան կենտրոնում է պահում բոլոր այն հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարաւորութիւնների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրութիւնը» նոյնպէս Հայոց բանակի ու զինուորների կողքին է: Կազմակերպութեան խմբերը մշտապէս առաջին դիրք են մեկնում` ցոյց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հաւատում են զաւակների, հայրենիքի պաշտպանութեանը զինուորագրուած տղաների արիութեանը, խիզախութեանը»,- իր խօսքում ասաց Հաջեանը:

Նա նաեւ մի դրուագ պատմեց, թէ ինչպէս է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարեանին: «Անցեալ տարի մենք պէտք է որդուս (Ապրիլեան քառօրեայի նահատակ Նորայր Հաջեան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք: Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մօտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանօթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դէմքը ծանօթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչութիւն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպէ՞ս. Սիրիայի դէպքերի հետ կապուած, երբ Շահանը գրեթէ ամէն օր հանդէս էր գալիս հեռուստատեսութեամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թէ ինչպէս է սիրիահայութեան վիճակը»,- պատմեց Միքայէլ Հաջեանը` փոխանցելով Շահան Գանտահարեանին Յասմիկ Միքայէլեանի ղեկավարած «Մայրութիւն» ՀԿ-ի յուշամետալը:

Նա կարեւորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակութիւնը ո՛չ միայն Սփիւռքի, այլ նաեւ ամբողջ հայութեան համար: Ասաց` երբ խօսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցութեան մասին, ապա Շահան Գանտահարեանն այդ համագործակցութեան կարեւոր ուղենիշներից մէկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապէս Արցախով է շնչում, ու եթէ բացենք ,ազդակե-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կայ Արցախին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here