Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

0
1009

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրում  հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագհահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:

«Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք,– ասել է նախագահը:– Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչև տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,– ասել է նախագահը: – Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»:

Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարևոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, և մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»:Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը և առաքելությունը:

Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:

Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է.«Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաև ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլև՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:

http://armenpress.am/arm/news/981417/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here