ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՏԱՒՈԻՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
645

«Եթէ Չճանաչենք Հայրենիքի Տարբեր Շրջանները, Ինչպէ՞ս Կարող Ենք Ստանձնել Հայաստանը Զօրացնելու Պատասխանատուութիւն»

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սրբասան հայր, ստանձնելով Տաւուշի թեմի առաջնորդի պարտականութիւնները, դուք լիովին ներգրաւուել էք նաեւ մարզի բազմակողմանի զարգացման գործում: Տաւուշն ի՞նչ մարտահրաւէրների առաջ է այսօր կանգնած:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- 2015թ.ին,  Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ նշանակուեցի Տաւուշի թեմի առաջնորդ եւ կոչուեցի ծառայութեան՝ բացառիկ վայրում, բացառիկ մարդկանց մէջ, բացառիկ տարածաշրջանում իր բոլոր առանձնայատկութիւններով: Տաւուշը մենք չեն կոչում մարզ, այլ՝ անուանում ենք հայոց աշխարհ, եւ ցաւով պէտք է նշեմ, որ մեր ժողովուրդը՝ Հայաստանում եւ Սփիւռքում շատ տեղեկութիւններ չունի մեր շրջանի մասին եւ անհրաժեշտ է հետաքրքրութիւն արթնացնել:

Տաւուշը սահմանապահ մարզ է, որ 300 կմ. սահման ունի Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է 23 սահմանային գիւղի մեր բնակիչներն ապրում են հակառակորդի դիրքերից 400-500 մետր հեռաւորութեան վրայ, եւ մշտապէս գտնւում են գնդակոծման սպառնալիքի ներքոյ: Մեր զինուորն ու բնակիչը թիկունք թիկունքի են՝ խրամատն ու գիւղը միմեանց շատ մօտ են, եւ ադրբեջանական կողմից թիրախաւորուած են մեր դպրոցները, մանկապարտէզները, մշակները: Թէեւ վերջին երկու տարիներին համեմատաբար հանգիստ է, բայց այդ խաղաղութիւնը փխրուն է, պատրանքային, որովհետեւ ամէն պահի կարող են եւ գնդակոծում են, ինչպէս մի քանի ամիս առաջ Չինարի գիւղում՝ դպրոցի ճանապարհին կամ Մովսէս գիւղում‘ ֆուտբոլի խաղահրապարակին ուղղուած եւ այլ դէպքեր:

Տաւուշը կոչում ենք բացառիկ, որովհետեւ նշածս հանգամանքները երբեք չեն ազդել մեր կամքի ու տոկունութեան, ստեղծելու մեր մղումի վրայ: Տաւուշը կոչել ենք Տայոյս՝ յոյսի աշխարհ, յոյս տուող բոլոր առումներով՝ թէ՛ Վրաստանի հետ կեանքի ճանապարհով, թէ չքնաղ բնութեամբ, որի 40 տոկոսն անտառ ու լեռ է, թէ՛ յատկապէս մեր տաւուշցիներով: Ասում ենք, որ Հայաստանը հրաշալի է, Տաւուշը՝ բացառիկ, եւ մեր համար ապրելու եւ գործունէութեան կարեւորագոյն հիմքերն են՝ յոյսը, մեր բացառիկութիւնը, եւ ամէն ինչ պիտի անենք, որ Տայոյսի մասին մեր որդեգրած այս գաղափարն իրականութիւն դառնայ:

ԱՄՆում էի «Ինովէյթ Արմինիա» ձեռնարկին մասնակցելու, եւ խօսեցի Տաւուշի զարգացման  ռազմավարութեան, մեր պատկերացումների ու տեսլականի մասին տարբեր ոլորտներում: Անդրադարձայ մի խնդրի, այն, որ ալեգորիկ կերպով ասած, փոքրացնում ենք մեր երկրի սահմանները մեր իսկ ձեռքով՝ սահմանափակելով Դիլիջանով, Սեւանով Գիւմրիով, Տաթեւով, եւ արդիւնքում, չենք ճանաչում մեր հայրենիքի շատ անկիւններ, շատ վայրեր: Եթէ չճանաչենք մեր երկրի տարբեր շրջանները, չզգանք զարկերակը, ինչպէ՞ս կարող ենք ստանձնել հայրենիքը զօրացնելու պատասխանատուութիւն, արդիւնքում էլ՝ կը թուլանայ եւ կը մարի պատկանելիութեան գաղափարը: Եւ այդ պատճառով շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդն անդրադառնայ, թէ ինչ ունի, եթէ իհարկէ իր համար կարեւոր է:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տաւուշի թեմը, ի դէմս ձեզ, աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղութիւններով, հոգեւոր առաքելութեան հետ մէկտեղ՝ նաեւ մշակութային, սոցիալական: Ի՞նչ ծրագրեր են գործում առաջնորդարանի ներքոյ:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Մեր գործունէութիւնը բաժանել ենք երեք ճիւղի: Առաջինը՝ հոգեւոր կրթական գործունէութիւնն է, երկրորդը՝ մշակութային, երրորդը՝ սոցիալ-տնտեսական կամ աւելի ճիշդ՝ սոցիալական ձեռնարկատիրական: Սա ժամանակակից գաղափար է, ինչի միջոցով փորձում ենք մեր ժողովրդի պատուի եւ արժանապատուութեան հարցը բարձրացնել, որ բխում է մեր հոգեւոր գիտակցութիւնից: Պէտք է մասնակցութիւն ունենանք մարդկանց կեանքում, իրենց հետ միասին ներդնենք եւ զարգացնենք:

Տաւուշում ունենք 70 համայնք, եւ թեմի 12 հոգեւորականներից իւրաքանչիւրս ստանձնել ենք տասը համայնքի խնամք՝ փորձելով հնարաւորինս շատ ներգրաւուած լինել ժողովրդի կեանքում:

Մեր գործունէութիւնը ներառում է այցեր տներ, դպրոցներ, տարբեր հաստատութիւններ եւ խրամատներ՝ քաջալերելու զինուորներին:

Տաւուշի թեմի ամենակարեւոր նախաձեռնութիւնը՝ «մէկ համայնք, մէկ դպրոց» ծրագիրն է, որ ուղղուած է հոգեւոր կեանքի զարթօնքին: Այն գործում է կիրակնօրեայ դպրոցների մոդելով. ուսուցանւում են արուեստի տարբեր ճիւղեր, արհեստներ, եւ հոգեւոր կրթութիւն է մատուցւում: Տաւուշի 43 համայնքներում այսօր ունենք մէկ կիրակնօրեայ դպրոց, որտեղ 2000ից աւելի աշակերտ է յաճախում: Սա մեր գիւղերում յատկապէս, դարձել է կարեւոր սոցիալական, ժամանցային ծրագիր, որտեղ երեխաները ձեռք են բերում նոր հմտութիւններ, գիտելիք եւ  հոգեւոր դաստիարակութիւն են ստանում:

Դպրոցները հիմնականում ֆինանսաւորւում են սփիւռքահայ բարերարների կողմից, եւ ծախսերը ներառում են ուսուցիչների վարձատրութիւնը եւ ուխտագնացութիւնը: Ծրագրի մասին մանրամասների կարելի է ծանօթանալ եւ նուիրատուութիւն կատարել մեր կայքում  www.tahuys.am եւ «Ֆէյսբուք»ի էջում:

Թեմի առաջնորդարանում գործում են երկու սոցիալ-կրթական կենտրոններ, որոնք ուղղուած են յատկապէս խոցելի խաւի երեխաներին համար: Այստեղ գործում են նկարչութեան, գորգագործութեան, անգլերէնի, աստուածաշնչեան ուսումնասիրութեան խմբակներ, եւ ծնողական ակումբ:

Թեմը աջակցում է նաեւ ձեռնարկատիրական նախաձեռնութիւններին, որոնցից լաւագոյն օրինակ է կանանց մի խմբի կողմից ստեղծուած Թելիկ անունով կարի արտադրութիւնը, որ մեր հայկական զարդանախշերով սեղանի սփռոցներ, շապիկներ եւ այլ իրեր է ստեղծում, որոնք վաճառւում են նաեւ առցանց, ու գնորդներ ունենք տարբեր երկրներից: Այս ծրագրով, օրինակ, ստեղծուել է եկամտի աղբիւր տեղացի շուրջ 30 կանանց համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ընդունում ենք բարեգործութիւն, բայց ոչ օգնութիւն: Երբ մարդիկ փորձում են օգնութիւն տալը դարձնել ինքնադրսեւորուելու, ինքնաարտայայտուելու միջոց, եւ մարդկանց էլ կապել նիւթական արժէքներին՝ դա մեզ պէտք չէ: Ընդունում ենք բարեգործութիւն կատարել հոգեւոր, կրթական, մշակութային ճանապարհով, մասնակցութիւն մեր կեանքին՝ պատասխանատուութիւն ստանձնելով հայրենիքի, մարդկանց, միջավայրի նկատմամբ: Նիւթականը դա վերջն է, սկիզբը՝ սէրն է, կապուածութիւնը, ճանաչողութիւնը, որ մարդը տեսնի եւ զգայ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տաւուշը պատմականօրէն մեր հոգեւոր, կրթական, մշակութային  կենտրոններից է եղել: Ի՞նչ վիճակում են այսօր մեր հոգեւոր կենտրոնները:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Հոգեւոր դաշտում մեզ համար կարեւոր է նաեւ մեր վանքերի զարթօնքը: Հաղարծինի 9-13րդ դարերի վանական համալիրը, որ հիմնովին վերանորոգուեց 2012թ.ին Շարժայի կառավարիչ Շէյխ Մոհամմեդ Ալ Քասսիմի միջոցներով, այսօր որոշակի ուժ, արտադրութիւն ունի՝ ծառայութեան առումով: Հաղարծին վանական համալիրի տարածքում վերջերս գործարկեցինք մի նոր ծրագիր՝ «Վանատուն» հիւրատունը, որ նախատեսուած է հոգեւոր հանգստի համար եւ կը նպաստի զբօսաշրջութեան զարգացմանը տարածաշրջանում: Այն այցելուներին հնարաւորութիւն կը տայ մէկ շաբաթ ապրել վանական կեանքով՝ սնուել վանականի ուտեստներով, զբաղուել մեղուաբուծութեամբ, այգեգործութեամբ, մուրաբա, հաց ու գաթայ պատրաստել, այցելել հոգեւոր մշակութային կենտրոններ:

Ընդհանուր հայեցակարգային իմաստով, մտածում ենք, որ մեր վանքերը՝ Հաղարծինը, Գոշավանքը, Մակարավանքը, Վարագավանքը, որոնք ժամանակին խոշոր կենտրոններ են եղել, այսօր իրենց հոգեւոր բովանդակութիւնից բխած, նաեւ սոցիալական առումով ծառայեն մեր համայնքների զարգացմանը:

Գոշավանքն, օրինակ, որ մեր հոգեւոր մշակութային, կրթական գիտական կարեւորագոյն կենտրոններից մէկն է եղել, այսօր վատ վիճակում է: Մենք փորձում ենք վերականգնել երբեմնի ճանաչումն ու գործառոյթները՝ համալիր կառուցել, որ դառնայ մի կենտրոն, որտեղ համաժողովներ անցկացուեն, արհեստներ, արուեստներ ուսուցանուեն:

Հաղարծին վանքը վերանորոգուել է օտարազգի բարերարի կողմից, ինչի համար մենք երախտապարտ ենք, բայց ինչպէ՞ս ենք մեզ զգում այդ փաստից, ո՞ւր է մեր պատկանելիութեան զգացումը: Տաւուշի թեմն այսօր հնարաւորութիւն է ցանկանում ստեղծել՝ փաստելու, որ մենք հաւատում ենք մեր ժառանգութեանը, եւ պատրաստ ենք տէր կանգնել մեր ժառանգութեանը: Մենք ստացել ենք ժառանգութիւն, բայց չենք վաստակել, եւ որպէսզի վաստակենք՝ պէտք է կարողանանք այդ ժառանգութիւնը մեծացնել, զարգացնել, տարածել, իր էութիւնը վերականգնել:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տաւուշի մարզպետը վերջերս յայտարարեց հայրենադարձութեանն ուղղուած ծրագրի մասին: Ի՞նչ ընթացքում է այն:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Տաւուշի մարզպետի ղեկավարութեամբ մարզի զարգացման ռազմավարութիւն է մշակուել, որ յանգեցնելու է նոր արդիւնքների, նոր արժէքների: Կարեւոր ծրագրերից է «Վերադարձ»ը, որ ուղղուած է Տաւուշի ժողովրդագրական վիճակի փոփոխմանը՝ նախատեսւում է մարզ վերադարձնել հազարաւոր ընտանիքների: Այսօր աշխատանք է տարւում  գտնելու Տաւուշից հեռացած եւ մեր մարզում բնակուել ցանկացող մարդկանց, եւ նրանց վերադարձնել՝ ստեղծելով բնակուելու, աշխատելու, արժանապատիւ եկամուտ ունենալու հնարաւորութիւն: Եթէ մեր սփիւռքահայ հայրենակիցները ցանկանան աջակցել  ծրագրին, կարող են իրենց նիւթական միջոցներն ուղղել օրինակ՝ վերադարձող ընտանիքների համար աշխատանք ստեղծելու գործին: Սա հայրենադարձութեան կազմակերպման մի կոնկրետ (յստակ-Խմբ.) ծրագիր է:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տաւուշի հանրահռչակման ուղութեամբ ի՞նչ ծրագրեր են գործում:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Զբօսաշրջութեան զարգացման եւ Տաւուշի հանրահռչակման նպատակով մեր նախաձեռնութիւններից է ամէն տարի Օգոստոսին (այս տարի՝ 12-18ը)  անցկացուող «Հաղարծնի շաբաթ» փառատօնը: Վանական համալիրի տարածքում, անցկացւում են տարաբնոյթ ձեռնարկներ՝ ժողովրդական արուեստի տարբեր ճիւղերի բացօթեայ դասեր, աւանդական գաթայի եւ այլ քաղցրաւենիքների պատրաստման ցուցադրութիւն, ազգային պարերի ուսուցում, երգչախմբերը հանդէս են գալիս հոգեւոր երաժշտութեան համերգներով: Այս ձեռնարկին էլ նախորդում է Բերքի փառատօնը Շամշադինում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղե՞րձը՝ մեր ընթերցողին:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Մեր տարածաշրջանն ինքնին տօն է, թէ՛ չքնաղ բնութիւնը, թէ՛ հոգեւոր կենտրոնները, թէ՛ սնունդը, որ բացառիկ է, Ենոքավանքի բարձունքում «զիփլայն», «էքսթրիմ», «ագրօտուրիզմ», այցելութիւն խրամատներ: Մեր տեղը հեռու չէ, նրանք են հեռու, ովքեր այդպէս ասում են: Մեր ժողովուրդը պէտք է այցելի, ճանաչի, հասկանայ, թէ ինչ ունենք, ովքեր են ապրում մի շրջանում, որ չնայած սահմանային անհանգիստ իրավիճակին՝ մնում են հաւատարիմ իրենց հողին եւ ապրում ու ստեղծում են:

Մեր հայրենակիցներին դիմելով ուզում եմ ասել, որ այցելեն Տաւուշ, որտեղ սիրով սպասում ենք ձեզ: Ես ապրել եմ Սփիւռքում եւ գիտեմ, թէ որքան ջանք է պահանջւում հայրենիքից դուրս նոր սերունդների հայկական, քրիստոնէական նկարագիրը պահպանելու համար, եւ երեխաների հետ այցը հայրենիք էական ազդեցութիւն կը թողնի նրանց գիտակցութեան վրայ: Մեր նպատակներից այսօր պէտք է լինի հայակենտրոնութիւնից շեշտադրումը փոխել դէպի հայաստանակենտրոնութիւն:

 

Տեղեկանք.- Բագրատ եպիսկոպոս Գալստանեանն ուսանել է Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում: 2003թ.ին Կանադահայոց թեմի 20րդ պատգամաւորական ժողովում ընտրուել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ: Նոյն թուականին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի կողմից ձեռնադրուել է եպիսկոպոս:  2012թ.ին Մոնրէալի «Կոնկորդ» համալսարանում պաշտպանել է աստուածաբանութեան եւ կենսաբանական բարոյագիտութեան դոկտորական թէզ: 2013թ.ին արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբէթ Բ.ի ադամանդեայ յոբելեանի մեդալին: Հրատարակել է բազմաթիւ աստուածաբանական, հասարակական, քարոզախօսական եւ մշակութային յօդուածներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here